Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Աշխարհի լավագույն 50 բուհերն ավարտած ՀՀ քաղաքացիներին կառավարության տված հնարավորությունը լավ տարբերակ է բոլոր նրանց համար, որոնք ավարտելուց հետո կցանկանան վերադառնալ Հայաստան և զբաղվել իրենց մասնագիտությամբ: Այս մասին Zarkerak.am-ի հետ զրույցում ասաց կրթության ոլորտի փորձագետ Սերոբ Խաչատրյանը՝ անդրադառնալով աշխարհի լավագույն բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորող ՀՀ քաղաքացիներին զորակոչից տարկետում տրամադրելու դիմաց ուսումն ավարտելուց հետո Հայաստանում աշխատելու մասին որոշմանը։
Հիշեցնենք, որ Առողջապահության նախարարությունը, Էկոնոմիկայի նախարարությունը հրապարակել են այն հաստիքների ցանկը, որոնց կարող են դիմել այն ՀՀ քաղաքացիները, ովքեր ավարտել են լավագույն բուհերը՝ զորակոչից տարկետում տրամադրելու դիմաց։ Օրինակ՝ Էկոնոմիկայի նախարարությունը առաջարկում է նախարարի տեղակալի օգնականից մինչև ավագ մասնագետ, իրավաբան։
«Բնական է, այն ուսանողները, որոնք ուսումը ստացած տվյալ երկրում կունենան լավ աշխատանք, որոշակի խնդիրներ կարող են լինել՝ կապված Կառավարության այս որոշման հետ: Սա հիմնականում այն պատճառով, որ արտասահմանում սովորած ու ավարտած ուսանողները բնականաբար ձգտում կունենան մնալ և այնտեղ աշխատել, քանի որ այնտեղ կա զարգացման միջավայր և մասնագիտական առաջընթացի լայն հնարավորություն: Հիմա ստացվում է, որ նման ուսումնական հաստատություններն ավարտած մարդը պետք է այդ միջավայրը թողնի և երեք տարով գա Հայաստան: Մյուս կողմից էլ, եթե կա պարտադիր զինվորական ծառայության մասին օրենքի հետ կապված խնդիր, ապա սա լավ գործարքային տարբերակ է և այն ընդունելու դեպքում շրջանավարտը խնդիր չի ունենա օրենքի հետ»,-ասաց փորձագետը:
Անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք սա չի նշանակում արտագաղթի խթանում, քանի որ ըստ էության խրախուսվում է արտերկրում սովորելը, Խաչատրյանը նշեց, որ նման միտում չի տեսնում:
«Նախ ամեն մարդ չի կարող դրսի համալսարաններում ընդունվել և սովորել: Դա այնքան էլ հեշտ բան չէ՝ հատկապես հիմա, քանի որ աշխարհի շատ առաջատար բուհերում ուսման վարձերն են թանկացել, և հատկապես ԱՄՆ-ում շատ չեն խրախուսում օտարերկրյա ուսանողների ընդունումը: Բացի այս, անհրաժեշտ է, որպեսզի նման բուհերում սովորելուց առաջ բարձր առաջադիմություն ունենան դպրոցում: Այսինքն հիմա սա այնքան էլ հեշտ չի, իսկ Կառավարության նախաձեռնության իմաստը կայանում է նրանում, որ արտերկրում ավարտած քաղաքացիներին հետ բերեն, ինչը նշանակում է, որ ընդհակառակը, նվազեցնել արտագաղթի միտումները»,-ասաց բանախոսը:
Միևնույն ժամանակ փորձագետը չբացառեց, որ ժամանակի հետ դուրս գնացող ուսանողների թիվը աճելու է, որովհետև ներկայումս դպրոցականներն ավելի շատ են սովորում օտար լեզուներ, իսկ կրթության հնարավորությունները մեծացել են: Ըստ բանախոսի՝ սա չի նշանակում, որ արտագաղթի թռիչքային աճի կարող է հանգեցնել և երիտասարդները 1000-ներով դուրս գան երկրից:
«Երբ, որ Կառավարությունը տարկետման համար նախկին 10 լավագույն համալսարանների ցանկը դարձրեց 50, սրա արդյունքում բնականաբար դիմորդների ու ուսանողների թիվը ավելացավ: Սա այն պատճառով, որ այդ լավագույն 50 համալսարանների ցանկում ևս կառուցվածքային փոփոխություններ տեղի ունեցան: Եթե նախկինում դրանց մեջ մտնում էին ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և եվրոպական այլ երկրների համալսարանները, ապա հիմա ներառվել են նաև Չինաստանի բուհերը: Այդ 50-ից 7-ը կամ 8-ը արդեն չինական բուհերն են: Նաև որոշ հայտնի համալսարններ, ինչպիսիք են Սորբոնը կամ Նյու Յորքի համալսարանը մասնաճյուղեր են բացել Աբու-Դաբիում: Այս համատեքստում Հայաստանից սովորղների թվային աճ ունենք, եթե նախկինում դիմորդների ու ընդունվողների թիվը հասնում էր 100-ի, ապա այսօր այդ թիվը տատանվում է 200-250-ի միջև»,-բացատրեց Խաչատրյանը:
Անդրադառնալով հարցին, թե արդյոք Կառավարության նման որոշումը չի հեղինակազրկում հայկական բուհերին, փորձագետը բացատրեց, որ ընդհակառակը, Կառավարությունը այսօր պահանջ է դրել ՀՀ չորս բուհերը հասցնել միջազգային մակարդակի և մտցնել աշխարհի լավագույն 500-ի մեջ: Խաչատրյանի գնահատմամբ՝ բացի այս, Կառավարության ու նախարարությունների աշխատակիցների մեծ մասը տեղական բուհերի շրջանավարտներն են, ինչը խոսում է այն մասին, որ իսկապես տեղական բուհերի արժեզրկման միտում չկա:
«Կարծում եմ չպետք է խտրականություն դնել, թե մարդը ինչ բուհ է ավարտել, որովհետև մարդը կարող է սովորական բուհ ավարտի, բայց ունենա լավագույն կառավարչական հմտությունները: Կան բաներ, որ աշխարհի որ լավագույն համալսարանն էլ գնաս չես սովորի: Այնպես չէ, որ Հարվարդն ես ավարտել, ուրեմն կարող ես լավ նախարար կամ փոխնախարար լինես: Գուցե ՀՀ բուհերում ավարտածը ավելի լավը լինի: Պետք է նայել մարդը ինչ ճանապարհ է անցել, ինչ անձնային որակներ ունի: Միայն դիպլոմով չպետք է նայել»,-ասաց փորձագետը։
Նրա խոսքերով այժմ գլոբալ համալսարանական մակարդակում գնում է միջազգային մրցակցություն, այսինքն ուսումնական հաստատությունները ձգտում է հնարավորինս շատ օտարերկրացի ուսանողներ ներգրավել: «Եթե մենք մեծաքանակ արտերկրացի ուսանողներ ունենանք դա էլ որակի բարձրացում կարելի է համարել ու մեր բուհերը ավելի մրցունակ դարձնել»,-ասաց Խաչատրյանը:
Նրա խոսքով՝ այժմ հայկական բուհերը այս առումով մրցունակ չեն, որովհետև ի տարբերություն եվրոպական բուհերի՝ բավականին բարձր են ուսման վարձերը, որոնք 500 հազարից հասնում են մինչև մեկ միլիոնի և որոշ դեպքերում ավելի շատ:
Խաչատրյանը նաև բացատրեց, որ հասարակության մեջ մեծ չէ ձգտումը ուսումն ավարտելուց հետո պետական սեկտորում աշխատելու համար, քանի որ, եթե պետական մակարդակում կարող է անձը վաստակել 500 հազար դրամ, ապա մասնավոր սեկտորում այդ թվերը կարող են հասնել ընդհուպ մինչև 5-6 մլն-ի:
«Կարող ենք արձանագրել նաև, որ 2000-ականների համեմատ տրանսֆորմացիա ունենք մասնագիտության ընտրության հարցում, եթե նախկինում նախապատվությունը տրվում էր համալսարանական մասնագիտություններին, ապա այսօր փոխվել է, այդ նախապատվությունը տրվում է դրանցից դուրս գործող մասնագիտություններին, ինչպիսին օրինակ բլոգերությունն է»,-ասաց բանախոսը:
Ըստ փորձագետի՝ Կառավարության ընդունած որոշումը որևէ կերպ չի նշանակում նաև գենդերային խտրականության դրսևորում, քանի որ արտերկրում ավարտած արական սեռի ուսանողների դեպքում, այն էլ զինվորական ծառայությանը փոխարինելու պարագայում, դժվար թե աշխատավարձը հասնի մինչև մեկ միլիոնի, որից ելնելով էլ գենդերային անհավասարություն դրսևորվի:
«Եթե օրինակ Հարվարդն ավարտած տղային պետությունը կարող է առաջարկել 200 հազար դրամ վարձատրություն ներառող աշխատավարձով աշխատանք՝ հաշվի առնելով, որ դա զինվորական ծառայություն է, ապա նույն Հարվարդն ավարտած աղջիկը չի կարող աշխատանքի նման առաջարկ ստանալ»,-ասաց փորձագետը:
Անդրադառնալով Կառավարության նոր ծրագրի համար աշխատավարձերի մոտավոր ու հավանական չափերին՝ Խաչատրյանը նշեց. «Կարծում եմ՝ Կառավարությունը բավականին համեստ աշխատավարձ կառաջարկի՝ դա էլ համարելով զինվորական ծառայություն: Սակայն չեմ կարծում, որ կառաջարկվի նաև 100 հազար դրամ աշխատավարձ, որովհետև մարդը պետք է նաև կարողանա ապրի: Ծրագիրը նոր է և դեռ հստակ չէ, թե ինչ թվերի մասին է խոսքը, հավանաբար կլինի համեստ մի աշխատավարձ, որը ենթադրաբար կկազմի 200-300 հազար դրամ»:
Բանախոսը բացատրեց, որ ծրագրի հաջողությունը տարբեր հանգամանքերից է կախված, և եթե արտերկրում սովորող շրջանավարտը չգտնի համապատասխան աշխատանք, գուցե դիմի ծրագրին և զուգահեռաբար ազատվի բանակում ծառայելու գործընթացից:
«Այսօրվա աշխարհում, առաջարկվող երեք տարին բավականին շատ է, քանի որ ուսանողը, եթե գա այդ ընթացքում պետական սովորական աշխատանք կատարի, ապա այդ ընթացքում կկորցնի իր այսպես ասած միջազգային մրցունակությունը: Բացի այս, արտերկրում հիմնականում ուսանողներին ուսման վերջին տարում աշխատանք է առաջարկվում և ուսանողը ըստ էության ներգրավվում է իր մասնագիտական գործունեության մեջ: Սակայն, եթե չնման առաջարկներ չստանա, ապա գուցե նախապատվությունը տրվի Հայաստան վերադառնալուն և զինվորական ծառայության հետ կապված խնդիրները լուծելուն: Այստեղ կարևոր հարցը այն է, թե այդ շրջանավարտը իր ապագան որտեղ է տեսնում: Եթե Հայաստանում է տեսնում, ուրեմն կգա, եթե ոչ՝ ուրեմն այլ հարց է»,-ասաց Խաչատրյանը:


