Բայրամովն ասաց այն՝ ինչ գիտեին շատերը, բայց բարձրաձայն խոստովանում էին քչերը Zarkerak - Բայրամովն ասաց այն՝ ինչ գիտեին շատերը, բայց բարձրաձայն խոստովանում էին քչերը
Zarkerak Zarkerak - Բայրամովն ասաց այն՝ ինչ գիտեին շատերը, բայց բարձրաձայն խոստովանում էին քչերը
Բայրամովն ասաց այն՝ ինչ գիտեին շատերը, բայց բարձրաձայն խոստովանում էին քչերը

Բայրամովն ասաց այն՝ ինչ գիտեին շատերը, բայց բարձրաձայն խոստովանում էին քչերը

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի վերջին հայտարարությունը բացահայտեց 2023 թվականի սեպտեմբերի 19-ի իրադարձությունների իրական խորքը։ Բայրամովը բացեիբաց ասաց այն ինչը թերևս գիտեին բոլորը՝  ռուս խաղաղապահները տեղյակ են եղել Լեռնային Ղարաբաղում սպասվող հարձակման մասին։ Այս խոսքերը այլևս կասկածի տեղ չեն թողնում՝ ռուսական խաղաղապահ առաքելությունը ոչ թե չգիտեր սպասվող արհավիրքի մասին, այլ գիտեր՝ և չգործեց։

Ռուսաստանը կամ գիտակցաբար թույլ է տվել Արցախի վրա հարձակումը, կամ էլ՝ դիտավորյալ անտեսել է իր մանդատով ստանձնած պարտականությունները։ Երկու դեպքում էլ սա ոչ թե տեխնիկական, այլ՝ քաղաքական ու բարոյական ձախողում է։

Խաղաղապահները, որոնք 2020 թվականի պատերազմից հետո տեղակայվել էին Արցախում՝ հայ բնակչության անվտանգությունն ապահովելու համար, իրենց լռությամբ դարձան այդ նույն բնակչության արտագաղթի խորհրդանիշը։ Նրանք չկանխեցին ռազմական գործողությունը, չպահանջեցին դադարեցնել կրակը, չկանգնեցին խաղաղ բնակչության կողքին։

Ռուսական ներկայությունը, որը տարիներ շարունակ ներկայացվում էր որպես անվտանգության հենարան, փաստացի վերածվեց Արցախի էթնիկ զտման անմիջական համաձայնության խորհրդանիշի։ Լռությամբ վերահաստատվեց, որ Մոսկվայի առաջնային նպատակը Արցախի և արցախահայության անվտանգության պաշտպանությունը չէր։

Այդ ողբերգական իրադարձություններից հետո Ռուսաստանը կորցրեց իր ամենաթանկ կապիտալը՝ վստահությունը, եթե իհարկե դեռ ուներ այն։ Այն վստահությունը, որով Արցախի բնակչությունն ու հայ ժղովուրդն ընդունեց խաղաղապահների մուտքը Արցախ՝ հավատալով, որ նրանք կկանխեն նոր արյունահեղությունը։

Բայրամովի խոսքերը, ըստ էության, ոչ թե հայտարարություն են, այլ՝ հայտնի փաստի արձանագրում, դատավճիռ։ Դատավճիռ մի համակարգի նկատմամբ, որը խոստացավ պաշտպանել խաղաղությունը, բայց դարձավ նրա գերեզմանափորը։

Այսօր արդեն հստակ է՝ 2023-ի սեպտեմբերին ոչ թե խաղաղապահ առաքելություն էր գործում Արցախում, այլ լուռ դիտորդների խումբ, որը չկանխեց Արցախի պատմության ամենացավոտ և ամենաողբերգական իրադարձությունը։ Ռուսական խաղաղապահ առաքելությունը, որի պարտավորությունն էր ապահովել խաղաղությունը, փաստացի դարձավ լռության և անտարբերության խորհրդանիշ, խաղաղապահությունը, որը պետք է լիներ կյանքի երաշխիք, դարձավ լռության վահան։

Մկրտիչ Իսրայելյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

10 Նոյեմբեր, 2025 12:06
Վեր