Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Եթե գազի գինը 10 տոկոսային կետով թանկանա, ապա դա բերելու է 0,6 տոկոս գնաճի: Այս մասին ԱԺ-ում հայտարարեց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը՝ անդրադառնալով «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանի գազի թանկացման հետ կապված հարցերին:
«Այդ հարցով հաշվարկներ չենք անում, այլ ունենք «սթրես թեստեր»: Այսինքն փորձում ենք հասկանալ, եթե գազի գինը մեկ տոկոսային կետով բարձրանա, ապա գնաճի բարձրացումը 0,06 տոկոս է»,-ասաց Գալստյանը և բացատրեց, որ 10 տոկոս թանկացման դեպքում գնաճը կկազմի 0,6 տոկոս:
Անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք գնաճի հետ կապված ԿԲ-ն կանխատեսումներ չի անում, Գալստյանը պատասխանեց. «Մենք վերջին երկու տարվա ընթացքում կանխատեսումներ չենք անում տնտեսական աճի զարգացումների վերաբերյալ, որովհետև անցել ենք նոր հայեցակարգի, որի ներքո մենք հանրությանը շատ մանրամասն ներկայացնում ենք մեր տեսակետները կապված սցենարային զարգացումների հետ: Այսինքն Կենտրոնական բանկի խորհրդի ցանկացած որոշմանը հաջորդում է Կենտրոնական բանկի խորհրդի անվանական քվեարկության արդյունքները, որից հետո այդ քվեարկության արդյունքները մոտավոր սղագրական ֆորմատով ներկայացվում է հանրությանը: Ըստ այդմ հանրությունը հասկանում է, թե ԿԲ խորհուրդը ինչ հարցեր է քննարկել, խորհրդի որ անդամը ինչ տեսակետներ ունի: Այս տեղեկատվությունը ստեղծված անորոշությունների ներքո մեր գնահատմամբ շատ ավելի կարևոր է, քան այն անընդհատ կանխատեսումները որոնք միշտ սխալ են դուրս գալիս: Այսինքն աշխարհի լավագույն ինստիտուտները որոնք զբաղվում են կանխատեսումներով, չեն կարող կանխատեսել բաներ, որովհետև աշխարհում տեղի ունեցող իրադարձությունները չափազանց անորոշ են»:


