Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում կայացել են նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդության հանրապետական ռազմամարզական խաղերի հանրապետական եզրափակիչ փուլի մրցումները։ Մասնակիցները միջոցառման մարզային և Երևանի քաղաքային փուլերում հաղթող ճանաչված դպրոցների 10-12-րդ դասարանների 9-ը պատանիներով համալրված թիմերն են եղել։
Միջոցառմանը Շիրակի մարզը ներկայացրել է Սառնաղբյուրի միջնակարգ դպրոցի թիմը՝ զինղեկ մայոր Վաղարշակ Մկրտչյանի գլխավորությամբ։
Ռազմամարզական խաղերի ծրագրում ներառված են եղել՝ «Ֆ-1» ուսումնական նռնակի նետում հեռավորության վրա, 8 կգ-անոց ուսապարկով փոխանցավազք, ձգումներ պտտաձողից, վազք 1000մ, հրաձգություն օդամղիչ հրացանով և ինքնաձիգի ոչ լրիվ քանդում-հավաքում մրցաձևերը։
Մրցումներում շիրակցի դպրոցականները լավագույնս հանդես են եկել և ընդհանուր թիմային հաշվարկում վաստակելով 1363 միավոր դարձել են ռազմամարզական խաղերի հաղթող։
2-րդ և 3-րդ մրցանակային տեղերը գրավել են Կոտայքի(1236 միավոր) և Գեղարքունիքի (1194 միավոր) մարզերը ներկայացնող դպրոցական թիմերը։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից իրականացվող այս միջոցառման հիմնական նպատակը՝ նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդության շրջանում առողջ ապրելակերպի արմատավորումն է և հայրենիքի պաշտպանությանը պատրաստ և Հայաստանի Հանրապետության ազգային բանակում ծառայելու համար ֆիզիկապես կոփված երիտասարդների դաստիարակումը:


