Ընթերցանությունը՝ որպես մտածողության զարգացման հիմք. ուսուցչական համաժողովին շուրջ 700 մանկավարժ է մասնակցել Zarkerak - Ընթերցանությունը՝ որպես մտածողության զարգացման հիմք. ուսուցչական համաժողովին շուրջ 700 մանկավարժ է մասնակցել
Zarkerak Zarkerak - Ընթերցանությունը՝ որպես մտածողության զարգացման հիմք. ուսուցչական համաժողովին շուրջ 700 մանկավարժ է մասնակցել
Ընթերցանությունը՝ որպես մտածողության զարգացման հիմք. ուսուցչական համաժողովին շուրջ 700 մանկավարժ է մասնակցել

Ընթերցանությունը՝ որպես մտածողության զարգացման հիմք. ուսուցչական համաժողովին շուրջ 700 մանկավարժ է մասնակցել

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Երևանի պետական համալսարանում այսօր անցկացվել է «Ընթերցանությունը բոլոր դասերին. ճանաչողությունից դեպի մտածողություն» խորագրով ուսուցչական համաժողովը: Միջոցառմանը մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Աննա Բաբաջանյանը, ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, Հայաստանում ՅՈւՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Ղասան Խալիլը, ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավարի տեղակալ Վացլավ Շտերբան:

Համաժողովն անցկացվում է 2026-2027 ուսումնական տարին ընթերցանության տարի հռչակելու համատեքստում` Ուսուցչի օրվան ընդառաջ: Համաժողովի նպատակը սովորողների ընթերցանության կարողությունների շարունակական զարգացումն է՝ ընթերցանության նկատմամբ հետաքրքրության ձևավորումից մինչև քննադատական, ինքնուրույն և ստեղծարար ընթերցողի ձևավորում։

Ողջունելով ներկաներին՝ Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է ուսուցիչներին մասնագիտական տոնի առթիվ և կարևորել Ուսուցչի օրվան ընդառաջ մասնագիտական քննարկումների ձևավորված ավանդույթը։ Նախարարի խոսքով՝ կրթությունը շարունակական խոսակցության, գաղափարների փոխանակման և նոր մոտեցումների քննարկման մասին է, իսկ ուսուցչական համաժողովները պետք է անմիջականորեն առնչվեն դասարանում կատարվող ամենօրյա աշխատանքին։ «Որքան ավելի շատ ենք քննարկում, կիսվում գաղափարներով և այդ քննարկումների ընթացքում առնչվում մեզ համար նոր թեմաների, այնքան ավելի արդյունավետ է արդյունքը, որին ձգտում ենք»,- ասել է Ժաննա Անդրեասյանը։

Անդրադառնալով համաժողովի խորագրին՝ նախարարը նշել է, որ կրթության բովանդակային փոփոխությունների առանցքում պետք է լինի ոչ միայն գիտելիքի փոխանցումը, այլև սովորողի՝ այն տարբեր իրավիճակներում կիրառելու, վերլուծելու և լուծումներ գտնելու կարողությունը։ «Գիտելիքի փոխանցումը խնդիր չի լուծում։ Մարդը կարող է իմանալ աշխարհի բոլոր երկրների անուններն ու դրանց մայրաքաղաքները, բայց ինչպե՞ս է դա օգնելու նրան կյանքի ամենատարբեր իրավիճակներում. սա կրթության կարևոր խնդիրն է, որի լուծումը գտնելու հարցում դպրոցի դերն առաջնային է»,- ասել է նախարարը։

 

Այս համատեքստում Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է նաև PISA-ի արդյունքներին՝ շեշտելով գիտելիքը գործնական հմտության վերածելու և ուսուցանվող բովանդակության՝ կյանքի հետ կապը երեխաների համար տեսանելի դարձնելու անհրաժեշտությունը։ Նրա խոսքով՝ քաղաքացիների կրթվածությունն ու հմտությունները պետության զարգացման կարևոր նախապայմաններից են. «Մարդիկ են մեր ամենակարևոր հարստությունը, և կրթության ոլորտի աշխատանքը կա՛մ պետք է ավելացնի այդ հարստությունը, կա՛մ՝ ոչ»։

Խոսելով «Ընթերցանությունը բոլոր դասերին» խորագրի մասին՝ Ժաննա Անդրեասյանն ընդգծել է՝ ընթերցելու, տեքստը հասկանալու և վերլուծելու հմտությունների ձևավորումը չի կարող դիտարկվել միայն լեզվական առարկաների շրջանակում. այդ ուղղությամբ պետք է աշխատեն բոլոր առարկաների ուսուցիչները։ «Երեխաները պետք է սովորեն կարդալ քիմիական խնդիրները, մաթեմատիկական խնդիրները, աշխարհագրության տեքստերը։ Չկա որևէ առարկա, որի ժամանակ տեքստն ընթերցելու հմտությունն առաջնային չէ»,- ընդգծել է նախարարը։

Նա կարևորել է նաև դասավանդման մեթոդների փոփոխությունը՝ նշելով, որ շփումը, հաղորդակցությունն ու քննարկումը պետք է լինեն դասապրոցեսի անբաժանելի մասը՝ սովորողին հնարավորություն տալով հասկանալու և վերլուծելու կարդացածը, քննարկելու և ձևակերպելու սեփական միտքը։ Նախարարն անդրադարձել է նաև ուսումնական նյութերի և դասագրքերի ընթեռնելիությանը։ Նրա խոսքով՝ մշակվել է դյուրընթեռնելիության ծրագրային գործիք, որը հնարավորություն է տալիս գնահատելու տեքստերի համապատասխանությունը սովորողների տարիքին և ընկալման մակարդակին։ Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ նոր չափորոշչի ներդրման շրջանակում փոխվում է դասագրքերի փորձաքննության ընթացակարգը: «PISA-ի արդյունքների մասին խոսելիս պետք է նաև քննարկենք՝ արդյոք մեր երեխաների համար ձևավորե՞լ ենք սովորելու բոլոր անհրաժեշտ պայմաններն ու միջավայրը, որպեսզի նաև նրանց արդյունքները լինեն այնպիսին, ինչպիսին մենք ուզում ենք»,- նշել է նախարարը։

 

Անդրադառնալով համաժողովի խորագրի երկրորդ՝ «ճանաչողությունից դեպի մտածողություն» բաղադրիչին՝ Ժաննա Անդրեասյանն ընդգծել է՝ տեքստը պարզապես կարդալը դեռևս չի նշանակում այն հասկանալու, վերլուծելու և սեփական եզրահանգումները ձևավորելու կարողություն։ Հետևաբար, կրթական գործընթացը պետք է նպատակաուղղված լինի նաև մտածողության զարգացմանը։ Այս համատեքստում նախարարն անդրադարձել է 9-րդ դասարանի ավարտական քննությունների նոր ձևաչափին, որով «Գրականություն» և «Պատմություն» առարկաներից համակցված էսսե է անցկացվում: Էսսեն դիտվում է մտածողության զարգացման գործիք, որը սովորողին հնարավորություն է տալիս տարբեր աղբյուրներից ստացված տեղեկությունները համադրելու, վերլուծելու և սեփական եզրակացությունները ձևակերպելու։ «Այս քննությունը առարկաների մասին չէ. ընդհանրապես, դպրոցը ոչ թե առարկաների, այլ երեխայի մասին է։ Եվ մենք առաջին հերթին պետք է մեզ հարց տանք՝ ի՞նչ ենք ուզում, որ երեխաները սովորեն այդ առարկաներից»,- ասել է Ժաննա Անդրեասյանը՝ ընդգծելով, որ հանրակրթության բովանդակային բարեփոխումներիի հիմքում դրված են PISA հետազոտության ընթացքում բարձրաձայնված և հանրային լայն շրջանակի համար տեսանելի դարձած խնդիրների լուծումները:

Ըստ նրա՝ բարեփոխումների իրական արդյունքը կախված է նրանից, թե որքանով են սահմանված մոտեցումները կյանքի կոչվում յուրաքանչյուր դպրոցում և դասարանում։ «Այն ամենը, ինչ գրվում է թղթի վրա, ոչ միշտ է իրականություն դառնում դասասենյակներում։ Մենք շատ հետևողական ենք լինելու, որպեսզի յուրաքանչյուր ուսուցչի և դպրոցի ամենօրյա աշխատանքը միտված լինի արդյունքի ապահովմանը: Եվ սա պետք է լինի բոլորիս կողմից գիտակցված անհրաժեշտություն»,- ասել է նախարարը։ Եզրափակելով խոսքը՝ Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել ուսուցիչներին ամենօրյա մեծածավալ աշխատանքի համար՝ ընդգծելով, որ ուսուցչի աշխատանքի ամենամեծ գնահատականը հետաքրքրված, մոտիվացված և սովորելու ցանկություն ունեցող երեխան է։

ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը ևս շնորհավորել է ուսուցիչներին մասնագիտական տոնի առթիվ և խորհրդանշական համարել ուսուցչական համաժողովի անցկացումը Երևանի պետական համալսարանում՝ ընդգծելով հանրակրթության և բարձրագույն կրթության շարունակական կապը։ Նրա խոսքով՝ դպրոցում ուսուցիչների ձևավորած գիտելիքներն ու կարողությունները հետագայում զարգացում են ապրում բուհում, և այդ աշխատանքի արդյունքն արդեն տեսանելի է համալսարան ընդունվող ուսանողների շրջանում։ «Վերջին մեկ-երկու տարում ընդունված ուսանողների շրջանում որոշակի փոփոխություններ են նկատվում՝ հատկապես քննադատական մտածողության առումով։ Սա, բնականաբար, կապված է դպրոցում ներդրված նոր չափորոշչի, ուսուցման նոր մոտեցումների հետ»,- ասել է ԵՊՀ ռեկտորը։ Նա անդրադարձել է նաև կրթական միջավայրի նշանակությանը՝ ընդգծելով, որ ժամանակակից և սովորելուն նպաստող միջավայրն ուղղակի ազդեցություն ունի կրթության որակի վրա։ Որպես օրինակ՝ նա ներկայացրել է ԵՊՀ գրադարանում վերջերս բացված նոր սրահը, որտեղ ուսանողները մինչև ուշ երեկո ընթերցում են, սովորում, աշխատում և քննարկումներ անցկացնում։

Ներկաներին ողջունել է նաև Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Ղասսան Խալիլը: «Որպես երեխայի կրթական իրավունքի գլոբալ առաջատար՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը գիտակցում է, թե որքան կարևոր է ընթերցանությունը երեխայի ճանաչողական զարգացման համար դեռ վաղ տարիքից, և որքան կարևոր հիմք է այն ստեղծում դպրոցում հետագա ուսումնառության համար։ Երբ երեխաները չեն կարողանում լավ կարդալ, կրթության ոլորտում կատարվող մյուս ներդրումները չեն կարողանա արդյունք տալ, քանի որ ընթերցանության հմտությունը մյուս գիտելիքների և հմտությունների ձեռքբերման հիմնարար նախապայմանն է։ Առանց ընթերցանության՝ տուժում է երևակայությունը, իսկ երազանքները՝ մարում։ Ժամանակի ընթացքում դա կարող է ազդել երեխաների ինքնավստահության վրա, նվազեցնել նրանց ներգրավվածությունն ուսումնական գործընթացում և մեծացնել դպրոցից դուրս մնալու վտանգը», – նշել է Ղասսան Խալիլը՝ հավելելով, որ ՅՈՒՆԻՍԵՖ-ը, որպես հավատարիմ գործընկեր, շարունակում է աջակցել ՀՀ Կառավարությանը, ակադեմիական համայնքին, ուսուցիչներին և ծնողներին՝ Հայաստանի երեխաներին կարդալ սովորեցնելու և ընթերցանությունը նրանց սիրելի զբաղմունքներից մեկը դարձնելու գործում։

Համաժողովին մասնակցել է շուրջ 700 ուսուցիչ՝ Երևանից և մարզերից: Համաժողովի ընթացքում տեղի է ունեցել նաև Ուսուցչի օրվան նվիրված պարգևատրման արարողություն, որի շրջանակում պարգևատրվել են մի շարք ուսուցիչներ, գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև «Տարվա լավագույնները» 2025-2026 ուսումնական տարվա մրցույթի հաղթողները։ Նրանք ընտրվել են ԿԳՄՍՆ կողմից իրականացվող «Ամսվա լավագույնները» մրցույթի հանրագումարով: Ընդհանուր առմամբ, 22 ուսուցիչ արժանացել է շնորհակալագրերի և դրամական պարգևների:

Մասնագիտական քննարկումները շարունակվել են «Ինչ է նշանակում կարդալ 21-րդ դարում. տեքստից մինչև տվյալներ» թեմայով պանելային քննարկմամբ, որին մասնակցել են կրթության, գիտության և հրատարակչական ոլորտների ներկայացուցիչներ։ Համաժողովի երկրորդ հատվածում մասնակիցներն աշխատել են չորս թեմատիկ բաժիններում՝ անդրադառնալով դասագրքի ընթերցման առանձնահատկություններին, գեղարվեստական տեքստի ընկալմանն ու հեղինակային խոսքին, PISA 2025-ի համատեքստում ընթերցանության մարտահրավերներին, ինչպես նաև թվային միջավայրում տեքստերի ընկալման և ընթերցանության հարցերին։

ԿԳՄՍ նախարարությունն ուսուցչական համաժողովն անցկացնում է ԵՄ աջակցությամբ` ՅՈւՆԻՍԵՖ-ի, ԵՊՀ-ի և ԿԶՆԱԿ-ի հետ համագործակցությամբ:

03 Հոկտեմբեր, 2026 19:49
Վեր