Հայկական երկաթուղու հետ կապված հարցը շարունակում է օրակարգային մնալ։ Օրեր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ աշխատանքային խումբ է ստեղծվել «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերության կոնցեսիոն կառավարման արդյունավետության հետ կապված խնդիրները քննարկելու նպատակով։ Հաստատվել է աշխատանքային խմբի կազմը։
Հայկական երկաթուղին պետք է վերադարձնել Հայաստանի վերահսկողությանը։ Կրեմլի մենաշնորհը չի կարող խոչընդոտել մեր տնտեսական ապագային
Հայկական երկաթուղու կառավարումը ռուսական վերահսկողությունից դուրս բերելու հարցը վաղուց արդեն դուրս է եկել զուտ քաղաքական բանավեճի շրջանակներից։ Սա Հայաստանի տնտեսական ինքնիշխանության, տարածաշրջանային հաղորդակցությունների և ապագա զարգացման առանցքային հարցերից մեկն է։ Երկիրը կանգնած է պատմական հնարավորության առաջ, երբ կարող է վերածվել տարածաշրջանային կարևոր տարանցիկ հանգույցի, սակայն այդ հնարավորությունը լիարժեք օգտագործելու համար անհրաժեշտ է, որ սեփական ենթակառուցվածքների կառավարումը գտնվի Հայաստանի, այլ ոչ թե արտաքին կենտրոնների ձեռքում։
Հայաստանի երկաթուղային համակարգը 2008 թվականից կոնցեսիոն կառավարման է հանձնված «Ռուսական երկաթուղիներ» ընկերության դուստր կառույցին՝ «Հարավկովկասյան երկաթուղուն»։ Այս պայմանավորվածությունը տարիներ շարունակ ներկայացվել է որպես ենթակառուցվածքների զարգացման և ներդրումների ներգրավման հնարավորություն։ Սակայն աշխարհաքաղաքական իրողությունները փոխվել են, և այսօր Հայաստանը չի կարող իր ռազմավարական ենթակառուցվածքների ապագան դիտարկել նախկին տրամաբանությամբ։
Խնդիրն այն չէ, թե Ռուսաստանը Հայաստանի գործընկերն է, թե ոչ։ Խնդիրն այն է, որ Հայաստանի կենսական նշանակության ենթակառուցվածքի կառավարումը չպետք է կախված լինի մի պետության քաղաքական և տնտեսական առաջնահերթություններից։ Առավել ևս՝ այն պայմաններում, երբ տարածաշրջանում ձևավորվում են նոր հաղորդակցային նախագծեր, որոնցից Հայաստանը կարող է ստանալ լուրջ տնտեսական օգուտներ։
TRIPP նախագիծը, տարածաշրջանային ճանապարհների և երկաթուղային կապերի ապաշրջափակումը, Հայաստանի՝ դեպի արտաքին շուկաներ դուրս գալու նոր հնարավորությունները պահանջում են ճկուն, ինքնուրույն և ազգային շահերով առաջնորդվող կառավարման համակարգ։ Եթե Հայաստանը ցանկանում է դառնալ տարածաշրջանային հաղորդակցությունների կարևոր օղակ, ապա չի կարող իր երկաթուղու կառավարման հարցում մնալ արտաքին որոշումների ազդեցության տակ։
Ավելին՝ առաջիկա տարիներին երկաթուղին կարող է դառնալ Հայաստանի տնտեսական զարգացման կարևորագույն գործիքներից մեկը։ Այն կարող է ապահովել բեռնափոխադրումների աճ, նոր ներդրումներ, լոգիստիկ կենտրոնների զարգացում և հայկական արտադրանքի համար նոր շուկաների հասանելիություն։ Բայց այդ ամենի համար անհրաժեշտ է, որ երկաթուղային քաղաքականությունը մշակվի Երևանում՝ Հայաստանի տնտեսական և ռազմավարական շահերից ելնելով։
Այս համատեքստում առանձնահատուկ է նաև ընդդիմության դիրքորոշման հարցը։ Եթե քաղաքական ուժերը մշտապես խոսում են ինքնիշխանությունից, ապա պետք է պատասխանեն մի պարզ հարցի՝ ինչո՞ւ Հայաստանի ռազմավարական նշանակության երկաթուղին պետք է շարունակի կառավարվել ռուսական ընկերության կողմից։ Ինքնիշխանությունը չի կարող ընտրովի լինել․ այն պետք է տարածվի նաև տնտեսության և ենթակառուցվածքների վրա։
Հայաստանը չպետք է բաց թողնի պատմական հնարավորությունը՝ սեփական աշխարհագրական դիրքը վերածելու տնտեսական առավելության։ Իսկ դրա համար անհրաժեշտ է վերանայել այն պայմանավորվածությունները, որոնք սահմանափակում են մեր ինքնուրույն գործելու հնարավորությունները։
Հայկական երկաթուղին Հայաստանի տնտեսական ապագայի մասն է։ Այն չպետք է մնա Կրեմլի ազդեցության լծակներից մեկը։ Հայաստանի երկաթուղին պետք է ծառայի Հայաստանի շահերին։
Մկրտիչ Իսրայելյան
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։


