Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Եթե Կաթողիկոսը օրենքի խախտում է թույլ տվել, հանցանք գործել, կամ արտաքին ազդեցության գործակալ դարձել, ուրեմն պետք է կանգնի օրենքի առաջ: Այս մասին Zarkerak.am-ի հետ զրույցում ասաց աստվածաբան Հարություն Հարությունյանը՝ անդրադառնալով Կաթողիկոսի դատավարությանը։
Հիշեցնենք, որ այսօր օգոստոսի 7-ին Արմավիրի դատարանում ընթանում է Կաթողիկոսի դեմ ուղղված դատավարությունը: Կաթողիկոսը մեղադրվում է դատական ակտի կատարմանը խոչընդոտելու համար, մի գործով որով մեղադրվեցին նաև եկեղեցու վեց բարձրաստիճան հոգևորականներ: Գործը վերաբերում է Կաթողիկոսի դեմ վարչապետի արշավին միացած 10 եպիսկոպոսներից Մասյացոտն թեմի առաջնորդ Գևորգ սրբազանին: Կաթողիկոսը պաշտոնանկ էր արել նրան, իսկ դատարանը պարտավորեցրել վերականգնել հոգևորականին իր պաշտոնին: Մայր Աթոռը, ոչ միայն չէր վերականգնել այլ նաև կարգալույծ էր արել նարն՝ հայտարարելով, որ այս հարցերը դատարանի տիրույթում չէ:
Պատասխանելով Կաթողիկոսի հնարավոր փոփոխության մասին հարցին աստվածաբանը՝ բացատրեց, որ նրա կենդանության պարագայում եկեղեցիական կանոնադրության համաձայն Կաթողիկոսին դեմ պետք է արտահայտվի եպիսկոպոսաց դասի 2/3-ը:
«Այսինքն, ներկա պահին գործունեություն ծավալող 60 եպիսկոպոսից 40-ը պետք է անվստահություն հայտնեն, եկեղեցիական ժողով հրավիրեն և ընտրեն տեղապահ: Երկրորդ տարբերակը վերաբերվում է դատաիրավական գործընթացին, բոլորս էլ հավասար ենք օրենքի առաջ և չկա քրմապետություն: Այսօր՝ օգոստոսի 7-ին ընթացող դատական գործընթացը հիմնվում է 507 հոդվածի վրա, որով նրանից կամ պետք է պահանջվի դրամական տույժ, կամ մինչև երկու տարի ազատազրկում: Եթե մյուս դատական խնդիրներն էլ ավելանան սրա վրա և ճշտվի, որ Հայաստան փողեր են գալիս ու ներդրվում քաղաքականության մեջ կամ ի դեմս՝ իր եղբոր, Եզրաս արքեպիսկոպոսի, ինքը օտար ծառայությունների գործակալական ցանցի մեջ է, ապա քրեական հոդվածների թիվը կավելանա ու կհայտնվի ճաղերի հետևում: Չգիտեմ տարիքը հաշվի կառնվի, թե նա բանտ կնստի, բայց ամեն դեպքում նա խափանման միջոց կստանա: Նույնիսկ եթե նա շարունակի կրել Կաթողիկոսի տիտղոսը, փաստացի եպիսկոպոսները պետք է հավաքվեն և տեղապահ ընտրեն, այսինքն մի բարձրաստճան հոգևորական, որը կղեկավարի եկեղեցին իր բացակայության պատճառով»,-ասաց աստվածաբանը:
Բանախոսն ընդգծեց, որ Եկեղեցու նման դիրքորոշումն ու գործունեությունը հիբրիդային պատերազմի մաս է: Նա նշեց, որ նման գործընթացներ միայն Հայաստանում չէ, որ տեղի են ունենում, և այս նույն մեթոդը կիրառվում է Ֆինլանդիայից մինչև արևելաեվրոպական և հարավկովկասյան հետխորհրդային երկրներ, այսինքն այնպիսի երկրներում, որտեղ որոշ ուղղափառ եկեղեցականներ դեռևս կապ են պահում համայն Ռուսիո և Մոսկվայի պատրիարքության հետ։
«Այսօր մենք տեսնում ենք, որ պետություն-եկեղեցի կոնֆլիկտը ոչ թե հոգևոր ոլորտում է զարգանում, այլ այն իր էությամբ քաղաքական էսկալացիայի է գնում: Տեսնում ենք, որ Կաթողիկոսը փաստացի աջակցում է ընդդիմությանը: Մի ընդդիմության, որն իր հերթին փաստացի Ռուսաստանի կողմից աջակցվող օլիգարխի է փորձում ներմուծել»,-նշեց աստվածաբանը:
Ըստ Հարությունյանի՝ այսօր հակասությունների խորքում Կաթողիկոսի դեռ ԽՍՀՄ-ում ուսանող տարիներից ստացած կրթությանը համապատասխան տարվող այն գիծն է, որի նպատակը կայանում է Հայաստանը Ռուսաստանին հնազանդ պահելու մեջ:
«Եթե ուսումնասիրենք, ապա կտեսնենք, որ իշխանության և եկեղեցու միջև այդ սառեցումը սկսվել է հենց թավշյա հեղափոխությունից հետո, բայց մակերեսի վրա այլ խնդիրներ են առաջ քաշվել, որպեսզի ժողովրդին խեղաթյուրեն: Դրանցից են 2020 թվականին Լեռնային Ղարաբաղում կրած պարտությունը, որից հետո՝ դեկտեմբերի 20-ին եկեղեցու վերնախավը սկսել էր բացահայտ քննադատել իշխանությանը և պահանջել այդ ժամանակ գործող Կառավարության հրաժարականը: Մյուսը դա Արցախի վերջնական կորուստն էր 2023 թվականին, որի պատասխանատվությունը կրկին դրվեց մեր իշխանության վրա, և որպես էմոցիոնալ թեմա մեծ չափերով մանիպուլացվեց առ այսօր: Սրանց հետ մեկտեղ կա նաև Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը միջազգային ատյաններում առաջ տանելու խնդիրը, որը կրկին զգացմունքային հարց է՝ կապված մեր կոլեկտիվ տրավմայի հետ»,-ասաց բանախոսը:
Նրա խոսքով՝ եկեղեցու այսպիսի մոտեցումը տարավ նրան, որ իշխանությունը որոշեց վերջ տալ այս ամենին և աջակցել եկեղեցու բարեկարգմանը, որն անգամ արձանագրվել էր «Քաղաքացիական պայմանագրի» նախընտրական արշավի ծրագրում:
Անդրադառնալով հարցին, թե արդյոք հոգևորականությունը իր հակապետական գործունեության համար ուներ աստվածաբանական հիմնավորում, Հարությունյանը նշեց. «Որոշ քահանաներ, ոչ թե եկեղեցու վերնախավը, այլ որոշ քահանաներ փորձեցին իրենց հակապետական գործունեությանը աստվածաբանական հիմնավորում տալ: Օրինակ՝ նրանք փորձեցին վարկաբեկել Նիկոլ Փաշինյանի ընտանիքը՝ կոչելով «անառակ ընտանիք»՝ դա էլ բացատրելով այն հանգամանքով, որ վարչապետը և Աննա Հակոբյանը իրենց ամուսնությունը չէին ամրագրել եկեղեցով: Հետո, երբ վարչապետը 2025 թվականին ուղևորվել էր Վատիկան, հանդիպել նոր Հռոմի պապ Լևոն XIV-ի հետ և մասնակցել հայ արքեպիսկոպոս Իգնատիոս Մալոյանի սրբադասմանը, այնտեղ հաղորդություն էր ստացել, դա էլ փորձեցին մանիպուլացնել՝ հայտարարելով «հերետիկոս ով հաղորդություն էր ստացել կաթոլիկներից»: Մի քանի քահանաների կողմից մանիպուլացիայի մեկ այլ դեպք էր, երբ Փաշինյանը Հովանավանքում պատարագի էր մասնակցել Տեր Արամ Քահանա Ասատրյանի մոտ, ով դրանից ընդամենը մի քանի օր առաջ կարգալույծ էր հռչակվել Կաթողիկոսի կողմից: Սա փորձում էին բացատրել նրանով, որ կարգալույծի կողմից հաղորդություն է ստացել և փորձում է ստեղծել իր սեփական-բողոքական եկեղեցին»:
Անդրադառնալով եկեղեցու կողմից պետության գործերին միջամտելու թույլատրելիության խնդրին, աստվածաբանը բացատրեց, որ եթե տարբեր պատմական ժամանակաշրջաններում պետականության բացակայության պատճառով եկեղեցին կատարել է հասարակության կառավարման գործառույթները, ապա այսօր պատկերն այլ է, որովհետև ունենք պետություն և մարդու իրավունքների սկզբունքների վրա հիմնաված Սահմանադրություն։ Մայր օրենքում հստակ ամրագրված է, որ եկեղեցին և պետությունը անջատ են միմյանցից, իսկ օրենսդրությամբ կա կրոնական կազմակերպության կանոնադրություն, որտեղ նշված են հոգևորականների գործառույթները:
«Այդ պաշտոնական կանոնադրության մեջ ոչ մի կետ չկա, որ որևէ հոգևորական պետք է գնա ու զբաղվի քաղաքականությամբ: Դրա համար Բագրատ Գալստանյանի պարագայում՝ իրենք 2024 թվականի մայիսին Կիրանցից սկսված «Սրբազան շարժման» պարագայում կասեցրին նրա թեմական առաջնորդությունը, որը չտեսնված բան էր: Սա արվեց նրա համար, որ նա կարողանար փողոցային ընդվզումը ղեկավարել»,-ասաց բանախոսը:
Ներկեղեցական խնդիրների պարագայում Հայաստանում չկա եկեղեցական դատարան, ինչպես կան եվրոպական երկրներում, ցավով նշեց աստվածաբանը և հավելեց, որ եթե խնդիրները չեն լուծվում եկեղեցու կողմից՝ Մայր Աթոռում, ապա հոգևորականները այլ ելք չունեն, քան աշխարհիկ դատարանին դիմելը:
Անդրադառնալով Բագրատ Գալստանյանի և Միքայել Աջապահյանի ընդդիմադիր գործունեությանը Հարությունյանը նշեց. «Եթե ուշադիր նայենք 2018 թվականների կադրերը, ապա կտեսնենք, որ երկու այս հոգևորականները աջակցել են «թավշյա» հեղափոխությանը: Չգիտեմ սա ձևական էր, թե իրապես այդպես էր, համենայն դեպս տպավորություն կար, որ իրենք անընդհատ ուզում էին, որ ժողովրդավարությունը հաղթի, ուղղակի Կառավարությունն այդ ժամանակ նաև չուզեցավ խառնվել Հայր Կորյունի առաջնորդությամբ ընթացող «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» շարժմանը և Կաթողիկոսի ընտրության խնդրին»:
Ըստ աստվածաբանի՝ իշխանությունների դեմ եկեղեցու հակակրանքը առաջին անգամ դրսևորվել էր 2020 թվականի դեկտեմբերի 7-ին, երբ 44-օրյա պատերազմում պարտվելուց հետո Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանը չէր մասնակցել 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված համատեղ աղոթքին՝ հայտարարելով, որ Փաշինյանը «իմ վարչապետը չէ»: Այս իրադարձություններին հաջորդեց 2021 թվականին ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունը, որ ընդդիմադիր շարժումը պետք է ղեկավարի որևէ ազդեցիկ հոգևորական, որի ֆոնին էլ մեկնարկված փողոցային ցույցերին առաջին անգամ միացել էր Բագրատ Գալստանյանը:
«Թե՛ Գալստանյանը, և թե՛ Աջապահյանը խարիզմատիկ հոգևորականներ էին, լավ քարոզիչներ, շատ ափսոս, որ մտան այս քաղաքական խաղի մեջ, որովհետև սա խայտառակություն էր: Արդյունքում իրենք երկուսն էլ կորցրեցին իրենց հարգանքը միաբանակից եղբայրների աչքերում ու հանրային վստահությունը»,- ասաց Հարությունյանը և հավելեց. «փաստորեն կրոնը մանիպուլացվեց, ինչը արեց եկեղեցու վերնախավը մի ընդդիմադիր քաղաքական գործչի հորդորով»։


