Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Առայժմ այդքան գնանկում չկա, լոլիկի գինն է մի քիչ կտրուկ ընկել, հիմա 150-250 դրամ է, գյուղացիներն ասում են, որ իրենցից 80 դրամով են գնում, ծիրանը գրեթե նույնն է մնացել՝ 1000 դրամի շրջանակում, ելակը, կեռասը համարյա գինը չեն փոխել»,-Zarkerak.am‑ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Գագիկ Մակարյանը:
Մակարյանի խոսքով՝ Եվրոպա արտահանելու համար Global GAP սերտիֆիկատ պետք է լինի, որը բավական բարդ է ստանալ. «Այդ սերտիֆիկացումն արվում է ամեն տարի, եթե որոշ մեծ ընկերություններ էլ ունեն, ապա կան նաև այլ խնդիրներ՝ լոգիստիկաներ, եվրոպական պիտակավորման, փաթեթավորման խնդիրներ: Եվրոպա արտահանելու համար միայն բերքն ու սերտիֆիկատը բավարար չեն, պետք է տրանսպորտային ծախսերը, գինը ձեռնտու լինեն: Հազարավոր ֆերմերներ, որոնք օրինակ՝ 5-10 տոննայով բերք են ստանում, ընդհանրապես Global GAP չունեն և չեն էլ կարող: Այն սխեմաները, որոնք կային ԵԱՏՄ շրջանակում, չեն կարող փոխարինվել եվրոպականով»:
Ամենաարագ լուծումը՝ ըստ Մակարյանի, պահածոյական գործարանների հետ աշխատելն է. «Պետությունը պիտի ԵՄ-ի հետ համագործակցի, որ մեր ապրանքները պահածոյական տարբերակով վաճառվեն: Երբ պահածոյացնում ես, մի քանի կգ միրգը կարող է մեկ բանկա պահածո դառնալ, որն ավելի հեշտ է և ՛ պահելու, և՛ չփչանալու, և՛ արտահանելու համար: Կառավարությունը մի քանի քայլ կատարեց, բայց դրանք պետք է շարունակական լինեն: Դիվերսիֆիկացիայի ճանապարհը սկսվել է, Եվրոպան էլ կոչերին արձագանքում է, բայց մի քանի տարվա ինտենսիվ աշխատանք է պետք: Տնտեսավորղներին պետք է ստանդարտների մասին իրազեկվի, երբ նրանց հետ դրա մասին խոսում ես, կան մարդիկ, որ ասում են՝ մենք չենք հասկանում»:
Մակարյանը նշեց, որ դիվերսիֆիկացիայի ճանապարհին հարկավոր է աչքաթող չանել արաբական աշխարհը. «Այնտեղ չրեղեն, քաղցրավենիք կարող ենք արտահանել, պետությունը պետք է ռազմավարություն ունենա դեպի Եվրոպա, ԵԱՏՄ, արաբական երկրներ, ԱՄՆ, Չինաստան, դրանք տարբեր լոգիստիկաներ են պահանջում»:


