Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Ընտրությունները փայլուն էին, մաքուր, թափանցիկ և արդար, որևէ ընտրակեղծիքի մասին խոսք չի կարող լինել: Շնորհավորում եմ այն մարդկանց, ովքեր սատարում էին խաղաղությանը»,-Zarkerak.am-ի հետ զրույցում ասաց երգիչ Մհեր Արմենիան:
Նրա խոսքով՝ ընդդիմության կողմից ընտրությունների հետ կապված խոսույթը պարզապես պարտության ձայն է. «Այդպես էլ պետք է լիներ, բնականաբար իրենք պետք է ասեին, որ եղել են կեղծիքներ: Քանի որ իրենք ի սկզբանե հայտարարում էին փայլուն հաղթանակի մասին, հիմա հասկանում են, թե ինչ է տեղի ունեցել: Իրենք պետք է ուրախ լինեն, որ ընդհանրապես կան մարդիկ ՀՀ-ում, որ իրենց ձայն են տվել և հայտնվել են խորհրդարանում: Ընտրակեղծիքներ, կաշառքներ, ճնշումներ արել է ընդդիմությունը, հատկապես «Ուժեղ Հայաստան»-ը զբաղված էր փող բաժանելով, մարդկանց ներգրավելով նման գործընթացների մեջ, ասել են՝ գնացեք վերցրեք, մենք կգանք իշխանության, ձեզ բանտից կհանենք: Այս ընտրություններից հետո, երբ հայ ժողովուրդը տարավ հաղթանակ, շարունակել խոսել, որ ընտրությունները կեղծված են՝ աբսուրդ է»:
Անդրադառնալով այն քննարկումներին, որ ինքը սատարում է ՔՊ-ին, որովհետև հավակնում է պաշտոնի՝ երգիչը նշեց. «Քանի որ ժամանակին մարդիկ, որոնք սատարել են քաղաքական ուժերին, ակնկալել են ինչ-որ մի պաշտոն, ըստ իրենց՝ այդպես է նաև իմ պարագայում: Ինձ բացարձակ ո՛չ պաշտոն է առաջարկվել, ո՛չ էլ կա ցանկություն զբաղեցնել որևէ պաշտոն, դա պարզապես նորմալ մարդու պահելաձև է, երբ դու սատարում ես ինչ-որ քաղաքական ուժի՝ առանց ակնկալիքների: Մհեր Արմենիան պաշտոն չի ուզում, Մհեր Արմենիան խաղաղություն է ուզում, սա է իմ գլխավոր նպատակը, որի պատճառով էլ կանգնել ու սատարել եմ գործող իշխանությանը»:
Խոսելով ընկերների և շոու բիզնեսի գործընկերների կողմից հնչող քննադատությունների մասին՝ Մհեր Արմենիան ասաց. «Ինչպես թավշյա հեղափոխությունից հետո տարբեր տեսակի մարդիկ ցուցաբերեցին իրենց վերաբերմունքը, այդպես էլ հիմա շարունակվում է այդ գործընթացը: Այն ժամանակ, եթե ես դեմ էի իշխանությանը, դեմ էի հեղափոխությանը, հիմա կողմ եմ հեղափոխությանը, 2026 թվականին եղավ երկրորդ թավշյա հեղափոխությունը: Հիմա նրանք շատ վատ են զգում, որ ես սատարում եմ իշխանությանը՝ վարչապետի գլխավորությամբ: Էմոցիոնալ պոռթկումներ են, հուսով եմ նրանք դա թեթև կտանեն: Նրանց մեջ կան ընկերներ, շոու բիզնեսից գործընկերներ, մեկը լռում է, մյուսը՝ ոչ»:
Հարցին, թե արդյոք քաղաքական հայացքների պատճառով կան ընկերներ, որոնց հետ այլևս չի շփվում՝ երգիչը նշեց՝ այո. «Մի քանի օր առաջ 4 մարդու, ում հետ աշխատել եմ շոու բիզնեսում՝ բլոկավորել եմ՝ թե՛ սոցկայքերում, թե՛ իրական կյանքում շփման մեջ: Ինձ համար աբսուրդ է, թե ինչպես կարելի է քաղաքական հայացքների պատճառով ընկերություն կորցնել, չարություն ցուցաբերել, ես դա համարում եմ վատ երևույթ, սակայն դա յուրաքանչյուր մարդու ընտրությունն է»:


