Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերը գերակա շահ ճանաչելու մասին որոշման նախագիծը ոչ մի կապ չունի ո՛չ ապօրինի գույքի վերադարձի հետ, ո՛չ պետական շահերի պաշտպանության, ո՛չ էլ համայնքային շահերի պաշտպանության հետ: Սա բոլորովին ուրիշ ընթացակարգ է, բայց քաղաքական առումով դա մեզ համար ապօրինի գույքի վերադրաձի գործընթացի անբաժանելի մասն է»: Այս մասին Կառավարության նիստի ընթացքում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի ներկայացրած ՀԷՑ ՓԲԸ-ի 100 տոկոս բաժնետոմսերը գերակա շահ ճանաչելու մասին որոշման նախագծին:
«Այս գործընթացը որքան էլ փորձում ենք մի տեղ կենտրոնացնել, հնարավոր չի լինում կենտրոնացնել, դա մյուս կողմից լավ է: Այս գործընթացը քաղաքական իրողություն է, որ ժողովրդից տարվածը վերադարձվում է ժողովրդին»,-ասաց Փաշինյանը:
Փաշինյանն ընդգծեց, որ ՀԷՑ-ի վատ աշխատանքը, օգտագործվել է այդ թվում քաղաքական դժգոհություն գեներացնելու համար:
Վարչապետի խոսքով՝ 2018 թվականի հեղափոխությունից հետո կառավարությունը ՀՀ քաղաքացիների առաջ պարտավորություն է ստանձնել, Հայաստանից գողացված, թալանված, ապօրինի օտարված գույքերը ժողովրդին վերադարձնելու համար:
«Միևնույն ժամանակ մենք արձանագրում ենք, որ հեղափոխության ժամանակ ասել ենք, որ տեղի ունեցածը սիրո և համերաշխության հեղափոխություն է: Արաձնագրել ենք, որ վենդետաներ չեն լինելու: Արձանագրել ենք, որ բոլորը հնարավորություն են ունենալու ներգրավվել հետհեղափոխական իրավիճակի մեջ: Մենք այս ռազմավարությանը հավատարիմ ենք մնացել: Մենք բոլորին, առանց բացառության բոլորին տվել ենք շանս: Քննադատվել ենք դրա համար, մեզ ասել են. «Ձեր թավիշը ձեր գլխին կպնի, զզվացրիք այդ թավիշով և այլն»: Այս ընթացքում արել ենք օրենսդրական փոփոխություններ: Պետք է արձանագրել՝ դրանից հետո տեղի են ունեցել իրադարձություններ, COVID է տեղի ունեցել, պատերազմ է տեղի ունեցել, հետպատերազմյան ճգնաժամ է տեղի ունեցել»,-ասաց Փաշինյանը:
Նա ընդգծեց, որ 2020 թվականի մարտից Կառավարության օրակարգի առաջնահերթությունները փոփոխություններ են կրել, սակայն երբեք չի դադարեցվել «հատիկ առ հատիկ», «կոպեկ առ կոպեկ», «լումա առ լումա» Հայաստանին հետ վերադարձնելու խոսույթը:
«Ի վերջո բանը հասել է այնտեղ, որ տրված հնարավորությունները օգտագործելու համար բոլոր տրամաբանական և անտրամաբանական ժամկետները սպառված են և հետևաբար դուռը և պատուհանը փակվում են: Մենք նաև օրենսդրական փոփոխություններ կանենք, որպեսզի ապօրինի գույքի բռնագանձման հնարավորությունը, որտեղ կա 25 տոկոս, 75 տոկոս հաշտեցման հնարավորություն, այդ դուռն էլ կփակենք և կենտրոնացած ենք լինելու հատիկ առ հատիկի եզրափակիչ արարին»,-ասաց վարչապետը:


