Փաշինյանը փոխում է՝ «ԵՄ, թե՞ ԵԱՏՄ» հարցի տրամաբանությունը Zarkerak - Փաշինյանը փոխում է՝ «ԵՄ, թե՞ ԵԱՏՄ» հարցի տրամաբանությունը
Zarkerak Zarkerak - Փաշինյանը փոխում է՝ «ԵՄ, թե՞ ԵԱՏՄ» հարցի տրամաբանությունը
Փաշինյանը փոխում է՝ «ԵՄ, թե՞ ԵԱՏՄ» հարցի տրամաբանությունը

Փաշինյանը փոխում է՝ «ԵՄ, թե՞ ԵԱՏՄ» հարցի տրամաբանությունը

Հայաստանի եվրոպական ապագայի շուրջ քննարկումները հատկապես վերջին ամիսներին հիմնականում պտտվում են մեկ հարցի շուրջ՝ «ԵՄ, թե՞ ԵԱՏՄ»։ Սակայն վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունը ցույց է տալիս, որ իշխանությունը փորձում է փոխել հենց այդ հարցի տրամաբանությունը։

Պատասխանելով ռուս լրագրողների հարցին՝ Փաշինյանն այսօր չխոսեց ո՛չ Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու ժամկետի, ո՛չ էլ Եվրամիությանը շուտափույթ անդամակցելու մասին։ Փոխարենը նա առաջարկեց այլ բանաձև՝ նախ պետք է ստեղծել իրական ընտրություն, հետո միայն այն դնել ժողովրդի դատին։

Սա, առաջին հայացքից, կարող է թվալ պարզապես դիվանագիտական ձևակերպում։ Սակայն քաղաքական առումով այն շատ ավելի խորքային նշանակություն ունի։

Փաստացի վարչապետն ընդունում է, որ այսօր Հայաստանի քաղաքացիներին հնարավոր չէ առաջարկել ընտրություն, որի բովանդակությունը նույնիսկ պետությունն ամբողջությամբ չի կարող նկարագրել։ Ըստ Փաշինյանի, եթե վաղը հանրաքվե անցկացվի, բնականաբար կհնչեն հարցեր՝ ի՞նչ կտա ԵՄ անդամակցությունը, ի՞նչ կկորցնի Հայաստանը, ի՞նչ կլինի ԵԱՏՄ անդամակցության հետ, ինչպե՞ս կփոխվի արտահանումը, մաքսային ռեժիմը, աշխատաշուկան, անվտանգային քաղաքականությունը։ Այս հարցերի մեծ մասի պատասխաններն այսօր պարզապես գոյություն չունեն։

Հենց այստեղ է Փաշինյանի խոսքի հիմնական քաղաքական ուղերձը։ Նա ասում է, որ հանրաքվեն չի կարող նախորդել քաղաքական գործընթացին։ Նախ պետք է լինեն բանակցություններ, պաշտոնական դիմում, Եվրամիության արձագանքը, հնարավոր ճանապարհային քարտեզը, նոր միայն՝ ժողովրդի որոշումը։

Սակայն այս մոտեցման մեջ կա նաև Փաշինյանի քաղաքական հաշվարկը։

Եթե իշխանությունն այսօր հայտարարեր հանրաքվե, ապա այն կվերածվեր ոչ թե ԵՄ անդամակցության, այլ գործող իշխանության նկատմամբ վստահության կամ անվստահության քվեարկության, ինչին էլ թերևս ձգտում է Ռուսաստանը, որը հանրաքավե անցկացնելու խիստ պայման է դնում Հայաստանի իշխանության առաջ։ Իսկ այդ դեպքում դեպքում ընտրության առարկան կկորչի ներքաղաքական պայքարի մեջ։ Փաշինյանը, ըստ էության, փորձում է խուսափել հենց այդ սցենարից՝ հանրաքվեն տեղափոխելով այն փուլ, երբ քննարկումը հնարավոր կլինի կառուցել փաստերի, ոչ թե ենթադրությունների վրա։

Միևնույն ժամանակ վարչապետի խոսքում կա նաև արտաքին լսարանին ուղղված ազդակ։ Մոսկվային նա ցույց է տալիս, որ Հայաստանը դեռ չի կայացրել վերջնական աշխարհաքաղաքական ընտրություն և չի պատրաստվում միակողմանի քայլերի։ Բրյուսելին փոխանցվող ուղերձն էլ այլ է՝ եթե եվրոպական ինտեգրումը պետք է դառնա իրական օրակարգ, ապա Եվրամիությունն ինքն էլ պետք է ձևակերպի, թե ինչ է առաջարկում Հայաստանին։

Այսպիսով, Փաշինյանը պատասխանատվության մի մասը տեղափոխում է հենց ԵՄ դաշտ։ Եթե չկա անդամակցության հստակ հեռանկար, եթե չկա ճանապարհային քարտեզ, եթե չկան քաղաքական և տնտեսական երաշխիքներ, ապա հանրաքվեն կդառնա դատարկ քաղաքական ակցիա։

Սակայն այստեղ առաջանում է մեկ այլ կարևոր հարց։ Եթե իշխանությունը հայտարարում է, որ ընտրության համար անհրաժեշտ է նախ ստեղծել դրա պայմանները, ապա որքանո՞վ է պատրաստ հենց այդ ուղղությամբ արագ և հետևողական քայլերի։ Որովհետև եթե պաշտոնական դիմումը Եվրամիությանը անընդհատ հետաձգվի, ապա «ընտրությունը դեռ չի ստեղծվել» ձևակերպումը կարող է վերածվել անվերջ սպասման քաղաքականության։

Հենց սա է Փաշինյանի հայտարարության ամենակարևոր ենթատեքստը։ Նա հրաժարվում է «ԵՄ, թե՞ ԵԱՏՄ» պարզունակ երկընտրանքից և առաջարկում է այլ օրակարգ՝ նախ կառուցել այն քաղաքական, իրավական և տնտեսական հիմքերը, որոնց վրա հնարավոր կլինի իրական ընտրություն կատարել։ Բայց այդ մոտեցման հաջողությունը կախված է մեկ հանգամանքից՝ արդյոք իշխանությունը կկարողանա այդ «ընտրությունը» վերածել իրական գործընթացի, թե այն կմնա քաղաքական հայտարարությունների մակարդակում։

Այս պահին ակնհայտ է մեկ բան՝ Հայաստանի եվրոպական ինտեգրման շուրջ քննարկումները մտնում են նոր փուլ։ Իշխանությունը հայտարարում է, որ վերջնական ընտրությունը պետք է կատարվի միայն այն ժամանակ, երբ քաղաքացիները հստակ պատկերացում ունենան, թե ինչ է առաջարկում Եվրամիությունը, ինչ փոփոխություններ են սպասվում և ինչ հետևանքներ կունենա այդ որոշումը։ Այժմ հիմնական հարցն այն չէ, թե «ԵՄ, թե՞ ԵԱՏՄ», այլ՝ արդյոք Հայաստանը կկարողանա ստեղծել այն քաղաքական և իրավական պայմանները, որպեսզի այդ ընտրությունը լինի իրական, տեղեկացված և հիմնավորված։

Մկրտիչ Իսրայելյան

 

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

07 Օգոստոս, 2026 13:10
Վեր