Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնը (ՔԻՀԿ) գործարկել է Հայաստանում քաղաքական հետապնդվողների հրապարակային ռեգիստր, որտեղ ներառվում են այն անձինք, որոնց նկատմամբ իրականացվող հետապնդումը կենտրոնը գնահատել է որպես քաղաքական շարժառիթ ունեցող։
Այս պահին ռեգիստրում ընդգրկված է 36 անձ։
ՔԻՀԿ-ի գնահատմամբ՝ նրանցից 31-ը քաղաքական հետապնդման են ենթարկվում, իսկ չորսը դասակարգված են որպես քաղբանտարկյալներ։
Նրանց թվում են Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Վահագն Չախալյանը, գործարար Սամվել Կարապետյանը և Արթուր Սարգսյանը։
ՔԻՀԿ-ի փոխանցմամբ՝ ռեգիստրի նպատակն է ստեղծել հանրային վերահսկողության գործիք, որը լրագրողներին, քաղաքացիական հասարակությանը և միջազգային կառույցներին հնարավորություն կտա հետևելու այն դեպքերին, երբ իրավական համակարգը կարող է օգտագործվել քաղաքական նպատակներով։
Ռեգիստրի հետ միասին կենտրոնը հրապարակել է նաև մեթոդաբանություն, որով սահմանվում են քաղաքական հետապնդումը գնահատելու չափանիշները։
ՔԻՀԿ-ը նշում է, որ ցանկը դեռ ամբողջական չէ և ներկայում ներառում է միայն այն անձանց, որոնց գործերն արդեն ուսումնասիրվել և ներկայացվել են կենտրոնի նախորդ հրապարակումներում։
Կենտրոնը շարունակում է ուսումնասիրել նաև այլ հնարավոր քաղաքական հետապնդումների դեպքեր, այդ թվում՝ 2026 թվականի ընտրությունների և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ շարունակվող արշավի համատեքստում։

