Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«2025 թվականին աշխատավարձերի և վարձով աշխատողների աճ է գրանցվել տնտեսության գրեթե բոլոր ոլորտներում: 2025 թվականին միջին ամսական աշխատավարձն աճել է 5.6 տոկոսով՝ կազմելով 303 հազար 140 դրամ, իսկ վարձու աշխատողների թվաքանակը՝ 4.6 տոկոսով՝ կազմելով 795 հազար 212 մարդ»,-ԱԺ նիստում հայտարարեց Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:
Նախարարի խոսքով՝ աշխատանքի աճին նպաստել են առջևտրի, կրթության, մշակող արդյունաբերության ոլորտներում աշխատավարձերի աճերը. «Աշխատավարձի բարձր աճ են գրանցել նաև գյուղատնտեսության, վարչական ծառայությունների, փոխադրումների ոլորտում: Գործազրկությունը նվազել է 0.6 տոկոսով՝ կազմելով 12.8 տոկոս: 2021 թվականի համեմատ միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 48.6 տոկոսով, վարձու աշխատողները՝ 22.4 տոկոսով, իսկ գործազրկության մակարդակը նվազել է 2.7 տոկոսով: 2025 թվականին միջին գնաճը գտնվել է թիրախային մակարդակի շուրջ և կազմել 3.3 տոկոս: 2024 թվականին աղքատության ցուցանիշի 2 տոկոսային կետով նվազում կա: Ծայրահեղ աղքատությունը նվազել է 0.5 տոկոսով, 2021 թվականի համեմատ աղքատության մակարդակը նվազել է 4.8 տոկոսային կետով, իսկ ծայրահեղ աղքատությունը՝ 0.9 տոկոսային կետով»:
Վահե Հովհաննիսյանը նշեց, որ 2025 թվականի բյուջեի եկամուտները կազմել են 2 տրիլիոն 886 միլիարդ դրամ, որից հարկային եկամուտները և պետական տուրքերը 2 տրիլիոն 725 միլիարդ դրամ, ինչը գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշն ավելի քան 334 միլիարդ դրամով. «Հարկեր-ՀՆԱ ցուցանիշը կազմել է 24 տոկոս: Այս հինգ տարիներից երեքի ընթացքում հարկերի հավաքագրման տարեկան աճը կազմել է ավելի քան 300 միլիարդ դրամ, այսինքն՝ ամեն տարի ունեցել ենք հավելյալ 300 միլիարդ դրամ հարկային եկամուտներ»:


