Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Մինչև այս իրադարձությունը բազմաթիվ դեպքեր են եղել, որ և՛ ադրբեջանական կողմից է զինծառայող հայտնվել մեր մոտ, և՛ մեր կողմից է զինծառայող հայտնվել իրենց մոտ, և փառք Աստծո, առանց միջադեպերի՝ իրար տեղեկացրել են, գտել են, վերադարձրել են: Այս մասին ԱԺ-ում հայտարարեց խորհրդարանի նախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ պատասխանելով «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանի հարցին, թե արդյո՞ք իշխող ուժը չի պատրաստվում քաղաքական գնահատական տալ Շաքի գյուղ ադրբեջանցի զինծառայողի ներթափանցման վերաբերյալ:
«Քաղաքական գնահատականը հետևյալն է. տեղի է ունեցել հանցագործություն Հայաստանի սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողի կողմից: Հիմա արդյո՞ք սա ընկալումներում կարող է վատ ընկալվել, այդ թվում խաղաղության տեսանկյունից, ապա՝ այո՛: Արդյո՞ք լավ է, որ ադրբեջանական կողմը տեսել է, որ իրենց զինծառայողը կորել է, և ենթադրել, որ կարող է Հայաստան ներխուժած լինել և տեղեկացրել է հայկական կողմին, ապա՝ այո՛, շատ լավ է: Եթե խաղաղություն չլիներ, դա տեղի չէր ունենա»,-ասաց Ռուբինյանը:
Խորհրդարանի նախագահը ընդգծեց, որ տեղի ունեցածը հանցագործություն է, և հիշեցրեց, որ ադրբեջանցի զինվորականը ձերբակալված է ու նրա նկատմամբ մեղադրանք կա առաջադրված:
«Այստեղ ընդամենը մեկ լավ լուր կա: Սուբյեկտը, որի մասին խոսում ենք, ադրբեջանցի զինվորն է, որը Ադրբեջանի օրենքներն էլ է խախտել, բացի Հայաստանի օրենքը խախտելուց, այսինքն՝ ապօրինի կերպով լքել է իր ծառայության վայրը և եկել է այստեղ: Այսինքն՝ սյուբյեկտը մասնավոր զինվորն է, որը հանցագործ է»,-ասաց Ռուբինյանը:


