Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«2018 թվականից հետո գիտության ֆինանսավորումը համարյա եռապատկել ենք: Ես Հայաստանում դրա հետ կապված քննարկում ընդհանրապես չեմ հիշում: Ասենք մամուլում այս մասին ոչ մի բան, սոցիալական ցանցերում ոչ մի բան, ելույթներում ոչ մի բան, հրապարակումներում այդ մասին ոչ մի բան»: Այս մասին Կառավարության նիստի ընթացքում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով գիտության ոլորտին լրացուցիչ 2,35 մլրդ դրամ հատկացնելու որոշման մասին ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի առաջարկած նախագծին:
«Նախորդ անգամ, երբ որ Կառավարության նիստում այս շեշտադրումը արեցի, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան քննարկում կազմակերպեց, որի համար շնորհակալ եմ, ամփոփ ներկայացվեց քննարկման ժամանակ թե ինչ է տեղի ունեցել: Բայց հանկարծ, մի որևէ նախագծում 726 դրամ մի տողի առաջ պակաս լինի միմյանց կհաջորդեն նամակներ, ելույթներ, ցույց, բողոքի ակցիաներ և այլն: Այնպիսի տպավորություն է, որ ինչ-որ մեկը զենքը պահել է մեր վրա և ասել է. «գիտության ֆինանսավորումը ավելացրեք», և մենք այսպես. «Մի՛ կրակեք, կավելացնենք» վիճակում գիտության ֆինանսավորումը ավելացրել ենք, հետո, երբ այդ զենքը պահած շեղվել է, մենք մի անգամից զրոյացրել ենք գիտության ֆինանսավորումը»,-ասաց վարչապետը:
Փաշինյանն ընդգծեց, որ որևէ կերպ չի արձագանքելու գիտության ֆինանսավորման մասին իրեն ուղղված նամակներին, քանի որ նման ֆինանսական աջակցություն երբեք դեռ չի տրվել ոլորտին:
Վարչապետը նաև անդրադարձավ քաղաքացիների կողմից ՀԴՄ կտրոնների պահանջին:
«Ինչպես բազմաթիվ համայնքներում եմ ասում, երբ որ մարդիկ ասում են այս կամ այն խնդիրը կա, ես ասում եմ. «Սիրելի քաղաքացիներ, ես խոստանում եմ, որ բոլոր այդ խնդիրները կլուծեմ մի պայմանով, եթե ձեր մեջ չլինի գոնե մեկը, որ իր ամենօրյա գնումներն անելիս կմոռանա ՀԴՄ կտրոն վերցնել: Նույնը ասում եմ նաև մեր սիրելի գիտնականներին և մնացած բոլորին: Այդ ամեն ինչը մենք կանենք, բայց մենք ակնկալում ենք, որ խանութից, սրճարանից կամ ռեստորանից որևէ մեկը դուրս գալուց չմոռանա ՀԴՄ կտրոն վերցնելը»,-ասաց վարչապետը:
Վարչապետը նաև նշեց, որ ստվերի դեմ պայքարը միայն Կառավարության կամ ՊԵԿ-ի պարտականությունը չէ:


