«Այս պահի դրությամբ ունենք շուրջ 156 գերիներ, որոնք ներդրված իրավական ու քաղաքական ջանքերի շնորհիվ հայրենադարձվել են, բայց սրանով հանդերձ կան մեծաթիվ գերիներ, որ դեռևս պահվում են Ադրբեջանում»,- «Պատերազմի 2-րդ տարելից. միջազգային իրավունքի ի՞նչ գործիքակազմ է ներդրվել, ի՞նչ է հնարավոր անել» թեմայով քննարկմանն այս մասին ասաց Եվրոպական դատարանում հայ գերիների շահերի ներկայացուցիչ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը։
«Իհարկե, չափազանց կարևոր և զգայուն խնդիր է, որ ունենք շուրջ 8 տասնյակ գերիներ, որոնք առայսօր պաշտոնապես չեն ընդունվում Ադրբեջանի իշխանությունների կողմից և այս ընթացում ենթարկվել են բռնի անհետացման: Պաշտոնապես Ադրբեջանում պահվող գերիների թիվը մինչեւ սեպտեմբերի 13-ի պատերազմի վերսկսումը, կազմում էր 33-ը, իսկ հետպատերազմյան շրջանում մենք ունենք շուրջ 20 նոր գերեվարման դեպքեր»,- նշեց Սահակյանը և հավելեց․ «Նրանց ճնշող մեծամասնությունը արդեն իսկ պաշտոնականացվել է, բայց առաջիկայում ևս պատասխաններ են ակնկալվում ՄԻԵԴ-ի միջոցով և ավելի հստակ կկարողանանք հաստատել նաև վերջին միջադեպերով գերիներին»:
Սիրանուշ Սահակյանը հայտնեց նաև, որ իրենք գործում են անհատական գանգատների հիման վրա՝ ներկայացնելով ռազմագերիներին և նրանց ընտանիքներին. «Միևնույն ժամանակ կա միջպետական գործընթաց հենց ՄԻԵԴ-ում, որի առարկան ներառում է նաև գերիների հիմնախնդիրը, նրանց նկատմամբ վերաբերմունքը, նաև՝ հայրենադարձումը: Գերիների հարցն անուղղակիորեն արծարծվում է նաև Արդարադատության միջազգային դատարանում՝ ռասսայական խտրականության բոլոր ձևերի վերացման կոնվենցիայի համատեքստում»,- ըստ Սահակյանի՝ այս տեսանկյունից իրավական ջանքերը բավականին ինտենսիվ են եղել, որոշակի առումով նաեւ աննախադեպ «որովհետև Հայաստանը նախկինում զերծ է մնացել որևէ պետության դեմ մարդու իրավունքների խնդիրներով միջպետական գործեր ներկայացնելուց: Պետությունն առաջին անգամ է, որ իր դեմքով այդքան ակտիվ է գործում միջազգային իրավական ատյաններում»,-ընդգծեց Սիրանուշ Սահակյանը:


