Լեգիտիմ չէ, բայց մանդատը պետք է․ ընդդիմության  ձախողումը Zarkerak - Լեգիտիմ չէ, բայց մանդատը պետք է․ ընդդիմության ձախողումը
Zarkerak Zarkerak - Լեգիտիմ չէ, բայց մանդատը պետք է․ ընդդիմության ձախողումը
Լեգիտիմ չէ, բայց մանդատը պետք է․ ընդդիմության  ձախողումը

Լեգիտիմ չէ, բայց մանդատը պետք է․ ընդդիմության ձախողումը

«Ուժեղ Հայաստանը» որոշեց վերցնել Ազգային ժողովի մանդատները։ Իրականում այլ որոշում դժվար էլ կարելի էր պատկերացնել։ Բայց այստեղ խնդիրը մանդատ վերցնելը կամ չվերցնելը չէ։ Խնդիրը հերթական քաղաքական հակասությունն է, որը տարիներ շարունակ դարձել է մեր ընդդիմադիր դաշտի այցեքարտը։

Մի կողմից հայտարարում են, թե իշխանությունը լեգիտիմ չէ, ընտրությունները կեղծվել են, արդյունքները չեն արտահայտում ժողովրդի կամքը, մյուս կողմից առանց երկմտելու գնում են հենց այդ նույն «ոչ լեգիտիմ» իշխանության ձևավորած խորհրդարան, ստանում պատգամավորական մանդատներ, օգտվում այդ կարգավիճակի բոլոր քաղաքական հնարավորություններից և հաջորդ հինգ տարին աշխատում նույն համակարգի շրջանակներում։

Եթե իշխանությունն իսկապես լեգիտիմ չէ, ապա ինչպե՞ս կարող է լեգիտիմ լինել այդ իշխանության ձևավորած խորհրդարանում պատգամավորի մանդատը։ Իսկ եթե մանդատն ընդունելի է, ապա գոնե պետք է ազնվություն ունենալ և ընդունել, որ նախընտրական և հետընտրական ամբողջ հռետորաբանությունը չափազանցված էր և իրականությանը չէր համապատասխանում։
Սակայն այստեղ ավելի խորքային խնդիր կա։ Վերջին հինգ տարիների ընթացքում Հայաստանի ընդդիմադիր դաշտն այդպես էլ չկարողացավ կայանալ որպես քաղաքական ինստիտուտ։ Այդպես էլ չհասկացավ, թե ինչ է իրենից պահանջվում և որն է իր իրական առաքելությունը։

Ընդդիմության առաքելությունը միայն իշխանությանը հայհոյելը կամ նրա լեգիտիմությունը անվերջ կասկածի տակ դնելը չէ։ Նրա պարտականությունն է առաջարկել այլընտրանքային տեսլական, ներկայացնել իրատեսական ծրագրեր, վերահսկել իշխանությանը, պաշտպանել հանրային շահը և ամեն օր ապացուցել, որ ինքն ավելի պատրաստ է կառավարելու, քան գործող իշխանությունը։
Փոխարենը տարիներ շարունակ հասարակությանը մատուցվեց նույն քաղաքական բովանդակությունը՝ իշխանության ոչ ժողովրդականության և ոչ լեգիտիմության մասին մշտական հայտարարություններ, հեղափոխության կամ իշխանափոխության հերթական խոստումներ և անընդհատ ներքին հակասություններ։ Իսկ երբ գալիս է պատասխանատվության պահը, պարզվում է, որ նույն այդ «ոչ լեգիտիմ» խորհրդարանի մանդատները այնքան էլ անընդունելի չեն։

Արդյունքում հասարակությունը կրկին տեսնում է նույն պատկերը՝ բարձրագոչ հայտարարություններ, որոնք չեն դիմանում առաջին իսկ քաղաքական փորձությանը։

Հայաստանի քաղաքական համակարգին ուժեղ ընդդիմություն անհրաժեշտ է ոչ պակաս, քան ուժեղ իշխանություն։ Բայց ուժեղ ընդդիմություն չի կարող լինել այն քաղաքական ուժը, որը միաժամանակ պնդում է, թե իշխանությունը լեգիտիմ չէ, և հաջորդ պահին առանց որևէ քաղաքական կամ բարոյական բացատրության դառնում է այդ նույն իշխանության ձևավորած խորհրդարանի մասը։

Թերևս հենց սա է վերջին հինգ տարիների ամենամեծ դասը. ընդդիմադիր կոչվելը դեռ չի նշանակում ընդդիմություն լինել։ Քաղաքական հասունությունը չափվում է ոչ թե ամենաբարձր հնչող հայտարարություններով, այլ սեփական խոսքի և գործողությունների միջև եղած հետևողականությամբ։

Մկրտիչ Իսրայելյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

06 Հուլիս, 2026 11:29
Վեր