«Fly One» ավիաընկերությունը հատուկ չվերթ է իրականացրել Օման՝ Մասկատ-Երևան երթուղով, հայտնել է ավիաընկերությունը։ Ըստ հաղորդագրության՝ հայկական օդանավը հատուկ չվերթով Հայաստան է վերադարձրել ՀՀ քաղաքացիներին, որոնք Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակով պայմանավորված, չէին կարողանում հետ վերադառնալ հայրենիք։
Flay One ավիաընկերության հատուկ չվերթի իրականացումը ևս մեկ անգամ ընդգծեց, որ մասնավոր ավիաընկերությունը կարող է գործել ազգային մտածողությամբ։ Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ «Fly One Armenia»-ն արագ արձագանքեց և կազմակերպեց չվերթ, որի հիմնական նպատակը հայրենակիցների անվտանգ վերադարձն էր հայրենիք։
Այս քայլը նախևառաջ պատասխանատվության, կազմակերպվածության և պետական մտածողության դրսևորում էր։ Ճգնաժամային իրավիճակներում ժամանակը չափազանց կարևոր է։ Նման պահերին անհրաժեշտ է ունենալ կառույց, որը ոչ միայն կոմերցիոն շահերով է առաջնորդվում, այլ նաև գիտակցում է իր դերակատարությունը երկրի և ժողովրդի առջև։
Ազգային ավիափոխադրողի նշանակությունը հատկապես ակնհայտ է դառնում հենց այսպիսի իրավիճակներում։ Երբ աշխարհաքաղաքական լարվածությունը կամ արտակարգ դեպքերը սահմանափակում են շարժը, իրական ազգային ավիաընկերությունը կարող է արագ որոշումներ կայացնել, օպերատիվ վերադասավորվել և աջակցել ՀՀ քաղաքացիներին՝ անկախ տնտեսական հաշվարկներից։
Սա հերթական ապացույցն է, որ ազգային ավիափոխադրողի առկայությունը ոչ միայն տնտեսական, այլև ռազմավարական նշանակություն ունի։ Այն ապահովում է կապը հայրենիքի հետ, ստեղծում վստահություն և տալիս այն կարևոր զգացողությունը, որ դժվար պահին կա կառույց, որը պատրաստ է կանգնել պետության ու քաղաքացիների կողքին։
Մասկատ–Երևան հատուկ չվերթը դարձավ ոչ միայն սովորական ուղևորափոխադրում, այլև պատասխանատվության խորհրդանիշ։ Եվ հենց նման քայլերով է ձևավորվում վստահությունը՝ թե՛ երկրի ներսում, թե՛ սփյուռքում ապրող մեր հայրենակիցների շրջանում։
Մկրտիչ Իսրայելյան
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։


