Տարիներ շարունակ Հայաստանը միջազգային լրահոսում հայտնվում էր պատերազմի, սահմանային լարվածության և անվտանգության ռիսկերի համատեքստում։ Այսօր պատկերն աստիճանաբար փոխվում է, և դրա առաջին շահառուներից մեկը դառնում է զբոսաշրջությունը։
Զբոսաշրջության կոմիտեի տվյալներով՝ 2026 թվականի հունիսին Հայաստան է այցելել 216,214 զբոսաշրջիկ, ինչը փոքր, բայց կարևոր աճ է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի՝ 215,253 այցելության համեմատ։
Հայաստանի նկատմամբ հետաքրքրության աճն ունի մի քանի պատճառ։ Վերջին տարիներին զգալիորեն զարգացել է հյուրանոցային և ռեստորանային ոլորտը, ավելացել են միջազգային ավիաչվերթները, ակտիվացել են զբոսաշրջային փառատոններն ու մշակութային միջոցառումները։ Երկիրը հայտնի է դարձել նաև իր անվտանգ միջավայրով, հարուստ պատմամշակութային ժառանգությամբ, յուրահատուկ խոհանոցով և բնական գեղեցկությամբ։
Շատերը կարող են ասել, որ աճն աննշան է, սակայն զբոսաշրջության ոլորտում ամենակարևորը միտումն է։ Իսկ միտումը հստակ է՝ Հայաստանը պահպանում և աստիճանաբար մեծացնում է իր գրավչությունը նույնիսկ այն պայմաններում, երբ տարածաշրջանը դեռ լիովին ազատված չէ աշխարհաքաղաքական ռիսկերից։
Տարեցտարի ընդլայնվում է նաև Հայաստան այցելող զբոսաշրջիկների աշխարհաւրությունը։ Սակայն կարևորն այստեղ միայն երկրների ցանկը չէ։ Ավելի կարևոր է այն, որ Հայաստանը միջազգային ընկալման մեջ աստիճանաբար դուրս է գալիս «հակամարտության գոտու» պատկերից և ավելի հաճախ ներկայացվում է որպես անվտանգ, հյուրընկալ և զարգացող զբոսաշրջային ուղղություն։
Սա նաև քաղաքական գործընթացների հետևանք է։ Երբ պետությունը խոսում է խաղաղության մասին, ձգտում է նվազեցնել լարվածությունը և տարածաշրջանը դարձնել ավելի կանխատեսելի, դրա արդյունքը միայն դիվանագիտական հայտարարությունները չեն։ Այդ փոփոխությունները տեսնում են նաև զբոսաշրջիկները, ավիաընկերությունները, միջազգային տուրօպերատորներն ու ներդրողները։
Զբոսաշրջիկը չի գալիս այնտեղ, որտեղ վաղը կարող է պատերազմ սկսվել։ Նա ընտրում է այն երկիրը, որտեղ իրեն անվտանգ է զգում, որտեղ կարող է հանգիստ շրջել, ծանոթանալ մշակույթին և վստահ լինել, որ իր արձակուրդը չի վերածվի արտակարգ իրավիճակի։ Հետևաբար յուրաքանչյուր աճող զբոսաշրջային ցուցանիշ նաև վստահության աճի ցուցանիշ է Հայաստանի նկատմամբ։
Խաղաղությունը հաճախ ներկայացվում է միայն որպես քաղաքական կամ բարոյական արժեք։ Սակայն այն ունի նաև շատ կոնկրետ տնտեսական գին։ Ավելի շատ զբոսաշրջիկ նշանակում է ավելի շատ եկամուտ հյուրանոցների, ռեստորանների, տրանսպորտի, թանգարանների, մարզային հյուրատների և հազարավոր փոքր ձեռնարկատերերի համար։ Դա նոր աշխատատեղեր է, լրացուցիչ հարկային մուտքեր և տնտեսական ակտիվություն։
Իհարկե, միայն խաղաղության օրակարգը բավարար չէ։ Անհրաժեշտ են նոր ենթակառուցվածքների զարգացում, միջազգային գովազդ, բարձրորակ սպասարկում և զբոսաշրջային նոր արտադրանք։ Սակայն առանց անվտանգության և կայունության նույնիսկ լավագույն ծրագրերը չեն կարող լիարժեք արդյունք տալ։
Հայաստանը դեռ երկար ճանապարհ ունի անցնելու, բայց արդեն այսօր ակնհայտ է, որ խաղաղության և կայունության ուղղությամբ յուրաքանչյուր քայլ սկսում է վերածվել տնտեսական արդյունքի։ Իսկ զբոսաշրջության աճը դրա ամենատեսանելի ապացույցներից մեկն է։
Մկրտիչ Իսրայելյան
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։


