Կյանքի ճանապարհով դեպի տուն․ ծեր կյալը պարավ ինի Արցախ․ արցախցի 19 ընտանիքում երեկ մոռացել էին ապրելու բոլոր դժվարությունները՝ երեխաները  վերադարձել են տուն Zarkerak - Կյանքի ճանապարհով դեպի տուն․ ծեր կյալը պարավ ինի Արցախ․ արցախցի 19 ընտանիքում երեկ մոռացել էին ապրելու բոլոր դժվարությունները՝ երեխաները վերադարձել են տուն
Zarkerak Zarkerak - Կյանքի ճանապարհով դեպի տուն․ ծեր կյալը պարավ ինի Արցախ․ արցախցի 19 ընտանիքում երեկ մոռացել էին ապրելու բոլոր դժվարությունները՝ երեխաները վերադարձել են տուն
Կյանքի ճանապարհով դեպի տուն․ ծեր կյալը պարավ ինի Արցախ․ արցախցի 19 ընտանիքում երեկ մոռացել էին ապրելու բոլոր դժվարությունները՝ երեխաները  վերադարձել են տուն

Կյանքի ճանապարհով դեպի տուն․ ծեր կյալը պարավ ինի Արցախ․ արցախցի 19 ընտանիքում երեկ մոռացել էին ապրելու բոլոր դժվարությունները՝ երեխաները վերադարձել են տուն

«Սրտատրոփ սպասում էի տուն վերադարձին»,- Արցախից՝ ստեփանակերտցի 13-ամյա Աստղիկ Ավանեսյանը կարոտած քայլում է արդեն 38 օր շրջափակման մեջ գտնվող իր քաղաքի ամենահարազատ փողոցներով ու հենց այդպես էլ ընթանում է Zarkerak.am-ի հետ հեռախոսազրույցը՝ կապի վատ լինելու պատճառով պարբերաբար ընդհատվող զրույցի ընթացքում լսվում են աղջնակի արագ ոտանաձայները, արցախյան քամու խշշոցը․ իսկ Աստղիկը մեզ պատմելու բան ունի։

Աստղիկը երեկ ուշ երեկոյան ռուսական խաղաղապահ զորկազմի ուղեկցությամբ Գորիս-Ստեփանակերտ միջպետական մայրուղով Արցախ հասած այն երեխաներից է, որ ՀՀ-ում էին գտնվում՝ Մանկական Եվրատեսիլը դիտելու համար։

Դեկտեմբերի 10-ին Երևան գալու ընթացքում Աստղիկը լավ գիտեր՝ հաշված օրեր ու կվերադառնա Արցախ․ կպատկերացնե՞ր 13- ամյա աղջիկը, որ թշնամու սադրանքները երբևէ հաշվի չեն առնում մանկական ու մարդկային  պարզ երազանքներն ու ցանկությունները․ «Այս շուրջ 40 օրը ընտանիքիս հետ ամենաերկար բաժանումն էր, այդպես երբեք չէր եղել»,-քանոնահարուհի Աստղիկը պատմում է՝ էլի եղել են դեպքեր, որ Արցախից հեռու է եղել, դե մրցույթներ, համերգներ․ «Արցախից ամենաշատը 15 օր էի բացակայել, դրանից  ավելի երկար  կարոտին դիմանալ չէր լինում։ Այս բաժանման ընթացքում անգամ կարոտն էր տարբեր։ Այն ժամանակ, երբ գիտեի տուն եմ վերադառնալու՝ այլ էր, բայց երբ ես ու ընտանիքս հայտնվել էինք շրջափակման երկու կողմերում կարոտն էլ էր ուրիշ»,- Աստղիկի կարոտն ու զսպված հուզմունքն ավելի էր սաստկանում, երբ արդեն մեծ աղջկա պես հասկանում էր՝ հայտնի չէ՝ երբ տուն կգնա, երբ կբացվի կյանքի ճանապարհը՝ մոտեցնելով իրեն բնական ու բնականոն կյանքին։

Ստեփանակերտի ամեն անկյունից ու փողոցից կարոտն առնելով՝ Աստղիկը պատմում է, երբ տունդարձի ճանապարհին՝ դեկտեմբերի 12-ին իմացան Լաչինի միջանցքի փակ լինելու մասին, դեռ փորձում էին լավատես լինել․ «Մտածեցինք շուտով կբացվի, երևի  ամենաշատը մի քանի օր տևի։ Բայց որ այսքան երկար կտևի՝ չէինք պատկերացնի»,- Աստղիկենք հյուրընկալվեցին Գորիսի հյուրանոցներից մեկում ու հենց այստեղ էլ  անցկացրեցին անվերջանալի թվացող  օրերը՝ անսահման կարոտով ու անհամբերությամբ․ «Մեզ շատ լավ ընդունեցին, մեզ համար միջոցառումներ, էքսկուրսիաներ էին կազմակերպում, փորձում էին մեզ, այսպես ասած, շեղել»,- երեխաներն էլ որպես ուժեղ ու չկոտրվող արցախցիներ ժպտալ էին փորձում, բայց առանց Արցախ, առանց տուն ու ընտանիք օրերը դատարկ էին՝ տանն այդքան մոտ ու այդքան անորոշ հեռու։  

«Մա՛մ, ե՞րբ տուն կգամ», - հնարավո՞ր է հաշվել, թե Աստղիկն ու ընկերները այս հարցը քանի անգամ են տվել Արցախում գտնվող ծնողներին։ Ու հենց երեկ շատ պատահական  Աստղիկը վերջապես ասաց մայրիկին՝«տուն եմ գալիս»։

Երեկ երեկոյան Գորիս-Ստեփանակերտ միջպետական մայրուղու յուրաքանչյուր կիլոմետրը Աստղիկը սրտի դողով է անցել՝ կյանքի ճանապարհը տուն էր տանում․ «Այդ ճանապարհով մենք տուն հասանք համարյա 5 ժամում, ես այնքան էի ուզում էի շուտ տուն հասնել, անհանգիստ էի շատ, ու չեմ կարող ասել՝ ինչպես ուրախացա, երբ տեսա ծնողներիս, եղբայրներս էլ տանն էին սպասում»,- ճանապարհը երեկ Աստղիկին  անխղճորեն երկար էր թվում, ադրբեջանցիների հերթական ստոր սադրանքն էլ աղջկան ու ընկերներին  ևս մեկ անգամ անհանգստանալու ու հուզվելու առիթ էր տվել՝ ստիպելով նորից նույն հարցը տալ՝ տանն  այսքան մոտ ենք, բայց վերջապես ե՞րբ կհասնենք տուն։

«Երբ տուն հասա, շատ հուզված էի, ծնողներիս, եղբայրներիս հետ անընդհատ  խոսում էինք, պատմում էի՝ ինչպես էի դիմանում առանց իրենց, ինչպես էին անցնում օրերը Գորիսում», - դեկտեմբերի 10-ին Երևան գալու ժամանակ Աստղիկը մտածում էր՝ տուն գալով բոլորին պատմելու է Մանկական Եվրատեսիլի մասին, հիմա երկար բաժանումից հետո եկել է տուն ու ասելիքն էլ փոխվել է՝ բաժանման փորձությունը ստիպեց հասկանալ՝ չի կարող ապրել առանց Արցախի, առանց ընտանիքի, իրեն կարոտող հայրիկի ու մայրիկի՝ տիկին Արմինեի, որն այսօր աղջկանից պակաս հուզված չէ։  

«Աստղիկենց գալն անսպասելի էր, երեխաներն իրենք էլ չգիտեին, որ պետք է  վերադառնային  և նրանց երեկ տեղեկացրել էին, որ հնարավորություն կա վերադառնալու տուն, պատրաստվելու համար էլ ընդամենը 20 րոպե ունեին։ Նրանք հնարավորություն ունեին ընտրելու՝ մնա՞լ,թե՞ վերադառնալ»,-պատմում է Արմինեն և հատուկ ընդգծում, որ  շատ երեխաներ առանց վայրկյան իսկ վարանելու պատրաստակամություն հայտնեցին վերադառնալու տուն։

Ստեփանակերտի կենտրոնական հրապարակում Աստղիկին սպասելիս Արմինեն մտովի հիշել է, թե շրջափակման օրերին ինչ ապրումներ է ունեցել․ «Իհարկե, սպասման պայմաններում հասկանալի է, թե ինչ էմոցիաներ ունեին ծնողները։ Շատ ծանր է, երբ երեխադ  կողքիդ չէ։ Յուրաքանչյուր օր դու արթնանում ես սպասողական վիճակում, մտածում՝ ինչպես է երեխադ, ինչ է անում այնտեղ։ Իրենք էլ լարված էին, իրավիճակը ընդհանուր իր հետքը թողել է նրանց վրա և ճանապարհին էլ բավականին  ծանր ապրումներ ունեցան։ Բայց  երբ տուն վերադարձան,  արդեն ամեն ինչը երկրորդական էր։ Եվ նույնիսկ  հիմա էլ  չեն հավատում, որ արդեն հարազատ քաղաքում են,իրենց համար անհավատալի է։ Հենց այսօր առավոտյան էլ Աստղիկը շտապեց դպրոց»։

Արմինեի մտքով անհաշվելի անգամներ անցել է՝ գուցե արժե Աստղիկին Գորիսից Երևան ուղարկել՝ հարազատների մոտ՝ ավելի ապահով ու անվտանգ վայր, մինչև շրջափակման մղձավանջը ավարտվի, հետո ինքն էլ շտապել է կանխել այս միտքը․ «Այստեղ հիմա և՛ լույս չկա,  և՛ գազ չկա, սննդի հարցն է բավականին խնդրահարույց է, բայց երեխայի համար, միևնույն է, նախընտրելի է այստեղ։ Իհարկե մենք հիմա շրջափակման մեջ ենք, ունենք  բավականին մեծ խնդիրներ, երևի թե շատերին կթվա, որ Հայաստանում երեխաների համար ավելի լավ ու անվտանգ է, բայց յուրաքանչյուր ծնողի և երեխայի համար ավելի նախընտրելին ընտանեկան ջերմությունն է և դա ոչ մի բանով չի կարելի փոխարինել»։

Արմինեն բնավ չի էլ զարմանում, որ Աստղիկը Գորիսում «խեղդվել է» Արցախի կարոտից․ «Ե՛վ երեխաները, և՛ մեծահասակները շատ կապված են  Արցախին և պատրաստ ենք հաղթահարել բոլոր  դժվարությունները։ Երեխաներն Արցախից դուրս չեն պատկերացնում կյանքը, այո՛, մենք մեզ ուրիշ տեղ չենք պատկերացնում, մեզ այսպես են դաստիարակել»,- տիկին Արմինեն ասում է ի լուր աշխարհի․ «Մենք նաև պատրաստ ենք այս պայմաններում ապրել, գուցե բողոքում ենք դժվարություններից,  բայց իրականում պատրաստ ենք դիմակայել բոլոր դժվարություններին։ Արդեն ադապտացվել ենք, ինչ-որ լինի այն կուտենք,  ինչպես հնարավոր լինի այնպես կջեռուցենք մեր տները, բայց պետք է մնանք մեր հողում ու մեր  երեխաներն էլ նույն ձևով են մտածում»

Արմինեն երեկվանից դեռ շփոթված է, Աստղիկն այնքան պատահական տուն եկավ, որ անգամ չի հասցրել հատուկ պատրաստվել, ստեղծված պայմաններում էլ աղջնակին շատ զուսպ են դիմավորել․ «Նույնիսկ երեխաներն էին իրենց հետ ինչ-որ բաներ կարողացել բերել՝ օրինակ քաղցրավենիք, իրենց էլ լավ էին զգում,որ կարողացել էին մեզ մի բան բերել Հայաստանից։ Դա էլ էր հուզիչ, որ մեր երեխաներն էլ մեր մասին են մտածում՝ պարենի նման սղության պայմաններում»,- իսկ այսօր Աստղիկենց տանը հայրիկը հավանաբար խորոված կպատրաստի․ «Հիմա Արցախում ի՞նչն է բավարար՝ երևի միայն միսը, խորոված անելու ավանդույթն էլ անգամ այս վիճակում  պահպանվել է»,- ասում է տիկին Արմինեն։

Հավանաբար, ոչ միայն Աստղիկենց տանը, այլ երեկ տուն վերադարձած շուրջ երկու տասնյակ երեխաների ընտանիքներում լայն սրտով արցախցիները դեռ սղություն չանող միակ մթերքից՝ մսից խորոված կանեն ու իրենց հատուկ ոգու ամրությամբ ուրախության զուսպ սեղանի շուրջ  կարոտած կասեն երեխաներին՝ ծեր կյալը պարավ ինի Արցախ։

 

Մարիամ Մկրտչյան  

18 Հունվար, 2023 16:43
Վեր