Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Իրականում սահմանափակում արդեն կա․ մինչև 13 տարեկան երեխաները չեն կարող գրանցվել սոցիալական ցանցերում, սակայն այն հեշտությամբ շրջանցվում է՝ սխալ տարիք նշելով։ Այս մասին Zarkerak.am-ի հետ զրույցում ասաց մեդիափորցագետ Սամվել Մարտիրսանը՝ անդրադառնալով մինչև 16 տարեկան անձանց համար սոցիալական ցանցերի հասանելիությունը սահմանափակելու նախագծի քննարկումներին։
Նախաձեռնության նպատակն է պաշտպանել անչափահասներին առցանց վտանգներից։ Սամվել Մարտիրոսյանը նկատեց, որ աշխարհում արդեն ձևավորվել է նման սահմանափակումների միտում․ մոտ 20 երկիր քննարկում կամ կիրառում է մինչև 15–16 տարեկանների մուտքի արգելք սոցիալական ցանցեր։
Այն հարցին թե ինչ միջոցներ կարելի է կիրառել օրենքի պահանջները վերահսկելու համար Սամվել Մարտիրսանը պատասխանեց․«Սահմանափակումների կիրառման հիմնական խնդիրը տարիքային վերահսկողությունն է․ հնարավոր տարբերակներից են՝ վիդեոզանգով նույնականացում (արհեստական բանականության միջոցով), անձնագրային կամ այլ փաստաթղթային ստուգում։ Տեխնիկական և ֆինանսական լուրջ խնդիրներ կան․ հարթակները պետք է համագործակցեն պետության հետ, ինչը միշտ չէ, որ իրագործելի է»,-ասաց նա և նշեց, որ Հայաստանում նման օրենքի կիրառմանը դեռ պատրաստ չեն և հավանականությունը մեծ է, որ նախագիծը չի հաջողի։
Հոգեբան Աննա Բադալյանը նշեց, որ այդ տարիքը հոգեբանորեն ամենախոցելի և «թափանցիկ» փուլերից է, երբ երեխաները հեշտ են ազդվում արտաքին ազդակներից: «Սոցիալական ցանցերում գտնվող ագրեսիվ միջավայրը կարող է ձևավորել դեռահասների մտածողությունը և արժեհամակարգը»,- ասել է հոգեբանը:
Ըստ Աննա Բադալյանի՝ սոցիալական ցանցերը շատ դեպքերում դարձել են ինքնահաստատվելու հարթակ, որտեղ անչափահասը փորձում է ձևավորվել: «Չնայած կան նաև օգտակար հարթակներ (օրինակ՝ կրթական խմբեր, լեզվի ուսուցում), սակայն դրանք քիչ են և չեն գերակշռում ընդհանուրը։ Արգելքը կարող է լինել արդյունավետ, բայց միայն այն դեպքում, եթե իրականացվի շատ նուրբ և մասնագիտական մոտեցմամբ, հակառակ դեպքում կաշխատի «արգելված պտուղը քաղցր է» սկզբունքը։ Կարևոր է, որ սահմանափակումը երեխայի կողմից ընկալվի ոչ թե որպես արգելք, այլ որպես իր առօրյայի «մաքրում» վնասակար ազդեցություններից: Հոգեբանը կարծում է, որ այս գործընթացը պետք է իրականացվի հոգեբանների, մանկավարժների և ոլորտի մասնագետների ներգրավմամբ»,-ասաց նա։


