Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Այն, որ հասարակական, խորհրդարանական, քաղաքական մակարդակով քննարկումների անհրաժեշտություն կա՝ կասկածից վեր է, որովհետև երկրի մայր օրենքը պետք է փոփոխվի: Ընդդիմության դիրքորոշումը սպասելի էր, որովհետև իրենք ունեն այսպիսի մոտեցում՝ եթե մի բան առաջարկում է իշխանությունը, ուրեմն պետք է դեմ լինեն, կարևոր չէ դա լավ, թե վատ բան է»,-Zarkerak.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Դավիթ Ստեփանյանը:
Ըստ Ստեփանյանի՝ սահմանադրական փոփոխությունը բավականին լուրջ թեմա է, որն ունի և՛ ներքաղաքական, և՛ արտաքին քաղաքական բաղադրիչ. «2018 թվականից հետո ՔՊ-ն նշել է, որ պետք է լինի սահմանադրական հանրաքվե, կան բազմաթիվ բացեր: Նախկին Սահմանադրությունը մեծ հաշվով կարված է եղել միայն Սերժ Սարգսյանի «հագով» և այն չէր արտացոլում ժողովրդավարական Հայաստանի մոտեցումները, նպատակները: Այստեղ կա նաև արտաքին քաղաքական բաղադրիչ, որը շատ հետաքրքիր է և կարևոր, դա Ադրբեջանի պահանջներն են և ընդդիմությունը հենց սա է օգտագործում՝ նշելով, որ այս Սահմանադրությունը լինելու է ալիևյան սահմանադրություն:
Եթե Ադրբեջանն իրոք շահագրգռված է, որ Հայաստանը փոխի Սահմանադրությունը և «Անկախության հռչակագրի» հղումը տեքստից հանի, ինչու է այդ մասին խոսում բաց, եթե սա իրենց համար լիներ կարևոր նպատակ, կարող էին դա չհանրայնացնել, մեր ղեկավարության հետ բանակցություններում խոսել այս մասին և շատ ավելի հեշտ կլիներ այդ Սահմանադրությունն ընդունել: Իրենք բաց են խոսում այդ մասին, դնում են դա որպես պահանջ, այստեղից գալիս եմ մի եզրահանգման, որ իրականում իրենց դա պետք չի, սա ճնշման լծակ է Հայաստանի ղեկավարության վրա, նրանք դրանով ստեղծում են ՀՀ-ում ներքաղաքական հավելյալ խնդիրներ: Այդ խնդիրները ձեռնտու են Ադրբեջանին, մեր ընդդիմությանը և Ռուսաստանին, որովհետև մեծ հաշվով այս երեք ուժերն են, որոնց ձեռնտու չէ, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև լինի վերջնականապես համապարփակ խաղաղություն»:
Ըստ Ստեփանյանի՝ այս ամենը հասկանում է նաև ընդդիմությունը. «Ընդդիմության շահերը համընկնում են Ադրբեջանի և Ռուսաստանի շահերի հետ ու սա առաջին անգամը չէ: Իրենք հասկանում են, որ եթե Նիկոլ Փաշինյանի կառավարությանը հաջողվի Ադրբեջանի հետ հասնել համապարփակ խաղաղության, սա լինելու է մեծ բոնուս իշխող ուժին և սա իշխանափոխությունը ՀՀ-ում դարձնելու է գրեթե անհնար այնպես, ինչպես նրանք են պատկերացնում»:
Ստեփանյանն առանձնացրեց 4 հիմնական սցենար. «Առաջինը՝ սահմանադրական հանրաքվեն տեղի է ունենում, ժողովուրդն ասում է՝ այո և Ադրբեջանը խաղաղության պայմանագիր է կնքում, սա ամենաանհավանական սցենարն է, երկրորդը՝ ժողովուրդն ասում է՝ այո, Ադրբեջանը պայմանագիրը չի կնքում, նոր նախապայմաններ է առաջ քաշում, երրորդն ամենավատն է՝ ժողովուրդն ասում է՝ ոչ, այդ դեպքում Ադրբեջանը մեզ մեղադրելու է ռևանշիզմի մեջ, որ չենք ցանկանում խաղաղություն, չորրորդ սցենարն այն է, որ մոտակա տարիներին ընդհնարապես չենք կարող բացառել, որ հանրաքվե չի լինելու ՀՀ-ում: Չեմ կարծում, որ այսօր եկել է ժամանակը հստակ խոսելու այն մասին, որ այս կամ մյուս տարի սահմանադրական հանրաքվեն կլինի»:
Դավիթ Ստեփանյանը նշեց նաև, որ կա սցենար, որ ընդդիմությունն ամբողջ կազմով կողմ չի քվեարկելու. «Դա բացառվում է, բայց 6-7 պատգամավոր կարող է կողմ քվեարկել: Կարծում եմ՝ դա լինելու է առաջարկ, որից չի հրաժարվելու ընդդիմության մի մասը, դա կլինի, երբ այդ մարդկանց կանչեն, դիմացները մի քանի դոսյե դնեն՝ իրենց գործած մեղքերով և իրենք հասկանան, որ ավելի լավ է դառնան անկախ պատգամավոր, քան 15-20 տարի փտեն ճաղավանդակի հետևում»:
Ինչ վերաբերում է արտահերթ ընտրություններ անցկացնելու հավանականությանը՝ Ստեփանյանն ասաց. «Չեմ կարծում, որ այսօր ՀՀ-ում կան ռեալ հիմքեր և պայմաններ արտահերթ ընտրություններ անցկացնելու համար: Վստահ չեմ, որ ղեկավարող ուժը ցանկանում է այդ արտահերթն անցկացնել: Կարծում եմ՝ Փաշինյանն այս պահին սա օգտագործում է որպես խաղի մի էլեմենտ, որով ճնշում է գործադրում ընդդիմության վրա, այսինքն՝ եթե դուք չեք գնալու այս օրակարգով, ուրեմն կլինեն արտահերթ ընտրություններ, իսկ այդ դեպքում չեք հասցնի ՌԴ-ից փողեր բերել, մարդկանց գնել և չեք ստանա նույնիսկ այն ձայները, որոնք այս պահին ունեք: Նարեկ Կարապետյանը ոչ մի բանում վստահ չէ, ուղղակի ընդունում է խաղի կանոնները, ցույց է տալիս, որ պատրաստ են այդ ճնշմանն այն դեպքում, երբ բոլորովին պատրաստ չեն»:


