Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«2026 թվականի ընտրությունների արդյունքներով ՀՀ ժողովուրդը տեր կանգնեց խաղաղությանը, ինչը նշանակում է, որ մենք 2025 թվականը համարելով հեղափոխական կառավարման լավագույն տարին, կարող ենք արձանագրել, որ սրանից հետո ամեն տարին պետք է լինի հետհեղափոխական կառավարման լավագույն տարին»,-ԱԺ-ում 2025 թվականի պետական բյուջեի կատարման հաշվետվության քննարկմանն ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Փաշինյանի խոսքով՝ 2018 թվականից մինչև այսօր մեր տնտեսությունը 53 տոկոսով աճել է, մեկ անձի հաշվով ՀՆԱ-ն ավելի քան կրկնապատկվել է. «Առաջին անգամ ունենք ավելի բարձր միջին կենսաթոշակ, քան նվազագույն սպառողական զամբյուղն է: Եթե մենք 1000 դրամ թոշակ ենք բարձրացնում, մի թոշակառուի համար այդ 1000 դրամը շատ մեծ նշանակություն չունի, բայց պետական բյուջեի համար դա միլիարդների ծախս է, որովհետև մենք խոսում ենք 650 հազար մարդու մասին: Մեր հանձնառությունն է, որ 2028 թվականից սկսած կվերանայենք և առնվազն գնաճի չափով կինդեքսավորենք կենսաթոշակը»:
Անդրադառնալով 2025-ի այլ ցուցանիշներին՝ վարչապետն ասաց. «2025 թվականն առաջին օրացուցային տարին էր, որ Հայաստան-Ադրբեջան հակամարտության հետևանքով մենք ո՛չ զոհ ենք ունեցել, ո՛չ վիրավոր: ՀՀ-ից արտագաղթը դադարել է և սկսվել է ներգաղթ: 2025 թվականին ՀՀ վերադարձած քաղաքացիների թիվը 8860-ով գերազանցում է ՀՀ-ից մեկնած քաղաքացիների թվին: 2025 թվականը միանշանակ ու աներկբա պատմական տարի էր»:


