Եկեղեցում վարչապետին հարվածելու փորձը պարզապես միջադեպ չէր։ Սա միաժամանակ հարված է պետությանը և հարված է եկեղեցուն։ Որովհետև եկեղեցին այն եզակի տարածքներից է, որտեղ նույնիսկ ամենաթեժ քաղաքական հակասությունների պայմաններում պետք է պահպանվի զսպվածության և արժանապատվության սահմանը։ Փողոցի ագրեսիան չպետք է մտնի եկեղեցի։
Բայց կա հարցի մյուս, թերևս ավելի վտանգավոր կողմը։ Մի սիրեք Փաշինյանին։ Դա ձեր իրավունքն է։ Այստեղ հարցը անձերը չեն։ Հարցը երկրի ղեկավարի ինստիտուտն է։ Այդ հարձակումը ուղղված չէր միայն Նիկոլ Փաշինյանին՝ այն ուղղված էր Հայաստանի ղեկավարին որպես ինստիտուտ։
Բայց խնդիրը միայն բուն միջադեպը չէ։ Իսկական վտանգը սկսվեց դրանից հետո, երբ քաղաքական դաշտի որոշ դերակատարներ և իրենց «վերլուծաբան» ներկայացնող շրջանակներ շտապեցին ոչ թե անվերապահորեն դատապարտել բռնությունը, այլ արդարացումներ գտնել դրա համար։ Ավելին, փորձեցին նույնիսկ մեղավորության սլաքներն ուղղել վարչապետի ուղղութամբ, շեշտելով, թե իբր վարչապետն իր այցով եկեղեցի՝ սադրել է այնտեղ գտնվող մարդկանց։ Կամ հարձակման փորձ կատարողի հետ թիկնապահներն ու իրավապահները կոպիտ են վարվել։ Սա արդեն ոչ թե ծիծաղելի է, այլ բարոյական դեգրադացիայի ուղիղ ցուցիչ է։
Այսօր հարցը Նիկոլ Փաշինյանի մասին չէ։ Հարցը շատ ավելի մեծ է․ արդյոք Հայաստանում ձևավորվո՞ւմ է մի միջավայր, որտեղ քաղաքական բռնությունը պետական պաշտոնյաների նկատմամբ դառնում է ընդունելի կամ գոնե «բացատրելի»։
Միջադեպից հետո որոշ ուժեր ոչ թե փորձում են լիցքաթափել իրավիճակը, այլ՝ գիտակցված սրում են այն։ Նրանք բառերով լեգիտիմացնում են այն, ինչը իրականում պետք է անվերապահորեն մերժվի։ Նրանք փորձում են բռնությունն արդարացնող պատճառներ փնտրել։
Բայց բռնությունը արդարացում չունի։ Պետությունը չի կարող գոյատևել այնտեղ, որտեղ բռնությունն արդարացվում է։ Որտեղ պաշտոնյանի նկատմամբ հարձակումը դառնում է քննարկման առարկա, ոչ թե դատապարտման։
Եվ վերջապես, Եթե անգամ չեք ընդունում իշխանությանը, եթե անգամ կտրուկ դեմ եք նրանց քաղաքականությանը, դա ձեզ չի տալիս բռնությունը հանդուրժելու կամ արդարացնելու իրավունք։ Որովհետև այն պահից, երբ բռնությունը դառնում է «թույլատրելի», պարտվողը միշտ պետությունն է լինում։
Մկրտիչ Իսրայելյան
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։


