Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ և Չեխիայի նախագահներն այսօր տեղի ունեցած առանձնազրույցից հետո հայտարարեցին, որ ունեցել են կառուցողական զրույց՝ ընդգծելով, որ տարածաշրջանային մի շարք հարցերի շուրջ ունեն ընդհանուր մոտեցումներ։ Հայաստանի և Չեխիայի նախագահների հանդիպումն առանձնացել է ոչ միայն քաղաքական օրակարգով, այլև Հայաստանի համար բավական կոնկրետ տնտեսական նշանակություն ունեցող հարցերով։ Վահագն Խաչատուրյանի ու Պետր Պավելի քննարկումների օրակարգը բավական լայն է եղել՝ քաղաքականությունից ու անվտանգությունից, մինչև տնտեսական գործակցություն։ Սակայն առանձնահատուկ ուշադրություն է հատկացվել Հայաստանից եվրոպական շուկաներ արտահանման հնարավորությունների ընդլայնմանը և այս հարցում նախագահների հանդիպումը տեղի է ունենում բավական հետաքրքիր ժամանակահատվածում։
Ընդամենը մեկ օր առաջ ԵՄ-ն Հայաստանի արտահանման շուրջ 80%-ի համար ժամանակավոր առևտրային արտոնություններ սահմանեց։ Սա հատկապես կարևոր է այն պատճառով, որ Եվրոպան Հայաստանի համար աստիճանաբար դառնում է ոչ միայն քաղաքական և անվտանգության, այլև տնտեսական հնարավորությունների տարածք և այստեղ Չեխիայի դերը կարող է բավական կարևոր լինել։ Պրահայի դիրքորոշումը Հայաստանի նկատմամբ վերջին տարիներին ավելի ու ավելի հստակ է դառնում․ Չեխիան աջակցում է Հայաստանի ինքնիշխանության ամրապնդմանը, եվրոպական կառույցների հետ գործակցության խորացմանը և այնպիսի տնտեսական կապերի ձևավորմանը, որոնք Հայաստանը կդարձնեն ավելի քիչ կախված որևէ մեկ շուկայից։
Պետր Պավելի հայտարարությունը, որ Չեխիան պատրաստ է աջակցել Հայաստանի նկատմամբ Ռուսաստանի ազդեցության թուլացմանը, այս համատեքստում պետք է դիտարկել ոչ միայն աշխարհաքաղաքական, այլև տնտեսական տրամաբանության մեջ։ Խնդիրը պարզապես «Ռուսաստանից հեռանալը» չէ։ Ավելի կարևոր է, որ Հայաստանը կարողանա ստեղծել այլընտրանքային շուկաներ, տարանցիկ ուղիներ և տնտեսական գործընկերություններ։ Եվ սա արդեն տեղի ունեցող գործընթաց է։ ԵՄ-ի նոր նախաձեռնությունը, ըստ էության, արձագանք է նաև այն իրավիճակին, երբ Ռուսաստանի կողմից կիրառված առևտրային սահմանափակումները խաթարել են Հայաստանի արտահանման և տարանցման հնարավորությունները։ Այսինքն՝ Հայաստանի առաջ կանգնած խնդիրը կարող է վերածվել հնարավորության։ Եթե նախկինում հայկական արտադրողի համար ռուսական շուկան հաճախ ընկալվում էր որպես հիմնական ուղղություն, ապա այժմ ավելի ակնհայտ է դառնում շուկաների դիվերսիֆիկացման անհրաժեշտությունը և հենց այստեղ է Չեխիայի նման երկրների նշանակությունը։
Եվրոպական շուկա մտնելը միայն մաքսատուրքի նվազեցման հարց չէ։ Անհրաժեշտ են գործընկերներ, ներդրումներ, լոգիստիկ ուղիներ, բիզնես կապեր և եվրոպական չափանիշներին համապատասխան արտադրություն։ Հայաստանի նախագահն էլ վերջին շրջանում շեշտում է, որ դիվանագիտական աշխատանքի արդյունքը պետք է չափվի նաև տնտեսական կապերի խորացմամբ և հայկական բիզնեսի համար միջազգային շուկաներ մուտք գործելու հնարավորությունների ստեղծմամբ։ Ուստի Խաչատուրյան-Պավել հանդիպման տնտեսական բաղադրիչը գուցե ոչ պակաս կարևոր է, քան դրա քաղաքական մասը։ Հայաստանը փորձում է իր արտաքին քաղաքականության մեջ հավասարակշռությունը վերածել նաև տնտեսական հավասարակշռության։ Եվրոպական շուկայի համար հայկական ապրանքների արտահանման շուրջ 80 տոկոսի նկատմամբ նախատեսվող ժամանակավոր արտոնությունները հենց այդ հնարավորության ընդլայնման մասին են։ Իսկ Չեխիայի աջակցությունը կարող է կարևոր լինել այդ հնարավորությունը գործնական արդյունքի վերածելու գործում։
Այս իմաստով Պրահայում Հայաստանի նախագահի հանդիպումը Պետր Պավելի հետ պարզապես հերթական դիվանագիտական արարողակարգը չէ։ Այն տեղավորվում է Հայաստանի համար ավելի մեծ գործընթացի մեջ՝ տնտեսական կապերի վերադասավորում, արտահանման շուկաների դիվերսիֆիկացում և եվրոպական ուղղության աստիճանական ամրապնդում։ Եթե այդ գործընթացը հաջողվի վերածել իրական արտահանման, ներդրումների ու նոր շուկաների, ապա սա արդեն կլինի ոչ միայն Հայաստանի արտաքին քաղաքականության փոփոխություն, այլև տնտեսական ինքնուրույնության ամրապնդում։
Մկրտիչ Իսրայելյան


