Նոր Սահմանադրություն՝  պետական մտածողության վերափոխման ճանապարհին Zarkerak - Նոր Սահմանադրություն՝ պետական մտածողության վերափոխման ճանապարհին
Zarkerak Zarkerak - Նոր Սահմանադրություն՝ պետական մտածողության վերափոխման ճանապարհին
Նոր Սահմանադրություն՝  պետական մտածողության վերափոխման ճանապարհին

Նոր Սահմանադրություն՝ պետական մտածողության վերափոխման ճանապարհին

Նիկոլ Փաշինյանի ներկայացրած նոր Սահմանադրության նախագիծը պետք է դիտարկել ոչ այնքան իրավական փոփոխությունների, որքան Հայաստանի պետական մտածողության վերափոխման համատեքստում։ Ըստ էության, իշխանությունն առաջարկում է վերանայել ոչ միայն պետության կառավարման որոշ սկզբունքներ, այլև այն գաղափարական շրջանակը, որի ներսում Հայաստանը պետք է պատկերացնի իր ապագան։ Եվ սա պատահական չէ։ Վերջին տարիների իրադարձությունները ցույց տվեցին, որ Հայաստանի նախկին պետական պատկերացումների, անվտանգության համակարգի և արտաքին քաղաքական կողմնորոշումների մի զգալի մասը այլևս չի համապատասխանում ստեղծված իրողություններին։

Արցախյան պատերազմից հետո, տարածաշրջանային ուժային հարաբերակցությունների փոփոխության պայմաններում Հայաստանը ստիպված է վերանայել իր պետական առաջնահերթությունները։ Նոր Սահմանադրության նախագիծն այդ վերանայման քաղաքական արտահայտություններից մեկն է։

Նախագծի առանցքային գաղափարը միջազգայնորեն ճանաչված տարածքում անկախ, խաղաղ, անվտանգ և բարեկեցիկ պետություն կառուցելու առաքելությունն է։ Սա, ըստ էության, «Իրական Հայաստանի» գաղափարի սահմանադրական ձևակերպման փորձ է։ Պետության հաջողությունը պետք է չափվի ոչ թե պատմական հավակնությունների կամ արտաքին հակամարտությունների մեջ ներգրավվածության, այլ սեփական քաղաքացիների անվտանգության, բարեկեցության և անկախության իրական մակարդակով։ Սա կարևոր շեշտադրում է, որովհետև Հայաստանի քաղաքական կյանքում երկար տարիներ պետականության մասին պատկերացումները հաճախ կառուցվել են արտաքին սպառնալիքների, պատմական հակադրությունների և աշխարհաքաղաքական հովանավորների որոնման շուրջ։ Նոր մոտեցման տրամաբանությունը ենթադրում է, որ Հայաստանը պետք է վերջապես իր պետական քաղաքականության կենտրոնում դնի սեփական պետությունը՝ իր տարածքով, քաղաքացիներով և զարգացման հնարավորություններով։

Մյուս կարևոր հանգամանքը կառավարման համակարգի վերանայումն է։ Նախագիծը չի առաջարկում հրաժարվել խորհրդարանական կառավարման մոդելից, բայց նախատեսում է փոփոխություններ պետական ինստիտուտների գործունեության և դրանց նկատմամբ վերահսկողության մեխանիզմներում։

Առանձին ուշադրության է արժանի նաև  հանգամանքը, որ նոր նախագծում այլևս չկա Անկախության հռչակագրին գործող Սահմանադրության նախաբանում առկա հղումը։ Սա գաղափարական շեշտադրումների փոփոխություն է, որի շուրջ բնականաբար լինելու են քաղաքական ու հասարակական քննարկումներ։ Սակայն այս մեկ հանգամանքը չպետք է ստվերի նախագծի ընդհանուր տրամաբանությունը և այն ավելի լայն հարցերը, որոնց պատասխանները պետք է տա նոր Սահմանադրությունը։ Ի վերջո, նոր Սահմանադրության շուրջ քննարկումը շատ ավելի մեծ հարց է բարձրացնում, քան առանձին հոդվածների փոփոխությունը։ Հայաստանը փորձում է անցում կատարել մի պետական մտածողությունից մյուսին՝ հակամարտություններով և արտաքին հենարաններով պայմանավորված գոյատևման տրամաբանությունից դեպի ինքնուրույն, անվտանգ և զարգացող պետության կառուցման տրամաբանություն։

Արդյոք այս նախագիծը լիարժեքորեն կկարողանա ապահովել այդ անցումը՝ ցույց կտա դրա բովանդակությունը, հանրային քննարկման որակը և հետագա իրականացումը։ Բայց մի բան ակնհայտ է․ Սահմանադրության փոփոխությունը պետք է դառնա ոչ թե հերթական ներքաղաքական դիմակայության առիթ, այլ հնարավորություն՝ հասարակության հետ պատասխանելու Հայաստանի ապագայի վերաբերյալ ամենակարևոր հարցին։ Հայաստանին այսօր անհրաժեշտ է ոչ միայն նոր Սահմանադրություն, այլև նոր պետական մտածողություն, որտեղ պետության գոյության, անվտանգության և զարգացման գլխավոր չափանիշը հենց Հայաստանի Հանրապետությունն ու նրա քաղաքացիներն են։ 

Մկրտիչ Իսրայելյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

23 Նոյեմբեր, 2026 14:18
Վեր