Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին
«Եթե ինչ-որ մի հարց վերաբերում է բիզնեսին, այդտեղ խիղճ գոյություն չունի»,-Zarkerak.am-ի հետ զրույցում անդրադառնալով վարձակալության շուկայում տիրող իրավիճակին՝ ասաց Անշարժ գույքի գործակալության տնօրեն Անդրանիկ Հարությունովը:
Հարությունովի խոսքով՝ այս պահին դիսբալանս կա միջին կամուտ ստացող քաղաքացու և անշարժ գույքի վարձավճարների գների հետ կապված. «Դա այսօր խնդիր է թե՛ ուսանողների, թե՛ սովորական քաղաքացիների համար: Մեղադրել սեփականատերերին, որ իրենք խիղճ չունեն ու բարձր գներով են հանձնում, ճիշտ չեմ համարում, որովհետև այդ սեփականատերերից շատերը իրենց խնայողությունները ներդրում են արել անշարժ գույքի մեջ և սկսել են գույք ձեռք բերել վարձակալության հանձնելու համար: Եթե էմոցիաները դնենք մի կողմ, ցանկացած մարդ, ով ներդրում է անում, օրինակ՝ 100 հազար դոլարով գույք է ձեռք բերում ու գիտի, որ դա իրեն տարեկան պետք է բերի պայմանական 8 տոկոս եկամտաբերություն, հաստատ քչերն են, որ կասեն՝ լավ էժան կտամ, նման բան ֆինանսական հարաբերությունների մեջ չկա»:
Հարությունովը մեկ կարևոր խնդիր առանձնացրեց. «Մարդիկ գործող պայմանագիր են ունենում ու խախտում են, օրինակ՝ մեկը 1 տարով տուն է վարձակալել ու բում է լինում, մարդկանց հոսք է գալիս ՀՀ, սեփականատերն ասում է՝ ես որոշել եմ իմ վարձակալության արժեքը կրկնապատկեմ, կամ պետք է դուրս գաս ու շատ լուրջ խնդիր է առաջանում: Դա ոչ մի իրավական հետևանք չի ունենում, հիմնական մեղավորը լինում է վարձակալը, որովհետև գույք վարձակալելուց պարտադիր պետք է օրենքով նախատեսված պայմանագիր կնքել, որ նման անակնկալ ձևով դուրս չհանեն: Սեփականտերն էլ կիմանա, որ երբ նմանատիպ ցանկություն առաջանա իր մոտ՝ իրավական հետևանք կունենա իր քայլը և դրան չի գնա»:
Ըստ Անդրանիկ Հարությունովի՝ ՀՀ եկած օտարերկրացիների եկամուտները մեր քաղաքացիներից բարձր են, դրա համար հիմնականում կարողանում են իրենց թույլ տալ 300-400-500 հազար տալ ու բնակարան վարձակալել. «Մեր քաղաքացիներն այդ մարդկանց հետ չեն կարող մրցել, սեփականատերերին էլ ձեռնտու է, որ իրենց գույքը թանկ հանձնեն: Այստեղ լուրջ դիսբալանս է առաջանում»:


