Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
․ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը այսօր ֆեյսբուքյան իր էջում կատարած գրառման մեջ անդրադառնալով Շաքիում ադրբեջանցի զինծառայողի հարձակումից տուժած կնոջ առողջական վիճակին նշել էր, որ նրա վիճակը կայուն է և ստանում է անհրաժեշտ բուժօգնություն:
․ «Կյանքին սպառնացող վտանգ չունենք»,-գրել է Ավանեսյանը:
․ Նախարարը նաև տեղեկացրել է, որ բավարար է գնահատվում կնոջ երկու երեխաների առողջական վիճակը, և որ նրանք ստացել են անհրաժեշտ հոգեբանական և բժշկական օգնություն:
Ի՞նչ է միջադեպի մասին հաղորդվում Հայաստանում
․Նախօրեին ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) հայտարարություն տարածեց, որ ադրբեջանցի զինծառայողը անհայտ հանգամանքներում լքելով զորամասը հատել է Հայաստանի պետական սահմանը և հասել Սյունիքի մարզի Շաքի գյուղ, որտեղ կրակ է բացել ՀՀ քաղաքացու ոտքին: Հաղորդագրության համաձայն ոստիկանությունը ահազանգ է ստացել կրակոցի մասին:
․«Պարզվել է, որ հանցագործությունը կատարել է ադրբեջանցի զինծառայողը, որը ձերբակալվել է։ Դեպքի մանրամասները ներկայացվել են նաև ադրբեջանական կողմին։ ՀՀ քննչական կոմիտեում դեպքի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ», - ասվում է հաղորդագրության մեջ:
․Գլխավոր դատախազությունն էլ տեղեկացնում է, որ Շաքի բնակավայրում արձանագրված դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ զենքի գործադրմամբ առողջությանը ծանր վնաս հասցնելու, հրազենի ապօրինի շրջանառության, բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու, պետական սահմանն ապօրինի հատելու և հրազենի մաքսանենգության վերաբերյալ Քրեական օրենսգրքի հոդվածներով:
․Լրատվամիջոցների փոխանցմամբ տուժողը տեղացի 39-ամյա կին է, ում նախնական բուժօգնությունը ցուցաբերվել է Սիսիանի բժշկական կենտրոնում, իսկ այնուհետև տեղափոխվել Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոց: Վնասվածքներ ստացել էին նաև կոնջ 15 և 12 ամյա երեխաները, որոնցից փոքրի մոտ առկա է եղել փափուկ հյուսվածքների սալջարդ, իսկ մեծի մոտ՝ աջ դաստակի կոտրվածք:
․Զուգահեռաբար հայկական սոցանցերում սկսել էին տեղեկություններ շրջանառվել Սիսիանում զինծառայողի սպանվելու վերաբերյալ, որն անմիջապես հերքեց ՀՀ Պաշտպանության նախարարությունը:
․Շաքիից Zarkerak.am-ին փոխանցեցին, որ ներկայումս գյուղում կյանքը շարունակվում է բնականոն հունով, խուճապ ու վախ չկա:
Ի՞նչ է հաղորդվում Ադրբեջանից
․Ադրբեջանի գլխավոր դատախազության հաղորդագրության համաձայն Հայաստանի սահմանը հատած և Շաքի հասած զինծառայողը եղել է Նասիմ Մուսաևը, ով Լաչինի զորամասերից մեկը ինքնակամ լքել էր դեռ սեպտեմբերի 26-ին:
«Իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Նասիմի Մուսաևը գտնվում է Հայաստանի Հանրապետության տարածքում և ձերբակալվել է այդ երկրի համապատասխան մարմինների կողմից»,-ասվում է հաղորդագրության մեջ։ Դրանում նաև նշվում է, որ քրեական գործ է հարուցվել զինծառայողի անհետացման փաստով:
Ադրբեջանական կողմի փոխանցմամբ այդ երկրի համապատասխան պետական կառույցները շարունակում են անհրաժեշտ շփումները հայկական կողմի համապատասխան կառույցների հետ «Հայաստանի տարածքում Նասիմի Մուսաևի գտնվելու, նրան ձերբակալելու հանգամանքները, ինչպես նաև տեղի ունեցածի այլ մանրամասներ պարզելու նպատակով»:
․Ադրբեջանական ընդդիմադիր լրատվականների հրապարակած տեսանյութում Մուսաևի ընտանիքի անդամները նշել են, որ սեպտեմբերի 26-ից ի վեր զինվորից որևէ լուր չեն ստացել և նրա ճակատագրի վերաբերյալ հստակ տեղեկություն չունեն։
Հարազատները տեսանյությում նաև հայտնել են, որ դիմել են նախագահ Իլհամ Ալիևին և պաշտպանության նախարար Զաքիր Հասանովին՝ նշելով, որ այն զորամասի հրամանատարը, որտեղ ծառայում էր Մուսաևը, մերժել է հանդիպման իրենց խնդրանքը։
․Հայաստանի տարածք ադրբեջանցի զինվորի մուտք գործելու մասին տեղեկությունների տարածումից հետո ադրբեջանական սոցցանցերի օգտատերերը սկսել էին խստորեն քննադատել երկրի իշխանություններին՝ անվտանգության ոլորտում թույլ տված բացթողումների, ընտանիքի նկատմամբ ցուցաբերած անտարբեր վերաբերմունքի և մի քանի օր շարունակ պահպանած լռության համար։
․«Ի՞նչ է իրականում կատարվում Ղարաբաղում տեղակայված ադրբեջանցի զինծառայողների հետ, և ինչպիսի՞ անկարգություն է տիրում բանակում»: Սա հիմնական հարցն է, որ հնչեցնում են ադրբեջանցի սոցցանցերի օգտատերերը։


