Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Հայաստանում ոչ մի անգամ հարուստ մարդ չպետք է քաղաքական իշխանություն ունենա։ Այս մասին այսօր Ազգային ժողովում իր ելույթում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը։
«Մեր ընտանիքը մեկ միլիարդից ավելի կարողություն ունի՝ անշարժ գույքի, կազմակերպությունների տեսքով, հնարավոր է՝ նույնիսկ երկու միլիարդից ավելի։ Բայց ես կարծում եմ, որ պետական ինստիտուտները պետք է կառավարեն այնպիսի մարդիկ, ովքեր մեծ սեփականություն չունեն»,- ասաց նա՝ նշելով, որ սեփականությունը կարող է դառնալ գործիք, որի միջոցով մարդիկ իրենց շահը ավելի բարձր կդասեն, քան պետականը։
«Սրիկաները, որոնք եկել են իշխանության, 30 տարի մենք տեսել ենք, զբաղեցրել են պետական պաշտոններ, կոշիկ չեն ունեցել, հետո դարձել են մեծ սեփականության տեր։ Հայաստանի Հանրապետությունը բավականին լավ վիճակում է այսօր և մեկ-երկու տարվա մեջ ավելի մեծ քայլերով առաջ է գնալու, թվերը դա են ասում»,- նշեց նա։
Սուքիասյանը նաև օրինակ բերեց, որ Արմեն Գևորգյանը բիզնես չի արել, բայց դարձել է հարյուր միլիոնների տեր։
«Ինքս լավ հիշում եմ, որ համապատասխան անձը զանգում էր դատարաններ, մարդկանց ունեցվածքը վերցվում էր, իրավապահների նկատմամբ ճնշումներ էին գործադրվում։ Ո՞վ է սրա պատասխանը տալու»,- ասաց նա։


