Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևոր է համարում Երևանի և Պեկինի միջև ստորագրված ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթը: Այս մասին Փաշինյանը հայտնեց «Օրբելի ֆորում. կառուցելով խաղաղություն և բազմակողմանի համագործակցություն» խորագիրը կրող միջազգային համաժողովի ընթացքում:
«Ռազմավարական գործընկերության փաստաթղթում հղում կա նաև «Խաղաղության խաչմերուկ» և «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագծերին: Ակնհայտ է, որ նախագծերն ունեն բովանդակային առումով համընկնումներ: Այդ նախագծերը եզակի չեն: «Խաղաղության խաչմերուկ»-ը, Tripp-ը մի կետ են, որոնք կարող են համատեղել տարբեր երկրներում ձևավորված բովանդակությունը և իմ կարծիքով դա գործնականում տեղի է ունենալու, պետք է լինել պրոֆեսիոնալ, հետևողական և համբերատար»,-ասաց Փաշինյանը:
Վարչապետը հավելեց՝ վերջին տարիների Հայաստանի արտաքին քաղաքական ընդգծումները ոչ թե բախվում են, այլ լրացնում են մեկը մյուսին, և դա է բալանսավորման և բալանսավորված արտաքին քաղաքականության էությունը:
«Վաշինգտոնի հռչակագրից հետո մի շարք գործընկեր երկրներում որոշակի մտահոգություններ եղան, բայց ժամանակի ընթացքում այդ մտահոգությունները ոչ միայն փարատված են, այլև գործընկեր երկրներից հետաքրքրություն կա մասնակցելու և ներկա լինելու տեղի ունեցող գործընթացներում: Այս առումով ոգևորված եմ, որ հնարավորություն կա Հայաստանն իսկապես դարձնել խաղաղության խաչմերուկ»,-նշեց ՀՀ վարչապետը:


