Երբ լողավազանը կարևոր էր խրամատից Zarkerak - Երբ լողավազանը կարևոր էր խրամատից
Zarkerak Zarkerak - Երբ լողավազանը կարևոր էր խրամատից
Երբ լողավազանը կարևոր էր խրամատից

Երբ լողավազանը կարևոր էր խրամատից

Օրերս՝ ԱԽ քարտուղարի հրավերով գործընկերներիս հետ այցելել էի Տավուշի  սահմանազատված տարածքներ։ Եղանք նաև նորակառույց պաշտպանական շրջաններում։ Խոստովանեմ՝ այդ կառույցներն ինձ հաճելիորեն զարմացրեցին։ 
Ստորգետնյա բետոնե «ամրոցներ»։ Հասկանալի պատճառներով շատ մանրամասներ և լուսանկարներ չեմ հրապարակում, բայց նշեմ՝ դրանք ինժեներական առաջադեմ լուծումներով կառույցներ են, որոնք ապահովված են որոշակի ռազմատեխնիկական և կենցաղային պայմաններով՝ X ժամանակահատվածով մարտեր վարելու կամ պաշտպանվելու համար։ 

Ինժեներական իմաստով առաջադեմ կառույցները դրական էմոցիաներից բացի՝ ինչ-որ առումով նաև տխուր մտքեր առաջացրեցին։ Այդ ամենը կարող էր գոյություն ունենալ տարիներ առաջ, և հենց այդ ժամանակ էր պետք։

2016-ի ապրիլյան պատերազմի ավարտից հետո քիչ բան էր մնում անհասկանալի։ Քաղաքական և զինվորական շրջանակները հստակ գիտակցում էին, որ Արցախի խնդիրը տեղափոխվում է ռազմական հարթություն։ Հակառակորդը փոխել էր մարտավարությունը, և ժամանակը մեր օգտին չէր։ Այդ փուլում կարելի էր, և անհրաժեշտ էր՝ ձեռնարկել ռազմավարական վերանայումներ, կառուցել խորքային պաշտպանական շերտեր, ամրապնդել դիրքերը, ստեղծել ժամանակակից ենթակառուցվածքներ։ Սակայն այդ ամենը չարվեց։ Չարվեց՝ ոչ թե տեխնիկական ռեսուրսների բացակայության պատճառով, այլ քաղաքական կամքի։ 

Իշխանավորներն ու զինվորական վերնախավը լավ գիտակցում էին առաջնագծում տիրող իրականությունը։ Գիտեին, որ այսպես կոչված երկրորդ և երրորդ գծերը պատրանք են։ Գիտեին, որ խրամատները հաճախ պարզապես մերկ հողաթմբեր են, գիտեին, բայց չձեռնարկեցին ոչինչ։ Որովհետև պետական շահն ու ազգային անվտանգությունը փոխարինվել էին սեփական հարստացման հրամայականով։
Արցախում երբեք գոյություն չունեցավ այն, ինչ ռազմական գիտությունն անվանում է «պաշտպանական խորքային շերտ»։ Այն, ինչ մատնանշվում էր որպես երկրորդ և երրորդ գիծ, իրականում հանդիսանում էին կիսակառույց խրամատներ՝ առանց ինժեներական հաշվարկի, առանց նվազագույն պաշտպանական համակարգի։

Այս ամենն արդարացնել հնարավոր չէ։ Սա ոչ թե սխալ էր, այլ միտումնավոր անգործություն, որն իր գինն ունեցավ հազարվոր կյանքերով։ Դիրքերում կանգնած զինվորը տարիներ շարունակ բառացիորեն մնացել էր միայնակ՝ մահվան ու անտարբերության ճիրաններում։
Այսօր՝ պատերազմի և կորուստների ծանր ժառանգությունից հետո, մեր սահմաններին սկսում են ի հայտ գալ պաշտպանական այն կառույցները, որոնց կարիքը մենք ունեինք տարիներ առաջ։ Կարևոր է, որ դրանք կան։ Բայց նաև չպետք է մոռանանք, որ դրանք կարելի էր իրականացնել դեռ «երեկ»։

Այսօրինակ շինարարությունը՝ նույն տեխնոլոգիայով ու նույն հնարավորություններով հնարավոր էր իրականացնել այլ ժամանակում։ Պարզապես այն ժամանակ որոշվեց չանել։ Որովհետև ազգային անվտանգության վրա հիմնված որոշումներն ստորադասվել էին անձնական շահերին, որովհետև այն ժամանակ որոշ մարդկանց առաջնահերթությունը բետոնե պաշտպանական շինությունները չէին, այլ սեփական բետոնե ամառանոցները, որովհետև այն ժամանակվա ռազմաքաղաքական ղեկավարության առաջնահերթությունը ոչ թե զինվորի խրամատն էր, այլ իրենց առանձնատան լողավազանը։

Միլիոնավոր դոլարներ, միլիարդավոր դրամներ գնում էին՝ ոչ թե դիրքեր ամրացնելու, այլ դիրք պահողների վրա հարստացողների գրպանները լցնելու։

Այս ստորգետնյա «ամրոցները», ինչքան էլ ուշացած լինեն, դառնում են մի նոր իրականության խորհրդանիշ։ Այդ իրականությունը ձևավորվել է ծանր փորձություններով, ցավալի կորուստներով, հազարավոր կիսատ կյանքերով։
Այժմ ունենք որոշ հստակեցում՝ թե ինչ պետք է արվի և ինչպես։ Ունենք ապացույց, որ հնարավոր էր կառուցել, պաշտպանել, փրկել։ Բայց ցավոք չունենք այլևս այն ժամանակը, երբ դա կարող էր կանխել աղետը։
Եվ հենց այդ պատճառով, նոր «ամրոցները» չեն խորհրդանշում միայն պաշտպանություն։ Դրանք հանդիսանում են նաև մեղադրական ակտ՝ ուղղված տարիների անգործությանը, պարտադրված լռությանը և կեղծ հայրենասիրությանը։

Մկրտիչ Իսրայելյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

27 Օգոստոս, 2025 21:01
Վեր