Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Ռուսական երկաթուղիների նախագահը Հայաստան է ժամանել իմ առաջարկով ու իմ հրավերով: Ես հանդիպման իմ բացման խոսքում ասել եմ, որ մենք ի բնե խնդիր չունենք ռուսական կոնցեսիայի հետ, ուղղակի մեր խնդիրը նրանում է, որ մեր երկաթուղին պետք է լինի մրցունակ»: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով նախօրեին «Ռուսական երկաթուղիներ» ընկերության գլխավոր տնօրեն Օլեգ Բելոզյորովի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը տեղ գտած քննարկումներին:
Վարչապետն ընդգծեց, որ Հայաստանի երկաթուղիները մրցունակ դարձնելու նպատակին ուղղված վերլուծությունները ցույց են տվել, որ դրան հասնելու ճանապարհը կոնցեսիոն կառավարման ձևաչափը փոխելն է, այսինքն՝ երրորդ երկրներին պատվիրակելը:
«Սակայն, եթե Ռուսաստանի գործընկերները ասում են, որ իրենք գիտեն ինչպես լուծեն հարցը և իրենք կարող են լուծումներ առաջարկել, ես քննարկման ժամանակ ասել եմ՝ շատ լավ, եկեք ձևավորենք խումբ, որը եռամսյա ժամկետում կտա հարցերի պատասխանը, թե ինչպես է Հայաստանի երկաթուղին դառնալու մրցունակ, մանավանդ, որ զուգահեռ գործընթացներ են տեղի ունենում: Ռուսական կողմը ասում է, որ պատժամիջոցները դրան չեն խանգարում, մենք ասում ենք, որ խնդիր է դա»,-ասաց Փաշինյանը:
Նա նաև ընդգծեց, որ «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ղեկավարության հետ քննարկմանը ընդգծել է, որ Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեն Իջևան-Հրազդան երկաթուղու վերականգնումը, Ախուրիկում սռնանիվների փոխման կետի կառուցումը Լերմոնտովո-Ֆիալետովո հատվածը Վանաձոր-Գյումրի ճյուղին միացնելը:
Փաշինյանը ևս մեկ անգամ նշեց, որ երկաթուղու շուրջ բոլոր առաջացած խնդիրները Ռուսաստանի հետ պետք է լուծել բարեկամական մթնոլորտում:


