Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և NVIDIA-ի փոխնախագահ Ռև Լեբարեդյանի մասնակցությամբ Digitec 2026 տեխնոլոգիական ցուցահանդեսի ու համաժողովի շրջանակում «Հայաստանի AI հնարավորությունը. գաղափարից՝ գործողություն» խորագրով քննարկում է անցկացվել։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վարչապետը քննարկման մեկնարկում հիշատակել է Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև էներգետիկ անվտանգության, արհեստական բանականության և կիսահաղորդիչների ոլորտներում նորարարական գործընկերության մասին 2025 թվականի օգոստոսի 8-ին Սպիտակ տանը իր և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև փոխըմբռնման հուշագրերի ստորագրումը։
«Ընդամենը 8 ամիս առաջ Հայաստանն էլեկտրաէներգիայի արտադրության ավելցուկ ուներ, մենք մտածում էինք այն արտահանելու մասին։ Այժմ մտածում ենք, թե որտեղից ներմուծել էլեկտրաէներգիա, դա կապված է արհեստական բանականության գործարաններում ներդրումների ու Firebird նախագծի հետ։ Ամենակարևորն այն է, որ սա միայն սկիզբն է։ Ներդրումների ավելի մեծ մասը ճանապարհին է»,- նշել է Նիկոլ Փաշինյանը։
Հայաստանի ղեկավարն ընդգծել է, որ արհեստական բանականության գործարաններն ահռելի հարկեր են վճարելու պետական բյուջե։ Փաշինյանի խոսքով՝ ԱԲ գործարանների վճարած հարկերը կուղղվեն Հայաստանի Հանրապետության տարբեր կարիքների բավարարմանը՝ ենթակառուցվածքների զարգացումից մինչև առողջության համընդհանուր ապահովագրության ծրագրի ընդլայնում։
«Այժմ մտահոգություններ կան արհեստական բանականության՝ աշխատաշուկայի վրա ազդեցության հետ կապված։ Անհանգստություններ կան, որ արհեստական բանականության զարգացմամբ աշխատուժը նվազելու է, և դա խնդիր է։ Բայց գիտեմ, որ կան նաև այլ կանխատեսումներ, որ ԱԲ գործարանները կնպաստեն ավելի շատ աշխատատեղերի բացմանը, ինչը շատ կարևոր է։ Մենք մեր գործընկերների հետ քննարկում ենք անհանգստացնող հարցերը։
Մենք տարաբնույթ ներդրողների հրավիրում ենք Հայաստան։ Սա առաջին հերթին Հայաստանը դարձնում է ավելի տեսանելի։ Գրեթե ամենուր մարդիկ հիշատակում են Հայաստանը՝ որպես արհեստական բանականության և տեղեկատվական տեխնոլոգիաների առումով կարևոր վայր»,- ասել է Հայաստանի վարչապետը։
NVIDIA-ի փոխնախագահ Ռև Լեբարեդյանն էլ առանձնահատուկ նշել է, որ Հայաստանն արհեստական բանականության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում գրանցած առաջընթացի առումով որոշակի գերազանցում է հարևան երկրներին։
«Հայաստանն արհեստական բանականության ոլորտում կարող է համաշխարհային թատերաբեմ դուրս գալ։ Այս ոլորտում ենթակառուցվածքներ հիմնելը բոլոր երկրների համար նորություն է։ Կարելի է ասել՝ բոլոր երկրները հավասար պայմաններում են»,- ընդգծել է Ռև Լեբարեդյանը։
Նիկոլ Փաշինյանը քննարկման ժամանակ նաև նշել է, որ արհեստական բանականությունը կարևոր մաս կկազմի Հայաստանի կառավարության կողմից առաջ քաշված տարածաշրջանային ենթակառուցվածքային «Խաղաղության խաչմերուկ» նախագծում։ Նրա խոսքով՝ Հայաստանը միջազգային և տարածաշրջանային ԱԲ ծառայություններ կմատուցի։

