Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
ԱՄՆ-Սաուդյան Արաբիա միջուկային համաձայնագիրը կյանքի կոչման հավանականությունը այս պահին նվազել է: Այս մասին Zarkerak.am-ի հետ զրույցում ասաց ԵՊՀ արաբագիտության ամբիոնի վարիչ, արաբագետ Հայկ Քոչարյանը՝ անդրադառնալով Սաուդյան Արաբիայի հետ միջուկային համաձայնագիրը կյանքի կոչելու համար ԱՄՆ նախագահ Թրամփի սահմանած նախապայմաններին։
Արաբագետի գնահատմամբ՝ միջուկային էներգիայի ոլորտում խաղաղ համագործակցության մասին փաստաթուղթը երկու օր առաջ ստորագրելուց հետո, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը, որ Ալ-Ռիադը այս ամենը կստանա միայն «Աբրահմայան համաձայնագրերին» միանալու դեպքում, խոսում է իսրայելական դիվանագիտության ակտիվության մասին:
«Մինչ համաձայնագիրը Կոնգրեսի կողմից հաստատելը, իսրայելական կողմը ժամանակ ուներ և այդ ժամանակը այն հաջողությամբ օգտագործել է: Չնայած Իսրայել-ԱՄՆ հարաբերություններում նկատվող ճգնաժամին, իսրայելական կողմը նաև պահպանում է ԱՄՆ նախագահի վարչակազմում ունեցած լծակները»,-ասաց արևելագետը:
Բանախոսը հիշեցրեց, որ «Աբրահամի համաձայնագրերը» կնքվել են 2020 թվականին՝ Թրամփի վարչակազմի միջնորդությամբ, երբ ԱՄԷ-ն և Բահրեյնը ճանաչեցին Իսրայել պետությունն ու դիվանագիտական հարաբերություններ հաստատեցին։ Ավելի ուշ համաձայնագրերին միացել էին նաև Սուդանը և Մարոկկոն, ինչպես նաև Ղազախստանը, որը Իսրայելի հետ դիվանագիտական հարաբերություններ ուներ դեռ 1992 թվականից։
«Սաուդյան Արաբիայի համար նման նախապայմանի սահմանումը ցույց է տալիս, որ Վաշինգտոնը «Աբրահամյան համաձայանգրերը» շարունակում է դիտարկել որպես Մերձավոր արևելքի անվտանգային մեխանիզմ: Այստեղ մեծ հարց է դեռ թե Ալ-Ռիյադը ինչպես կարձագանքի սրան, որովհետև փաստացի վերջինիս մանևրելու հնարավորությունը նվազում է»,-ասաց Քոչարյանը:
Արաբագետի խոսքերով Սաուդյան Արաբիայի և ԱՄՆ-ի միջև միջուկային էներգիայի ոլորտում համաձայնագրի կնքմանն ուղղված գործընթացները տևական ժամանակ է երկու երկրների բանակցային օրակարգում էր: Նրա խոսքերով սրանից զատ կա նաև Սաուդյան Արաբիային ամերիկյան F-35 կործանիչների վաճառքի հարցը:
Բանախոսն ընդգծեց, որ այս երկու ուղղություններով ընթացած բանակցությունները խորապես փոխկապակցված են իսրայելա-պաղեստինյան խնդրի կարգավորման գործընթացի հետ:
«Իսրայելական լոբբինգը միշտ է ձգտել կամ խոչընդոտել այս հարցերի կյանքի կոչումը, կամ փորձել առաջ մղել դրանք ստանալու դիմաց Սաուդյան Արաբիայի կողմից Իսրայել պետության ճանաչելու տարբերակը՝ թեկուզ «Աբրահամյան համաձայանգրերին» միանալու միջոցով: Սակայն, ի հակադրության սրան, Ալ-Ռիյադն էլ իր նախապայմաններն էր առաջ մղում, և Իսրայելի հետ հարաբերությունները կարգավորելու դիմաց պահանջում էր վերջինի կողմից ճանաչել Պաղեստին պետությունը՝ այսինքն խնդիրը լուծել «երկու պետություն» սկզբունքով: Այս պահանջը վերջին շրջանում ներառել էր նաև Գազայում ընթացող հակամարտության դադարեցումը»,-ասաց Քոչարյանը:
Արևելագետի խոսքերով, ԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի միջև միջուկային համաձայնագրի առանձնահատկությունը այն էր, որ համատեղ ուսումնասիրությունից հետո Սաուդյան Արաբիային թույլատրվելու էր իր սեփական տարածքում ուրան հարստացնել՝ վառելիք արտադրելու համար, ինչը թույլ կտա դադարեցնել միջուկային վառելիքի ներմուծումները։
Նրա խոսքերով սա էականորեն տարբերվելու էր ԱՄՆ-ի և ԱՄԷ-ի միջև 2009 թվականին կնքված համաձայնագրից, որի համաձայն ԱՄԷ-ն կամավոր հրաժարվում էր միջուկային վառելիք ինքնուրույն արտադրելու իր իրավունքից։ «Այս դեպքում Աբու-Դաբիին թույլատրվել էր միջուկային ռեակտոր ունենալ, ոչ թե միջուկային վառելիք արտադրող գործարաններ»,-հստակեցրեց Քոչարյանը:
Ըստ բանախոսի՝ միջուկային հեռանկարները, տարածաշրջանային անվտանգության մարտահրավերները և առհասարակ Իրանի շուրջ վերջին զարգացումները կարող են Ալ-Ռիյադին հարկադրել վերանայել իր դիրքորոշումները կապված Իսրայելի ճանաչման հետ:
«Բացի այս Իրանի հետ հակամարտության հանգամանքներում ԱՄՆ-ին խիստ անհրաժեշտ է Սաուդյան Արաբիայի աջակցությունը՝ կապված թե Հորմուզի նեղուցով անցումներն ապահովելու, և թե այլ լոգիստիկ խնդիրների կարգավորման հետ»,-ասաց բանախոսը:
Քոչարյանը նաև չբացառեց, որ միջուկային համաձայնագիրը կյանքի կոչելու դեպքում կարող է որոշակի առումով ԱՄՆ-ի կողմից որպես հակակշիռ դիտարկվել Սաուդյան Արաբիայի գաղափարական և քաղաքական հակառակորդ Իրանի միջուկային ծրագրերին:
Անդրադառնալով հարցին, թե արդյոք վերջին օրերին Եմենի Հութիների (հայտնի որպես «Անսար Ալլահ») խմբավորման կողմից Բաբ էլ-Մանդեբի նեղուցով անցումը փակելու հանգամանքը խնդիրներ չի ստեղծի Սաուդյան Արաբիայի համար, և չի հանգեցնի առավել լայն հակամարտության արաբագետը նշեց. «Այստեղ միայն Հութիների հարցը չէ, հարավում՝ Բաբ էլ-Մանդեբի նեղուցի մյուս կողմում կա Ջիբութին, որտեղ տեղակայված են տարբեր երկրների ռազմաբազաներ, ուստի չենք կարող խոսել նեղուցը փակելու մասին: Սա ի տարբերություն Հորմուզի նեղուցի, որտեղ նկատելի է իրանական գերակայությունը: Եթե թերակղզու արևելքում Իրանի հանգամանքն է, և անհրաժեշտություն կարող է լինել կոալիցիոն պայքար ծավալել, ապա Եմենի պարագայում խոսքը Հութիների մասին է՝ այսինքն խմբավորման, որի ռեսուրսները բավականին թույլ են: Այս դեպքում տարբեր մեխանիզմներ են գործելու»:
Արևելագետն այնուամենայնիվ չհերքեց, որ Հութիների գործողությունները կկարողանան խանգարումներ և խոչընդոտներ ստեղծել Կարմիր ծովով անցնող նավերի համար և դրանով ազդել համաշխարհային առևտրի լոգիստիկ շղթաների աշխատանքի վրա:
Ըստ Քոչարյանի, եթե Կարմիր ծովում խոչընդոտներ ստեղծվեն Սաուդյան Արաբիայի համար ռազմական գործողություններ կարող են տեղի ունենալ Հութիների դեմ, սակայն առավել լայն հակամարտություն այս պարագայում պետք չէ սպասել:
Արևելագետը միևնույն ժամանակ չբացառեց, որ միջուկային համաձայնագիրը կյանքի կոչելու դեպքում Սաուդյան Արաբիան ինչ որ պահի կարողանա հասնել միջուկային ծրագրերը ոչ քաղաքացիական նպատակներով օգտագործելուն՝ օգտվելով Պակիստանի աջակցությունից, որին 1990-ականներին Ալ-Ռիադն էր ֆինանսապես աջակցել միջուկային զենք ստանալու հարցում:
Անդրադառնալով հարցին, թե արդյոք Ծոցի արաբական երկրների տարածքներին Իրանի հարվածները չեն հանգեցնի հակաիրանական կոալիցիայի ձևավորմանը, Քոչարյանը ասաց. «Նման հանգամանքը կախված է, թե ինչ գործիքակազմ կօգտագործի ԱՄՆ-ը՝ Իրանի դեմ հակամարտության ընթացքում: Մյուս կողմից Ծոցի երկրներում նկատվում է հակաիրանական տրամադրությունների խոշոր աճ, չնայած որ իրանական հարվածները հիմնականում ուղղված են ԱՄՆ ռազմաբազաներին և դրանց սնուցող ենթակառուցվածքներին: Ըստ էության հակամարտությունը դեռ ԱՄՆ-Իրան դաշտում է, սակայն արաբական երկրների հակաիրանական կոալիցիա ձևավորելու համար տեսական հնարավորությունները չպետք է բացառել»:
Արաբագետը նշեց, որ ներկա պահին կոալիցիա ձևավորելու նախադրյալներ չկան, ինչը հավանաբար պայմանավորված է՝ մի կողմից արաբական երկրների համար դրա անհրաժեշտության բացակայությամբ, մյուս կողմից նման գործընթաց սկսելու ԱՄՆ-ի նախաձեռնողականության բացակայությամբ:
Բանախոսի գնահատմամբ տարածաշրջանում տեղ գտնող զարգացումների համատեքստում Հայաստանի համար կարևոր է Իրանի լոգիստիկ հնարավորությունների հետագա ճակատագիրը:
«Ռազմական վերջին ակտիվությունը արաբական երկրների հետ ապրանքաշրջանառության մասով խոչընդոտներ է ստեղծել Բանդր Աբբասի նավահանգստից օգտվելու շրջանակներում, որը մեզ համար մեծ կարևորություն ունի և փաստացի գտնվում է լարվածության կիզակետում: Մեր շահերից է բխում, որպեսզի հակամարտությունը հնարավորինս արագ կարգավորվի և իրավիճակը կայունանա: Արաբական երկրների հետ հարաբերությունների մասով, եթե խոսքը գնում է ցամաքային տարբերակի մասին, ապա սրա գործարկումը բացի Իրանից կապված է նաև Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումից, որտեղ դեռ տեղաշարժեր չկան»,-ասաց արևելագետը:
Ինչ վերաբերում է ԹՐԻՓՓ-ի ծրագրում Ծոցի արաբական երկրների՝ մասնավորապես Կատարի և ԱՄԷ-ի կողմից հնարավոր ներդրումների մասին տարածվող տեղեկություններին, ապա Քոչարյանը նշեց, որ դրանք դեռ խոսակցության մակարդակում են: «Դեռ ԹՐԻՓՓ-ի գործարկման մարմիններ են ստեղծվում, կտեսնենք թե Ծոցի երկրների ներդրումները որտեղ կարող են արտահայտվել»,-ասաց Քոչարյանը:


