Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«ՀՀ կառավարության տիրապետության ներքո Քի Վեսթի փաստաթուղթ չկա, մտածել եմ՝ ինչու չկա, որովհետև դա նույնիսկ բանակցային լիարժեք փաստաթուղթ չի եղել, դա եղել է դավադրություն, դա է պատճառը, որ այդ համատեքստում տեղի է ունեցել Հոկտեմբերի 27 և դրան նախորդած ու հաջորդած իրադարձությունները, ուրիշ որևէ բացատրություն չկա»,-ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի հարցին՝ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Դիմելով Խամոյանին՝ վարչապետը նշեց. «Ինչու եք Տեր-Պետրոսյանի հրապարակած թղթերին քամահրանքով վերաբերում, դուք չէիք, որ 2020 թվականից հետո հավաքվել էիք և որոշում էիք ազգի փրկության միասնական պլան, ձեր գործընկերոջ մասին է խոսքը, գնացեք իրենից պարզաբանում ուզեք, թե այս ինչ թուղթ է, դա ճշգրիտ այդ դավադրության տեքստն է: 5 տարի է Քի Վեսթ եք ասում, էլի եթե այդքան լավ, ուժեղ ծրագիր էր՝ իրականացնեիք, դուք եք Քի Վեսթից հրաժարվել՝ գնալով 2007 թվականին Մադրիդյան սկզբունքներ առաջարկել, բա եթե այդքան լավ բան էր Քի Վեսթը, ինչու եք հրաժարվել»:
Փաշինյանի խոսքով՝ մեծագույն պատասխանատվությունը ժողովրդի առաջ տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելն է. «Ես իմ վրա վերցրել եմ այդ պատասխանատվությունը, քաղաքական թիմը վերցրել է իր վրա պատասխանատվությունը և ժողովուրդը հավանություն է տվել այդ պատասխանատվությանը: 5 տարի է իշխանափոխություն եք անում, հասել եք այնտեղ, որ նույնիսկ չեք համարձակվում հանրահավաք անել, որովհետև, եթե այն ժամանակ ժամանակ կար 12 հազար մարդ մի կերպ միլիոններ ծախսելով հավաքում էիք, հիմա ուզում եք միլիոն ծախսեք, չեք կարողանալու հավաքել: Երկրի ճակատագիրը նման վիճակում ստանձնելով պետք է չվախենայի՞, ինչն է տարօրինակ այդտեղ: Վախենայի նոյեմբերի 9-ի թուղթը չէի ստորագրի, վախենայի չէի ասի այն, ինչ որ ասում եմ: Միշտ էլ վախեցել եմ սխալվելուց, այսօր էլ եմ վախենում սխալվելուց, միայն խելագարը կարող է չվախենալ այդ պատասխանատվությունն իրականացնելը սխալվելուց: Մենք ՀՀ միջին վիճակագրական քաղաքացուց բխած իշխանությունով միջին վիճակագրական քաղաքացի ենք, որ առերեսվել ենք մեր իսկ շահերին, դարդին: Մենք մեր երկրի ապագայի համար պետք է կայացնեինք որոշումներ և կայացրել ենք: Մենք այսօր ասում ենք՝ ՀՀ-ն 50, 100, 500 տարի լինելու շանս ունի»:


