Զեղչերը հասնում են մինչև 70 տոկոսի, դժվարացել է խարդախության դիմելը. Ռոման Դանեղյանը՝ ՀՀ-ում «Սև ուրբաթ»-ի մասին Zarkerak - Զեղչերը հասնում են մինչև 70 տոկոսի, դժվարացել է խարդախության դիմելը. Ռոման Դանեղյանը՝ ՀՀ-ում «Սև ուրբաթ»-ի մասին
Zarkerak Zarkerak - Զեղչերը հասնում են մինչև 70 տոկոսի, դժվարացել է խարդախության դիմելը. Ռոման Դանեղյանը՝ ՀՀ-ում «Սև ուրբաթ»-ի մասին
Զեղչերը հասնում են մինչև 70 տոկոսի, դժվարացել է խարդախության դիմելը. Ռոման Դանեղյանը՝ ՀՀ-ում «Սև ուրբաթ»-ի մասին

Զեղչերը հասնում են մինչև 70 տոկոսի, դժվարացել է խարդախության դիմելը. Ռոման Դանեղյանը՝ ՀՀ-ում «Սև ուրբաթ»-ի մասին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Հայաստանում՝ հատկապես վերջին տարիներին, բիզնեսների մեծ մասը՝ հագուստի խանութներ, մոլեր, մեքենաների տարբեր բրենդներ, նույնիսկ ռեստորաններ ակտիվորեն սկսել են ավելի մեծ ներգրավվածություն ունենալ «Սև ուրբաթ»-ի օրերին իրենց ակցիաներով, կարծում եմ՝ ընդհանուր առմամբ այդ կուլտուրան բավականին արագ է զարգանում»,- Zarkerak.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց մարքեթինգի փորձագետ Ռոման Դանեղյանը:

Փորձագետի կարծիքով՝ այն ընկերությունները, որոնք չեն միանում «Սև ուրբաթ»-ին՝ կորցնում են իրենց հաճախորդներին. «Քանի որ «Սև ուրբաթ»-ը շատ մեծ տարածվածություն ունի, այն ընկերությունները, որոնք չեն միանում, փաստացի կարող են շատ մեծ խնդիրներ ունենալ իրենց վաճառքների տեսնակյունից, որովհետև մարդիկ գիտեն, որ «Սև ուրբաթ»-ի օրերին գրեթե ամեն տեղ այդ զեղչերը գործում են, այսինքն՝ եթե ինչ-որ ընկերություն որոշում է չմասնակցել, ավտոմատ իր պոտենցիալ հաճախորդը գնում է և գնում է կատարում այն ընկերությունից, որտեղ կա այդ ակցիան, որովհետև խոսքը հիմնականում 50-60, շատ դեպքերում 70 տոկոսի մասին է, որը շատ գրավիչ է»:

Անդրադառնալով այն մանիպուլյացիոն գործիքներին, որոնց հաճախ դիմում են տնտեսվարողները՝ Դանեղյանը  նշեց. «Կան ընկերություններ, որոնք դիմում են մախինացիաների, որն էթիկապես շատ վատ արարք է, եղել են նույնիսկ դեպքեր, երբ մարդիկ հիշել են ինչ-որ ապրանքի արժեք և դրանից հետո սոցիալական մեդիայում ևս փորձել են աղմուկ բարձրացնել և տուժել է միայն այդ բրենդը, բայց այդ մախինացիաները 100 տոկոսով բացահայտելը դժվար է: Մարդիկ, ովքեր ինչ-որ բաներ են պլանավորել գնել, մոտավորապես ֆիքսել են այն մոտավոր արժեքները, որոնք կան և եթե օրինակ՝ ինչ-որ ընկերություն 50 տոկոս զեղչ է հայտարարում, դժվար 20 հազար դրամանոց ապրանքը թանկացնի 30 հազար, հետո դարձնի 15 հազար, այսինքն՝ մախինացիաներ կարող են անել, բայց բռնվելը բավականին հեշտ է: Դա շատ հնարավոր է պտտվի իրենց դեմ և ունենան ռեպուտացիոն խնդիր մեր փոքր և շատ բամբասող շուկայում, որովհետև բոլորը բոլորի հետ կիսվում են»:

Չնայած վերը նշվածին՝ Դանեղյանը նկատեց, որ իրական զեղչեր էլ են լինում. «Գնումներ կատարելիս էլ մարդիկ պետք է լինեն գրագետ, եթե նրանք ինչ-որ մեծ գնումներ են պլանավորել, պետք է նախապես գնան ուսումնասիրեն և իրենց ֆինանսական պլանավորումը ևս կատարեն, այդ պահին էլ իրենք կհասկանան՝ խաբվում են, թե՝ ոչ: Վերջին տարիներին զեղչերը մինչև 70 տոկոսի հասնում են, վստահ չեմ կարող ասել՝ իրական զեղչեր են եղել, թե մի փոքր ուռճացված, բայց երբեմն այդ զեղչերն այլ ֆորմատով էլ են իրականանում: Շատ դեպքերում տնտեսվարողները փորձում են կոմբո առաջարկներ ներկայացնել, որպեսզի իրենք էլ օգուտ ունենան: Բացի վերահսկողական համակարգի կիրառումը, գնորդներն էլ են դարձել ավելի խելամիտ, մարդկանց զարգացվածության աստիճանն այստեղ շատ մեծ դեր է խաղում: Տնտեսվարողի համար ավելի դժվարացել է խարդախության դիմել»:

Ինչ վերաբերում է օնլայն գնումներին՝ մեր զրուցակիցն ընդգծեց. «Օնլայն գնումների տենդենցը շատ-շատ է մեծացել: Շատ մարդիկ սկսում են դրսից պատվերներ անել՝ տարբեր ընկերությունների միջոցով, շատ ապրանք գնելու դեպքում ավելի մեծ զեղչեր են լինում: Այստեղ հայ տնտեսվարողների մրցակցությունը միայն իրենց մեջ չի ընթանում, իրենք նաև մրցակցում են արտասահմանյան օնլայն խանութների հետ, դրա համար նրանք պետք է ավելի շահավետ առաջարկներ անեն»:

Խոսելով նաև այդ օրերին առկա հերթերի մասին՝ Դանեղյանն ասաց. «Մոլերում կան բրենդներ, որոնց համար լուրջ հերթեր են գոյանում, դա կախված է առաջարկից: Օրինակ՝ ԱՄՆ-ում մարդիկ, իրար հրելով, մտնում են խանութ, այնտեղ ռեալ 80-90 տոկոսանոց զեղչեր են լինում, դրա համար մարդիկ սպասում են, ինչքան ռեալ է զեղչը, այնքան ավելի թեժ է լինելու տվյալ խանութում առևտուրը: Մեզ մոտ պարզապես զեղչերն այդքան բարձր տոկոսների չեն հասնում, դեռ չեմ տեսել որևէ տեղ, որ ինչ-որ խելակորույս զեղչեր լինեն»:

 

Աննա Բզնունի

25 Նոյեմբեր, 2025 11:37
Վեր