Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Եկեղեցու վերնախավը վիրավորված երեխայի կեցվածք է որդեգրել: Մայր Աթոռում ծառայող հոգևորականները տեղեկացնում են, որ Եկեղեցու փաստացի պետը բավականին նեղվել է, քանզի Հայաստանում գտնվող ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատվիրակությունը միայն Զվարթնոցի տաճարն է այցելել և չի գնացել Սբ. Էջմիածին»։ Այս մասին Zarkerak.am-ի հետ զրույցում ասաց աստվածաբան Հարություն Հարությունյանը՝ անդրադառնալով COP17-ին մասնակցելու նպատակով Հայաստանում գտնվող ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանի Զվարթնոց տաճար այցին և Մայր Աթոռի Թանգարանների և արխիվի տնօրեն Հայր Ասողիկ աբեղա Կարապետյանի իշխանությունների հասցեին այս առիթով հնչեցրած քննադատությանը։
Հիշեցնենք, որ Զվարթնոց տաճարը գրանցված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցուցակում։
«Կարծում եմ՝ Ասողիկ քահանան պարզապես հնչեցնում է Եկեղեցու փաստացի պետի նեղվածության ու կեղծ վիրավորվածության ձայնը։ Ըստ իս, ճիշտ կլինի, որ այդ անձը նախ իր կանոնական խնդիրների մասին մտածի և միայն դրանից հետո հարց տա իրեն, թե ի՞նչ պետք է տեսնի ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը Էջմիածնում: Այն նոր կաթողիկոսական «դամբարա՞նը», որը կառուցվել է գեներալ Ֆրանկոյի նեոնացիստական ոճով, որն իր իսկ վանական միաբանները «մետրոյի կայարան» են կոչում և որի տեղում առկա անտիկ շրջանի ու միջնադարյան հնեաբանական գտածոները գաղտագողի լիկվիդացվեցին։ Այն նոր «մկրտարա՞նը»՝ ճաքած ու սևացած պատերով։ Այն հեռուստացույցնե՞րը, որոնք կախված են հայ քրիստոնյաների սրբազնագույն կենտրոն համարվող Մայր Տաճարի ներսում։ Առհասարակ այն այլանդակված վանական համալի՞րը, որը շատ գողտրիկ ու կոկիկ տեսք էր ստացել Վազգեն Ա Ամենայն Հայոց Հայրապետի օրոք՝ իր համահունչ և իսկական սրբավայրի շունչ փոխանցող կառույցներով, որը ցավոք 2000-ականներից սկսյալ դարձավ հետարդիական (պոստմոդերն) վանդալիզմի ու անճաշակության բնօրրան։ Այն վեհարա՞նը, որը վերանորոգվել է «Տաշիր Սամոյի» միլիոններով և արժանացել նրա ու իր տիկնոջ գեղանկարի կամ ավելի ճիշտ՝ սրբապատկերի պահպանման ու երկրպագության վայրի։ Այն նոր միաբանական շե՞նքը, իր արտաքին պատերին փակցված պատմական խաչքարներով, որի տեղում ապամոտնաժվեցին մի քանի հին շինություններ՝ հին անցուղի կամ ջրատարներով՝ Մայր Տաճարից դեպի Ներսիսյան լիճ։ Այն նախկին հանրային զբոսայգինե՞րը Մայր Տաճարի և Սբ. Հռիփսիմե վանքի հարավարևմտյան հատվածներում, որոնք քսան տարուց ավելի է, ինչ Վաղարշապատի քաղաքապետարանի կողմից տրվել են Եկեղեցուն, սակայն խնամքից զուրկ ու լքված են մնացել մինչ այսօր: Ես ուղղակի չեմ հասկանում՝ ի՞նչ էր ուզում Կտրիճ Ներսիսյանը, ով սեփական անձի հետմահու պճնության համար տգեղագույն դամբարան է սարքել։ Ցանկանում էր կանչել իր մոտ այդ միջազգային հաստատության ներկայացուցիչներին ու կոնկրետ ո՞ր մասը ցույց տար՝ իր գործած վերոնշյալ ավերներից։ Ներողություն, բայց սա ես ցնդաբանություն եմ համարում այդ մարդու կողմից, որն իրեն դեռ Ս. Գրիգոր Լուսավորչի Աթոռի գահակալն է համարում, որովհետև այդ անձն այնպիսի տպավորություն է թողնում, կարծես թե գիտակցաբար ցանկանում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարձրաստիճան հյուրերի առջև խայտառակ լինել», - ասաց աստվածաբանը:
Հարությունյանը հիշեցրեց, որ ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի չափանիշների՝ որոշ հնավայրեր ամբողջովին չեն վերականգնվում, ինչպես օրինակ՝ Զվարթնոցի համալիրը կամ արդի տեխնոլոգիաներով չեն վերանորոգվում, ինչպես օրինակ՝ Հաղպատի և Սանահինի վանքերը, քանի որ դրանց վրա ժամանակակից շինարարական նյութերով կատարվող չափից ավելի փոփոխություններն ու միջամտությունները կարող են տվյալ պատմական կառույցներին զրկել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցուցակում ընդգրկվելուց կամ դրա մեջ մնալուց: Նույնը վերաբերում է նման հուշահամալիրների հարակից տարածքներում այլ տեսակ շինությունների հավելմանը, ինչպես օրինակ՝ վերջին տասնամյակներում չափից ավելի շատ ընդունված ռեստորանների, սրճարանների, հուշանվերների խանութների կամ հյուրանոցների կառուցումը:
«Ցավոք այսպիսի խայտառակ միջամտությունների պակաս չունենք մեր համատեքստում, որովհետև Եկեղեցու վերնախավի տրամաբանությամբ ինչն իրենց գումար է բերում, իրենք դա միանշանակ խրախուսում են։ Այսինքն՝ ողջ տարածքը «վերանորոգում» կամ ընդլայնում են ըստ արդիական «բիզնես պլանի»։ Սակայն դա ոչ թե տվյալ սրբավայրում հոգևոր մթնոլորտի պահպանմանն է ծառայում, այլ՝ իրենց եկամտաբեր ծրագրերի զարգացմանն ու նյութական ռեսուրսների աճեցմանը։ Այս նկատառումներով «խնամքի» տակ են առնվում հատկապես այն եկեղեցիներն ու վանքերը, որոնք իրենց այսպես ասած «բրենդավորումով» կարող են հասարակության լայն շերտեր գրավել և մեծ թվով զբոսաշրջիկներ բերել ու նրանց շնորհիվ՝ կլորիկ գումարների շրջադարձ ապահովել, ինչպես օրինակ՝ Գեղարդի, Տաթևի, Խոր Վիրապի կամ Սևանի վանական համալիրները, որտեղ զանգվածային կնունքներ ու պսակադրություններ են կատարվել: Հակառակ դրան, մնացած պատմական վանքերից ու եկեղեցիներից շատերին առհասարակ որևէ ուշադրություն չի դարձվում: Նույնիսկ Մայր Աթոռի վերնախավի մոտ կա այդպիսի բառապաշար. «մինուսով աշխատող Եկեղեցի» կամ «մեռելի վրա նստած տերտեր», ինչը նշանակում է, որ տվյալ շրջանի քահանան մի աննշան կամ հեռավոր վայրում է ծառայում, չունի մեծաքանակ ու հարուստ համայնք հարակից գյուղերում, այսինքն, նրա մոտ շատ քիչ են պսակադրություններն ու մկրտությունները և ստիպված սպասում է տարեց անդամների մահվան, որպեսզի կատարի նրանց թաղման արարողությունն ու գոնե դրանով մի փոքր դրամ վաստակի՝ իր ընտանիքը պահելու համար։ Մայր Աթոռը պետք է անշուշտ բոլոր թեմերին համապատասխան բյուջե տրամադրեր՝ համայնքային հովիվներին և սարկավագներին պատշաճ աշխատավարձ տալու համար: Մի բան, որը չգիտես ինչու Եկեղեցու փաստացի պետը չի ցանկանում անել՝ ի տարբերություն Սբ․ Էջմիածնի կաթողիկոսարանում կամ դիվանատանը ծառայող հոգևորականների, որոնք ամսական ոչ միայն շուրջ 0,5-1 միլիոն դրամ աշխատավարձ են ստանում, այլև շաբաթ-կիրակի օրերին արտոնված են ծիսակատարություններ անցկացնել Վաղարշապատի և Երևանի հայտնի ու մարդաշատ Եկեղեցիներում։ Դրա համար ներհոգևորական շրջանակներում նրանց «էլիտար» քահանաներ են կոչում, ինչը պարզապես խայտառակություն է», - ասաց Հարությունյանը:
Աստվածաբանը նշեց, որ Հայ Առաքելական Եկեղեցու փաստացի պետը նաև դիմում է պատմական որոշ խեղաթյուրումների, օրինակ բերելով Մայր Տաճարի Ավագ Խորանի ներքևի հատվածում գոյություն ունեցող հեթանոսական ատրուշանի մնացորդները, որը Սբ. Էջմիածնի տպարանում 2024 թվականին Ասողիկ Կարապետյանի ներածությամբ հրապարակած ալբոմում իբրև «ուշ հելլենական շրջանի թոնիր» է ներկայացված։

«Մենք 2003 թվականին Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի և Դանիել վարդապետ Ֆինդիկյանի հետ մեծ միջազգային գիտաժողով էինք կազմակերպել, որը նվիրված էր Մայր Տաճարի կառուցման 1700-ամյակին։ Բոլոր ներկա հետազոտողները ու հռչակավոր գիտնականները համաձայն էին, որ դա ատրուշանի մնացորդ է: Կարծում եմ՝ դրա մեջ ոչ մի ամոթալի բան չկա, վերջիվերջո պատմիչ Ագաթանգեղոսն է հիշատակել, որ Ս. Գրիգոր Լուսավորիչը հեթանոսական տաճարները քանդել ու դրանց փոխարեն քրիստոնեական սրբատեղիներ է հիմնել: Հիմա եթե համապատասխան մասնագետները պնդում են, որ այստեղ հեթանոսական պաշտամունքի վայր է եղել, բայց հետո կառուցվել է Մայր Տաճարը, ի՞նչ մի մեծ խնդիր կա այդ տեղեկության հետ կապված: Վերջիվերջո աստվածների սեփական պանթեոն ենք ունեցել, նախաքրիստոնեական ուրույն դիցաբանություն ենք ուսուցանել, ուրեմն ի՞նչ անընդունելի պրոբլեմ կա այս վայրում մեր ազգային հավատալիքների ժամանակագրական հերթականությունն անկեղծորեն ցույց տալու մեջ։ Կամ ինչո՞ւ պետք է երիտասարդ սերնդի գիտնականները և ուսանողները զրկված լինեն այդ վայրն այցելելու ու ինքնուրույն ուսումնասիրելու հնարավորությունից: Կարծում եմ, որ մենք իբրև Եկեղեցի պետք է հպարտ լինեինք նման դարավոր պատմության և մշակութային բազմաշերտ հարստության տեր լինելու պատճառով: Բայց ավաղ, այս մարդկանց տգիտությունն այնքան խորն է, որ իրենք որոշել են այդ հարստության հայտնի օրինակներից մեկը ոչ միայն այսուհետ ցույց չտալ հանրությանը, այլև, մեծ ծախսեր կատարելով, մի հաստափոր ալբոմ տպել նման խեղաթյուրումներով ու նվիրել օտարերկյա հյուրերին», - ասաց աստվածաբանը:
Նշելով, որ մամուլում առկա հրապարակումների համաձայն Մայր Տաճարի որոշ գանձեր գաղտնի վաճառվել են Լոնդոնի և Նյու Յորքի աճուրդներում, ինչի մասին չի արձագանքում Հայ Առաքելական Եկեղեցու վերնախավը՝ Հարությունյանը հարց բարձրացրեց, թե ինչո՞ւ առ այսօր չի հրապարակվել Մայր Աթոռում կամ առհասարակ մյուս նվիրապետական աթոռներում ու թեմերում գոյություն ունեցող գանձերի լիակատար և թարմացված ցուցակը կամ ինչո՞ւ Եկեղեցին չի կամենում այն տրամադրել գոնե Հայաստանի կառավարությանը՝ հատուկ պաշտպանություն ապահովելու համար:
«Կարծում եմ՝ Եկեղեցու այսօրվա փաստացի պետին դուր էր գալիս այսպիսի շիլաշփոթ ու անորոշ իրավիճակը, որովհետև տվյալ միջավայրում նա ինչ ուզեց կարողացավ անել: Դրա համար նրան այժմ զայրացնելու են այն հնարավոր կարգավորումները, որոնք ամրագրվելու են Ազգային ժողովի կողմից առաջիկայում մշակվելիք օրենքներով, քանի որ ամեն բան անցնելու է վերահսկողության տակ ու բացի այդ ամենայն հավանականությամբ դատական գործեր են հարուցվելու՝ սկսած կոռուպցիոն գործերի, արտաքին ազդեցության գործակալ լինելու, այսինքն՝ ԿԳԲ-ի և ՖՍԲ-ի կողմից անդամագրվելու մինչև գանձագողություն կատարելու համար: Իր և համախոհների այսօրվա ընդվզումը կապված է այս խնդրի հետ։ Ուստի Կտրիճ Ներսիսյանը վերջին ճիգերով փորձում է հավատարիմ ծառայակիցների միջոցով թոզ փչել թե՛ հայ ժողովրդի և թե՛ միջազգային հանրության աչքերին՝ կատարյալ անմեղսունակ ձևանալով։ Սակայն ոչ միայն ես, այլև շատ ու շատ գիտնականներ լուրջ և հիմնավոր կասկածներ ունենք, որ իսկապես ինչ-որ բաներ գողացվել ու օտարվել են, մասնավորապես՝ Երուսաղեմի պատրիարքարանում ու Ռումինիայի թեմում պահվող գանձերից, ձեռագրերից և մանրանկարներից, որովհետև սրանց մասին բարձրաձայնողները հենց այնտեղ ծառայող արժանապատիվ հոգևորականներն են եղել»,-ասաց Հարությունյան:
Պատասխանելով հարցին, թե արդյո՞ք Երուսաղեմի Հայոց պատրիարքարանին պատկանող հողերի առք ու վաճառքի պատմությունը ևս պետք է դիտարկել Եկեղեցու վերնախավի կամայական գործունեության համատեքստում՝ Հարությունյանը նշեց. «Իմ կարծիքով՝ Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը հենց սրա համար է իր կոշիկները փոխել ու այժմ ստանձնել Եկեղեցու փաստացի պետի անձնուրաց պաշտպանի դերը՝ չնայած որ նախկինում լուրջ անհամաձայնություններ ուներ վերջինիս հետ, ինչի մասին բարձրաձայնվել է անգամ բաց նամակով: Սակայն հիմա սատարում է Եկեղեցու փաստացի պետին, որովհետև Կտրիճ Ներսիսյանի օրինակով աշխարհիկ խնդիրների մեջ է խրված, ինչպես օրինակ՝ «Կովերի պարտեզ» կոչվող տարածքի օտարման հետ կապված, ուստի ծածկադմբոցի կամ հանրային ուշադրությունն ու մեղադրանքները շեղելու անբարոյական փորձ է արվում: Սա ես ասում եմ ուղղակի իր միաբանության վստահելի վարդապետներից փոխանցած տեղեկություններով։ Նրանք պնդում են, որ թե՛ պատրիարքը և թե՛ Եկեղեցու փաստացի պետն այդտեղ բաժին են ունեցել»:
Աստվածաբանը նաև նշեց, որ Մայր Աթոռից ստացված տեղեկությունների համաձայն մեծ գումարների դիմաց որոշ մեծահարուստների ու նրանց ազգականների թաղման կամ դիակիզված աճյունների վերահուղարկավորման համար տրամադրվում են տարածքներ, ինչպես օրինակ՝ դա արվել է վեհարանի բակում բարերար Ալեք Մանուկյանի ընտանիքի անդամների պարագայում կամ էլ Ս. Գայանե վանքի գերեզմանատանը՝ Քյուրքչյան եղբայների սափորների թաղման դեպքում:
«Մայր Աթոռի գլխավոր ճարտարապետներից մեկը ժամանակին ինձ անձնական զրույցում ասաց՝ վստահաբար ապագա սերունդները խստորեն դատապարտելու են այս ամենը և բարձր ձայնով ծիծաղելու այն փաստի վրա, որ ներկայիս կաթողիկոսին «Շինարար» մականունն է տրվել, որովհետև այն, ինչին որ մենք այօսր ականատես են լինում, ճարտարապետի խոսքերով, հետագայում պարզապես բարբարոսության գագաթնակետն է կոչվելու», - ամփոփեց Հարությունյանը։