Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Ընտրությունների կեղծված լինելու մասով ընդդիմությունը մասամբ ճիշտ է, քանի որ իրենք ամեն կերպ փորձել են կեղծել ընտրությունները: Հակակոռուպցիոն կոմիտեի բացահայտումներից ակնհայտ է, թե ինչ մասշտաբի է եղել ընտրակաշառքը, թե ինչպես են այդ սրիկաները ՀՀ քաղաքացիների ճակատին փորձել գնապիտակ փակցնել ու ՀՀ քաղաքացին չի ծախվել, նա այդ ծախու արարածներին ասել է, որ ինքն իր հոգին ու իր քվեն չի վաճառում»,-լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:
Ալեքսանյանի խոսքով՝ այս պահի դրությամբ մեր օրենսդրությունը բավականաչափ հստակ չէ ու ընտրակաշառատու սրիկաները դեռ կարողանում են մանևրել. «Ընտրակաշառք բաժանելու մասով շատ լուրջ խստացումներ ենք նախատեսում ու քաղաքական դաշտի մաքրում ենք նախատեսում ընտրակաշառատու սրիկաներից: Իրենք մարդկանց հետ գործարքի են գնացել, մեկանգամյա է եղել դա, փողը վերցրել են, ընտրել են, հետագա ցույցերի մասով պայմանավորվածություն չի եղել: Այդ ուժերն իրենց ձայների բացարձակ մեծամասնությունը ստացել են ընտրակաշառքի բերումով: Եթե հանկարծ սխալվեն գան նոր ԱԺ, կարծում եմ՝ գնապիտակները պետք է հետ վերադառնան իրենց ճակատներին»:
Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանին երկրից հեռանալ թույլ չտալուն՝ Ալեքսանյանը նշեց. «Ռոբերտ Քոչարյանը երկար ժամանակ երազելու է, որպեսզի փախնի ՀՀ-ից ու չի կարողանալու: Եթե Քոչարյանը շատ է ուզում ինչ-որ տեղ մտնի, թող գա մտնի այս դահլիճ, խոստանում եմ՝ իր համար անմոռանալի նիստեր կլինեն: Իր տեղաշարժը պետք է սահմանափակվի 3-ը 6-ի վրա բանտախցով»:


