Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Էրդողանի հրավերով կայացած այցը վկայում է այն մասին, որ Թուրքիան շահագրգռված է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացն առաջ գնա: Ոչ մի էական առաջընթաց չարձանագրվեց, դա էլ վկայում է այն մասին, որ Թուրքիան շարունակում է այն դիրքորոշումը պահպանել, որը բազմիցս արտահայտել է հենց Էրդողանը, այսինքն՝ մինչև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիր չստորագրվի, Թուրքիան քայլ չի ձեռնարկի Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման առումով»,-Zarkerak.am-ի հետ զրույցում անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի Թուրքիա այցին՝ ասաց արևելագետ-թուրքագետ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Սաֆրաստյանը:
Սաֆրաստյանի խոսքով՝ Թուրքիան իր դիրքորոշումը չի փոխել և չի էլ փոխի, չնայած դրան՝ թուրքագետն ընդգծեց, որ եթե երկու երկրները, որոնք խնդիրներ ունեն, արդեն սկսում են իրար հետ քննարկել դրանք, նշանակում է՝ որոշակի առումով ընդհանուր մթնոլորտն ավելի բարենպաստ է հարաբերությունների կարգավորման առումով. «Հայ-թուրքական հարաբերությունները պետք է կարգավորվեն, ուղղակի Թուրքիան տասնյակ տարիների ընթացքում հրաժարվել է իր դիրքորոշումը փոխել, նախապայմաններ է առաջ քաշել և այլն: Պետք է ձգտել հարաբերությունները կարգավորել՝ չգնալով զիջումների թուրքական ճնշումների ներքո, բայց մյուս կողմից էլ այդ նպատակին հասնելու համար պետք է այցեր լինեն, երկխոսություն լինի, քննարկումներ լինեն»:
Ինչ վերաբերում է վարչապետ Փաշինյանի այն հայտարարությանը, թե պատրաստվում է Թուրքիայի նախագահին հրավիրել հաջորդ տարի Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին՝ Սաֆրաստյանն ասաց, որ այդտեղ ոչ մի արտառոց բան չկա, նորմալ երևույթ է, սակայն ըստ նրա՝ Էրդողանը չի գա:
Նիկոլ Փաշինյանը նաև նշել էր, որ «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կարող է լինել «Միջին միջանցք»-ի մաս: Մեր այն հարցին, թե արդյոք «Խաղաղության խաչմերուկ»-ն ընդունելի կլինի Թուրքիայի կողմից՝ Ռուբեն Սաֆրաստյանը նշեց. «Դա պետք է թուրքական կողմը որոշի, կարծում եմ՝ հիմա նրանք պետք է ուսումնասիրեն, պետք է կարողանան հասկանալ, որ եթե ապագայում այնպիսի հնարավորություն ստեղծվի, որ մեր տարածաշրջանում բոլոր կոմունիկացիաները՝ մասնավորապես նրանք, որոնք անցնում են Հայաստանի տարածքով՝ բաց լինեն, բայց լինեն որպես Հայաստանի ինքնիշխան տարածք, դա կարծում եմ՝ ոչ միայն Թուրքիայի, այլև ամբողջ տարածաշրջանի համար օգուտ կլինի: Դրա մասին դեռ վաղ է խոսել, որովհետև տարածաշրջանը դեռ չի մտել այդպիսի փուլ, որ նմանատիպ ծրագրերը կարողանան կյանքի կոչվել»:
Թուրքագետի կարծիքով, եթե մեր տարածաշրջանը սկսի հակամարտությունները հաղթահարելու փուլը, իսկ դա մեծապես կախված է նաև հայ-ադրբեջանական համաձայնագրի ստորագրումից, ապա հնարավորություններն ավելի մեծ կլինեն. «Այստեղ պետք է նաև Թուրքիան ու Ադրբեջանը հասկանան, որ իրենց համար ավելի ձեռնտու է ունենալ այսպիսի հնարավորություն, այլ ոչ թե ճնշել Հայաստանին ու հույս ունենալ, որ Հայաստանը կգնա զիջումների և կտրամադրի իրենց, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք»-ը: Ես համոզված եմ, որ Հայաստանն այդ հարցում զիջումների չի գնա: Ավելի նպատակահարմար է այս ծրագրի իրականացումը, դա բոլորի համար օգուտ կլինի: Պետք է քաղաքական առումով հասունություն ձևավորվի: Իրենք պետք է հասկանան, որ եթե ուզում են օգուտ ստանալ՝ պետք է այնպիսի տարբերակներ լինեն, որոնք կենթադրեն, որ Հայաստանը չի գնա զիջումների և այդ տարբերակներից մեկը, եթե սկսվի իրականացվել՝ «Խաղաղության խաչմերուկ»-ն է, Անկարայում և Բաքվում պետք է որոշումները ճիշտ ընդունվեն»:
Խոսելով նաև հայ-թուրքական ներկայիս հարաբերությունների մասին՝ մեր զրուցակիցն ընդգծեց. «Հարաբերությունները գնահատելու համար պետք է փաստերից ելնենք: Թուրքիան շարունակում է խոչընդոտել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը՝ առաջ քաշելով հայ-ադրբեջանական համաձայնագրի ստորագրման անհրաժեշտությունը: Սա Թուրքիայի՝ տասնամյակների ընթացքում որդեգրած նախապայմանների քաղաքականության նոր ձևակերպումն է: Երկրորդ՝ չնայած բոլոր այս խոչընդոտներին՝ տեսնում ենք, որ կողմերը չեն հրաժարվում, չեն ասում, որ այլևս չեն գնալու կարգավորման ճանապարհով, այսինքն՝ կարգավորման գործընթացը կենդանի է՝ բոլոր խոչընդոտներին հակառակ, որը հարուցում է Թուրքիան: Երրորդ եզրակացությունը՝ կարծում եմ, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը, որը վաղ թե ուշ պետք է լինի, կհանգեցնի, որ մեր տարածաշրջանում այդ խաղաղության գործընթացներն ավելի առաջ կգնան և դա կնպաստի, որ Հարավային Կովկասը՝ որպես տարածաշրջան, կսկսի ավելի լայնածավալ ինտեգրվել համաշխարհային տարբեր համակարգերի մեջ, իսկ դա այն գործընթացն է, որը ձեռնտու է բոլոր մեծ տերություններին»:


