Վերջին շրջանում հատկապես ակտիվացել են նախկին քաղաքական առաջնորդները, որոնք, փորձելով վերակենդանացնել իրենց մարած վարկանիշը, քաղաքական կապիտալ են որոնում ներկայիս իշխանության դեմ ուղղված քննադատությամբ։ Նրանց խոսքի հիմնական զենքը պատերազմական թեմաների շահարկումն է՝ փորձելով պատասխանատվությունը տեղափոխել գործող կառավարության վրա։ Բայց հասարակությունն այլևս չի խաբվում․ իրականությունն ակնհայտ է։
Այդ նույն նախկին ղեկավարներն են տարիներ շարունակ վարել այն կործանարար արտաքին քաղաքականությունը, որի արդյունքները մենք տեսանք մեր աչքի առաջ։ Նրանք Հայաստանը դարձրեցին մեկ դաշնակցի՝ Ռուսաստանի, անվտանգային կախվածության պատանդ՝ միաժամանակ խոչընդոտելով ցանկացած այլընտրանքային գործընկերային ուղու զարգացում։ Դա արվեց կամ անգիտակցաբար՝ քաղաքական կարճատեսության պատճառով, կամ գիտակցաբար՝ օտար շահերի սպասարկմամբ։
Այսօր այդ նույն գործիչները՝ երեք նախագահներ, խոսում են պատերազմի մասին, խոսում են անվտանգությունից, երբ հենց իրենք էին, որ տարիներ շարունակ պահպանել են ստատուս-քվոն Արցախյան հարցում՝ խորապես գիտակցելով, որ այդ ստատուս-քվոն մի օր պետք է պայթի։
Ավելին, նրանք փորձում են ներկայանալ որպես այլընտրանք, որպես փորձառու ղեկավարներ։ Բայց նրանք այլընտրանք չեն։ Նրանք անցյալն են։ Նրանք խորհրդանիշն են ռուսական գերիշխանության, քաղաքական կախվածության և ազգային շահերի մշտական զիջման։ Նրանց վերադարձը իշխանություն՝ անկախ ձևից, նշանակում է վերադարձ դեպի այն նույն փակ շրջանը, որից Հայաստանը վերջին տարիներին փորձում է դուրս գալ:
Հիմա՝ առավել քան երբևէ, ժամանակն է հստակ ասել․ Հայաստանի ապագան չի կարող կառուցվել Կրեմլի ստվերում։ Այն քաղաքական ուժերը, որոնք դեռ այսօր էլ, կամա թե ակամա, շարունակում են ծառայել ռուսական շահերին՝ իրենց քարոզչությամբ, կապերով կամ ուղղակի հայտարարություններով, պետք է դուրս մղվեն քաղաքական դաշտից։ Հայաստանը այլևս չի կարող իրեն թույլ տալ լինել ռուսական ազդեցության ռազմավարական վասալ։
Ժողովրդավարական, ինքնիշխան և բազմակողմ գործընկերության վրա հիմնված Հայաստան՝ սա է միակ ճանապարհը։ Իսկ դրա հիմնական խոչընդոտը ոչ միայն արտաքին ճնշումներն են, այլև ներսում արմատավորված անցյալի ուժերը, որոնք ամեն ինչ անում են՝ պահպանելու իրենց տեղը նոր համակարգում։
Մկրտիչ Իսրայելյան
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։


