Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը փետրվարի 26-ին այցելել է Ինժեներական քաղաք՝ Բարձր տեխնոլոգիական աքսելերատորի նորաբաց Ground Zero վենչուրային սրճարանում մասնակցելու ինժեներական համայնքի հետ հանդիպմանը, որին ներկա էին Ինժեներական քաղաքի ավելի քան 20 ռեզիդենտ ընկերությունների ներկայացուցիչներ։ Այս մասին հայտնել են ՀՀ ԲՏԱ նախարարությունից:
Նախարար Հայրապետյանը ողջունել է ներկաներին՝ ընդգծելով, որ վենչուրային սրճարանի ներկայությունը Ինժեներական քաղաքում ունի կարևոր նշանակություն. նման հարթակները ձևավորում են բաց և վստահելի միջավայր, որտեղ ծնվում են նոր գաղափարներ, խրախուսվում են ստեղծարար մտածողությունը, մասնագիտական երկխոսությունը և փորձի փոխանակումը։ Նրա համոզմամբ՝ նման ոչ ֆորմալ, բայց բովանդակային շփումները հաճախ դառնում են նոր գործընկերությունների, համատեղ նախագծերի և ներդրումային նախաձեռնությունների սկիզբ՝ նպաստելով համայնքի համախմբմանը և երկարաժամկետ զարգացմանը։
Անդրադառնալով Կառավարության ռազմավարական առաջնահերթություններին՝ նախարար Հայրապետյանը կարևորել է Հայաստանում ինժեներական կարողությունների շարունակական զարգացումը։ Այս համատեքստում Հայրապետյանն ընդգծել է, որ Ինժեներական քաղաքի մոդելի ընդլայնումն ու տարածումը մարզերում պետական քաղաքականության առանցքային ուղղություններից են։
Ground Zero-ի հիմնադիր Կարեն Գյուլբուդաղյանը ներկայացրել է նախաձեռնության գաղափարական հիմքերը՝ շեշտելով, որ նախագիծը ոչ միայն առևտրային գործունեություն է, այլև համայնքային յուրօրինակ հարթակ և մոդել։ Նրա խոսքով՝ տարածքը նախատեսված է ծառայելու որպես նոր գաղափարների ձևավորման, մասնագիտական քննարկումների, միջոցառումների կազմակերպման և համայնքային ակտիվության խթանման կենտրոն։
Հանդիպման մասնակիցները ներկայացրել են իրենց դիտարկումները, առաջարկներն ու հարցադրումները, իսկ նախարարը կիսվել է ոլորտի զարգացման տեսլականով և Կառավարության ռազմավարական մոտեցումներով։ Քննարկվել են ոլորտի զարգացմանն առնչվող առաջնահերթություններն ու համագործակցության հնարավորությունները, ինչպես նաև Հայաստանի ինժեներական ոլորտի համար բացվող նոր հնարավորությունները և առկա մարտահրավերները։



