Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Գիտեմ, որ COP 17-ին Թուրքիայից նախարարական մակարդակով մասնակցություն լինելու է: Ադրբեջանի մասնակցության հաստատման վերաբերյալ ինձ տեղեկատվություն չի հասել այս պահի դրությամբ: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով COP 17-ին այս երկրների մասնակցության և միջոցառման կազմակերպման հետ կապված կոռուպցիոն ռիսկերի մասին հարցին:
«Ընդհանրապես որտեղ փող է ծախսվում, այնտեղ կոռուպցիոն ռիսկ կա: Մեր խնդիրը կոռուպցիոն ռիսկերը կառավարելն է: Այսինքն՝ դրա համար կան օղակներ, վերահսկողական մարմիններ, էլ չեմ ասում, որ Կառավարությունը որոշում կայացնելիս այս բոլոր ռիսկերը հաշվի է առել և այդ բոլոր ռիսկերը մաքսիմալ կառավարելու համար ստեղծել է ընթացակարգեր՝ ՄԱԿ-ի ընթացակարգերի շրջանակներում»,-ասաց վարչապետը:
Փաշինյանի գնահատմամբ՝ սա կարևոր ներդրում է Հայաստանի զարգացման գործում, քանի որ տասնյակ հազարավոր փոքր և միջին, ինչպես նաև խոշոր ընկերություններ գումար վաստակելու հնարավորություն են ստանում և ըստ էության Կառավարությունը մի ձեռքով ֆինանսավորում է բիզնեսին:
Վարչապետը հիշեցրեց, որ COP 17-ի շրջանակներում 15 հազար մարդ է գալու Հայաստան և դրանով բարձրանալու է երկրի ճանաչելիությունը: Նա ընդգծեց, որ սա Հայաստանի համար նախադեպը չունեցող միջոցառում է, և որ անգամ COP 17-ի կազմակերպելուց հետո էլ զբոսաշրջային հոսքերը շարունակվելու են:
«Համոզված ենք, որ ծախսված ամեն լումա ի վերջո մտնելու ՀՀ քաղաքացիների գրպանը և վերադառնալու է պետական բյուջե ուղղակի կամ անուղղակի ճանապարհով»,-ասաց վարչապետը:


