Փոքր քայլ, մեծ հիշեցում. մոռացված արժեքների վերադարձը Zarkerak - Փոքր քայլ, մեծ հիշեցում. մոռացված արժեքների վերադարձը
Zarkerak Zarkerak - Փոքր քայլ, մեծ հիշեցում. մոռացված արժեքների վերադարձը
Փոքր քայլ, մեծ հիշեցում. մոռացված արժեքների վերադարձը

Փոքր քայլ, մեծ հիշեցում. մոռացված արժեքների վերադարձը

Ժամանակակից քաղաքական կյանքում հաճախ ենք խոսում ծրագրերից, հայտարարություններից ու թվերից, բայց երբեմն փոքր թվացող մարդկային քայլերը շատ ավելի խոր իմաստ են կրում։ Ներկուսակցական քարոզարշավի ընթացքում` վարչապետ Նիկոլ Փաշինյանի մի պարզ, բայց խորհրդանշական քայլը հենց այդպիսի դեպքերից էր։ Համայքներից մեկում նա օգնեց մի տիկնոջ՝ նրա գնումների ծանր պայուսակը մինչև տուն հասցնել։ Թերևս շատերի համար սա սովորական իրավիճակ կարող էր թվալ, սակայն այդ քայլը իր մեջ կարևոր ուղերձ էր պարունակում։

Այս դրվագը հիշեցում էր մի մարդկային արժեքի մասին, որը երկար տարիներ եղել է մեր ժողովրդի բարոյական մշակույթի անբաժանելի մասը՝ մեծերի և կանանց նկատմամբ հարգանքը, հոգատարությունը և պատրաստակամությունը օգնելու նրանց։ Երբեմն թվում է, թե արագ փոփոխվող աշխարհում այդ պարզ, բայց կարևոր ավանդույթները մղվել են երկրորդ պլան։ Սակայն հենց նման պահերն են ցույց տալիս, որ այդ արժեքները կարելի է և պետք է վերակենդանացնել։

Ավագ սերունդը լավ է հիշում այն ժամանակները, երբ երիտասարդները կամ նույնիսկ դպրոցահասակ երեխաները առանց երկմտելու օգնում էին տարեց մարդկանց՝ նրանց ծանր պայուսակները տուն հասցնելու, ճանապարհն անցնելու կամ պարզապես աջակցելու հարցում։ Դա ոչ թե հատուկ նախաձեռնություն էր, այլ բնական վարքագիծ, որը ձևավորվում էր ընտանիքում, դպրոցում և հասարակական միջավայրում։ Այդպես էր դաստիարակվում սերունդը՝ հարգանքով, պատասխանատվությամբ և մարդասիրությամբ։

Փաշինյանի այդ փոքրիկ քայլը, գուցե, հենց այդ մոռացվող ավանդույթի հիշեցումն էր։ Դա քաղաքական ակցիա չէր, այլ մարդկային վերաբերմունքի օրինակ, որը կարող է խոսել ավելի բարձր, քան բազմաթիվ ելույթներ։ Այն կարծես հուշում էր այսօրվա երիտասարդներին, որ հասարակության ուժը միայն տնտեսությամբ կամ քաղաքականությամբ չի չափվում․ այն չափվում է նաև մարդկանց միջև գոյություն ունեցող հարգանքով, հոգատարությամբ և փոխօգնությամբ։

Այսօր, երբ աշխարհը հաճախ դառնում է ավելի արագ, ավելի անհատականացված և երբեմն նաև ավելի անտարբեր, նման օրինակները կարևոր են։ Դրանք հիշեցնում են, որ մեր ազգային ինքնության կարևոր բաղադրիչներից մեկը եղել է մարդկային ջերմ վերաբերմունքը, մեծերին հարգելը և օգնության ձեռք մեկնելը։

Նաև հենց այս արժեքներն են, որ կարող են միավորել սերունդներին և դարձնել հասարակությունը ավելի առողջ ու համերաշխ։ Եվ եթե նույնիսկ մի փոքր քայլ կարող է հիշեցնել այդ մասին, ապա այն արդեն ունի մեծ նշանակություն։

Մկրտիչ Իսրայելյան 

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

09 Մարտ, 2026 08:52
Վեր