Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի դիտարժան և հաղթական խաղերին հետևում էր ամբողջ ազգը: Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման խմբային փուլի Ուելսի հավաքականի դեմ տարած 2-4 հաշվով հաղթանակը, այնուհետև Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում 2-1 հաշվով Լատվիայի դեմ տարած հաղթանակը 6 միավորով մեր թիմի տեղն ամրապնդեց մրացաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականում: Ուելսի դեմ տարած հաղթանակն, իհարկե, անսպասելի էր շատերի համար, իսկ ահա Լատվիայի դեմ խաղում երկրպագուների ներկայությունն իր գործն արեց, հանդիպման 90+1 րոպեին մեր հավաքականը հաղթանակ կորզեց, «Հանրապետականը» ցնծում էր:

Ազգային հավաքականի հաղթարշավի, սերնդափոխության և թիմը ղեկավարող ուկրաինացի մասնագետի դերի մասին Zarkerak.am-ը զրուցեց Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանի հետ. «Վերջին 7-8 տարիներից հետո՝ խոշոր հաշվով պարտություններ, հիասթափություններ, լճացում, ի վերջո ես այս մեր երեք խաղերի ընթացքում տեսա՝ կարելի է ասել նորաստեղծ, ձևափոխված, հիանալի հավաքական, որն ունի շատ մեծ ներուժ: Ես կարող եմ ասել, որ դրա հիմնական պատճառն ու այդ հավաքականի հիմնական կերտողը ՀՖՖ-ն է՝ իր հետևողական և ճիշտ ֆուտբոլային քաղաքականությամբ: Այսօր տեսնում ենք, որ ֆուտբոլում ունենք մեծ խնդիրներ, ունենք մեծ խնդիրներ հատկապես մանկապատանեկան ֆուտբոլում, այնտեղ պետք է ճիշտ մոտեցումներ կիրառել, ինչպես այս տարիների ընթացքում արվեց ազգային հավաքականի հետ: Եթե ուզում ենք, որ ֆուտբոլը հիմնովին վերածնվի ու դառնա շատ ավելի ուժեղ, ապա մանկապատանեկան ֆուտբոլում նույնպես պետք է արվեն արմատական փոփոխություններ, որովհետև մանկապատանեկան ֆուտբոլը ֆուտբոլի հիմնաքարն է: Այստեղ մենք ունենք բազմաթիվ խնդիրներ, բայց կարծում եմ՝ շուտով կլինեն նաև այդ փոփոխությունները, ամեն ինչ ունի իր ժամանակը»:

Աբրահամ Խաշմանյան
Խաշմանյանի խոսքով՝ այսօրվա ազգային հավաքականի կազմում պետք է ևս 20 տոկոս փոփոխություն կատարվի. «Խոսքը, իհարկե, ֆուտբոլիստների մասին է, այդ փոփոխություններից հետո մենք կունենանք շատ ավելի ուժեղ ու մարտունակ հավաքական, որը կարող է լուծել շատ խնդիրներ: Մենք նախկինում ունեցել ենք հավաքական, որտեղ ոսկե սերունդ էր, որտեղ կային շատ ուժեղ անհատական խաղացողներ, բայց կրկին մենք ոչ մի հաջողության չենք հասել: Մեր այսօրվա հավաքականի 90 տոկոս խաղացողներն ինտեգրված դրսի ֆուտբոլիստներ են: Ես այսօր տեսնում եմ այն, ինչ վաղուց երազում էի տեսնել, դա մեր ներուժն է, ես կարծում եմ, որ մենք այսօր ունենք շատ լավ հավաքական, որն արժանի է դրվատանքի խոսքերի, և մենք պետք է միշտ լինենք այս հավաքականի կողքին, որովհետև տղաները դեռ երկար տարիներ կարող են ուրախացնել մեր ազգին»:

Խոսելով վերջին երկու հանդիպումների մասին՝ Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչն ասաց. «Մենք բոլոր առումներով գերազանցեցինք Ուելսին, բոլոր օղակներով և թիմային խաղով ու կարծում եմ, որ տրամաբանական էր այդ հաղթանակը: Ինչ վերաբերում է Լատվիային, կարծում եմ այդ խաղն ավելի բարդ էր և դժվար, բայց շատ կարևոր էր, որ մենք կարողացանք հաղթանակ տանել և 3 միավոր կորզել, սա հոգեբանորեն շատ կարևոր էր հետագա մրցելույթների և արդյունքների համար»:

Աբրահամ Խաշմանյանը կարևորեց նաև Ալեքսանդր Պետրակովի դերը. «Շատ կարևոր է նաև մարզիչի դերը, ես գտնում եմ, որ մեր ֆուտբոլին հարկավոր են նման փիլիսոփայությանը դավանող մարզիչներ: Եթե ուզում ենք քաղել մաքսիմում էֆեկտիվություն և արդյունք, ապա հենց Պետրակովի նման մասնագետներ են պետք: Այստեղ էլ ՀՖՖ-ն շատ ճիշտ ընտրություն է արել և շատ ճիշտ որոշում է կայացրել՝ նշանակել Պետրակովին ազգային հավաքականի մարզիչ: Ես տեսել եմ, թե ինչպես են նրա ֆուտբոլային փիլիսոփայության մեջ կառուցվում թիմերը, առաջինը՝ մտածողությունն է, կարգապահությունը, խստապահանջությունն ու պրոֆեսինոալ մոտեցումը․ այս գործոնների միջոցով մենք կարող ենք հասնել կայունության և հաջողություններ գրանցել: Այս գործոնների հետ կապված, իհարկե, միշտ դժգոհություններ եղել են, բայց փորձը ցույց է տվել, որ միայն նման մոտեցումներով կարելի է հաջողությունների հասնել, ունենալ լավ հավաքական ու լավ ֆուտբոլ»:

Խոսելով մեր երիտասարդ ֆուտբոլիստների ներուժի և այն մասին, որ եվրոպական ակումբներից ոմանք հետարքրքված են նրանց ծառայություններով՝ Աբրահամ Խաշմանյանն ընդգծեց. «Հանրությունը չպետք է ընկնի էյֆորիայի մեջ: Ես տեսնում եմ պոտենցիալով շատ ուժեղ հավաքական, որի մեջ ընդգրկված են շատ լավ ֆուտբոլիստներ, բայց պետք է ամեն ինչ գնահատել ռեալ և ըստ դրա արդեն ծավալել գործունեություն: Մեզ մոտ, իհարկե, կան շատ լավ ֆուտբոլիստներ, բայց իրենք դեռ ոչինչ չեն ասել ֆուտբոլում, նրանք ուղղակի ունեն մեծ պոտենցիալ, որը կարող են իրագործել ճիշտ աշխատանքի շնորհիվ: Դրա համար պետք է ժամանակ և տարիներ, ֆուտբոլիստը պետք է իր աշխատանքով դա ապացուցի»:

Իսկ, թե արդյոք կարող ենք այդ ֆուտբոլիստներին (Նաիր Տիկնիզյան, Լուկաս Սելարայան, Հրանտ-Լեոն Ռանոս, Էդուարդ Սպերցյան) համեմատել Հենրիխ Մխիթարյանի հետ՝ մասնագետն ասաց. «Հենրիխ Մխիթարյանը Հայաստանի ամենաուժեղ ֆուտբոլիստն է եղել պատմության մեջ, Հենրիխը կենդանի լեգենդ է և Հենրիխը մեր պարծանքն է, բայց նաև պետք է ներկայիս խաղացողներին գնահատենք՝ ըստ իրենց պոտենցիալի ու մրցելույթների: Երբ մեր տղաները կխաղան եվրոպական թոփ ակումբներում, այդ ժամանակ նոր նրանց կարող ենք համեմատել Հենրիխի հետ: Կարևորն այն է, որ այս տղաներն ունեն մեծ առավելություն և դա այն է, որ նրանք թիմային խաղացողներ են»:

Խաշմանյանը կարևորեց նաև երկրպագուների դերը. «Երկրպագուների ներկայությունը, իհարկե, շատ մեծ գործոն է, բնականաբար լեփ-լեցուն մարզադաշտը ոգևորում է խաղացողին: Թեկուզ «Հանրապետական» մարզադաշտը փոքր է, բայց այն միշտ պետք է լեփ-լեցուն լինի, պետք չէ, որ դա լինի միայն հաղթանակների ժամանակ, որովհետև սա ֆուտբոլ է, պարտություններն էլ են անխուսափելի, ես կուզեի, որ այդ դեպքում էլ մարզադաշտը լեփ-լեցուն լիներ: Երկրպագուներից մեր խաղացողները շատ մեծ ուժ են ստանում և առանց երկրպագու ֆուտբոլ գոյություն չունի»:

Իսկ թե որքանով է հնարավոր, որ մեր մրցելույթների ավարտին կարողանանք մրցաշարային աղյուսակում առաջատար դիրքեր զբաղեցնել՝ Աբրահամ Խաշմանյանն ասաց. «Մրցաշարային աղյուսակին հիմա պետք չէ նայել, պետք է նայել միայն այն ժամանակ, երբ խաղերը կվերջանան: Կարծում եմ՝ Պետրակովը թիմին կպատրաստի ամեն հաջորդ խաղին՝ չնայելով մրցաշարային աղյուսակին»:

Մեր հավաքականի մրցելույթների մասին Zarkerak.am-ը զրուցեց նաև Հայաստանի Հանրային հեռուստաընկերության սպորտի բաժնի ղեկավար Էդուարդ Քալանթարյանի հետ. «Եթե մեծամասնության կարծիքով նայենք, իհարկե, անսպասելի էր, որ մենք կհաղթենք Ուելսին, ոչ թե այն, որ մենք կարող ենք Ուելսին հաղթել, այլ այն, որ հաղթեցինք այդպիսի խաղով և 4 գոլ խփելով: Ապացուցվեց հերթական անգամ, որ Հայաստանի հավաքականը շատ ավելի լավ արդյունքով խաղ է ցույց տալիս, երբ այդքան չեն սպասում իրենից, դրա համար դա հաճելի էր բոլորիս համար: Լատվիայի դեմ խաղն այս ամենի տրամաբանական շարունակությունն էր, որովհետև մենք միշտ լավն ենք այնտեղ, որտեղ չեն սպասում և շատ բան չի ստացվում այնտեղ, որտեղ սպասելիքները մեծ են: Լատվիայի հետ դժվար էր լինելու, դա բոլորին պարզ էր և իսկապես դժվար եղավ ու քիչ էր մնում մենք կորցնեինք հաղթելու հնարավորությունը, որովհետև Լատվիայի հետ դիմակայությունում զուտ խաղով մենք չհաղթեցինք, բայց հաղթեցինք բնավորությամբ, շատ լավ է, որ մեր հավաքականը սովորել է նաև 3 միավոր վերցնել այնտեղ, որտեղ շատ բան չի ստացվում, ուղղակի պետք է դրսևորել բնավորություն, պայքարել մինչև վերջ, դա կարծում եմ՝ մեր գլխավոր մարզիչ Ալեքսանդ Պետրակովի արժանիքն է, որը ստիպել է ֆուտբոլիստներին պայքարել նաև այնտեղ, որտեղ թվում է այլևս ոչինչ հնարավոր չէ անել»:

Էդուարդ Քալանթարյան
Անդրադառնալով Պետրակովի ընտրած մարտավարությանը՝ Քալանթարյանն ասաց. «Մարզիչին իր մտքերն իրականացնելու համար համապատասխան որակի ֆուտբոլիստներ են հարկավոր, Պետարկովը դա չթաքցրեց, երբ եկավ Հայաստան և ասաց, որ չունի որակյալ ֆուտբոլիստների այն քանակը, որ կարողանա շատ տարբեր մարտավարություններ կիրառել: Պետրակովը քիչ-քիչ աշխատելով եղած ֆուտբոլիստներով ստացավ արդյունք, հիմա մենք հնարավորինս հավաքել ենք շատ երիտասարդ ֆուտբոլիստներ աշխարհից, որոնք կարող են խաղալ Հայաստանի հավաքականում, նույնիսկ ավելին՝ նիգերիացի է խաղում մեր հավաքականում, սերբ է խաղում և, իհարկե, մշակույթների միաձուլումը, ֆուտբոլային մտածելակերպի միաձուլումն օգնում է, որ Պետրակովն իր խնդիրն իրականացնի խաղադաշտում: Ֆիզիկապես դեռ մեր ֆուտբոլիստները չեն կարողանում 100 տոկոսով անել այն, ինչ Պետրակովն ուզում է և Լատվիայի դեմ երկրորդ խաղակեսում մենք դա տեսանք, մեր թիմը ֆիզիկապես այլևս չէր կարողանում հաղթահարել այդ շատ ամուր հավաքականի պաշտպանությունը, թեպետ լատվիացիները որպես ուժեղ թիմ չներկայացան, նրանք ուղղակի ֆիզիկապես էին պինդ և ասել, որ Լատվիան արտառոց ինչ-որ բան արեց, իհարկե՝ չենք կարող: Վստահ եմ, որ աշնանը Պետրակովն ավելին կստանա, թեպետ ֆուտբոլիստները տարբեր վիճակում են գալիս ակումբներից և կարճ ժամանակում մարզիչը փորձում է նրանց բերել այն վիճակի, որը կարող է արդյունք ապահովել: Գիտեմ, որ մեր հավաքականի որոշ ֆուտբոլիստներ դժգոհություն են հայտնել այն ծանրաբեռնվածությունից, որը կիրառել է Պետրակովը մարզումների ժամանակ, բայց դա ֆուտբոլ է և եթե այդ մարզիչն այդպես է պահանջում, պետք է աշխատել, նույնիսկ անել ավելին, քան կարող ես, որպեսզի արդյունք գրանցես»:

Էդուարդ Քալանթարյանի խոսքով՝ Ալեքսանդր Պետրակովը համշխարհային անուն չունի, բայց շատ համապատախան մարզիչ է մեր հավաքականի համար. «Պետրակովն ունի երկաթե ձեռք և նա կարող է լավ կարգապահություն բերել։ Նրա համար չեն լինի թիմում հեղինակություններ, օրինակ՝ Կապառոսի պարագայում այդպես չէր, Կապառոսն ինքն էր հեղինակություն և թույլ էր տալիս, որ թիմում լինեն՝ այսպես ասած անձեռնամխելի ֆուտբոլիստներ, որոնք անգամ, եթե շատ բան չէին անում, միևնույնն է դուրս էին գալիս խաղադաշտ, Պետրակովը ցույց տվեց, որ նման բան չկա, ով այդ պահին ավելի լավն է, նա էլ խաղում է: Պետրակովի ձեռագիրն արդեն երևում է, նա կարճ ժամանակում ցույց է տալիս, որ սա իր ֆուտբոլն է և նա աստիճանաբար Հայաստանի հավաքականից ստանում է այն, ինչ ցանկանում է»:

Խոսելով մեր երիտասարդ ֆուտբոլիստների մասին՝ մեր զրուցակիցը շեշտեց. «Խաղում և գոլ է խփում ամբողջ թիմը, սա այն դեպքը չէ, երբ խաղը կախված է մեկ ֆուտբոլիստից, օրինակ՝ Ռանոսը շատ լավ է իրեն դրսևորում, և մենք կարելի է ասել Յուրա Մովսիսյանից հետո այդ դիրքի ֆուտբոլիստ ունեցանք, որն իր բուն պարտականությունները կատարում է և լավ է կատարում: Իհարկե, այլ ֆուտբոլիստներ էլ ունենք, որոնք կարող են գալ ու գոլ խփել: Իսկ, թե արդյոք նրանք հիմա կարող են հայտնվել եվրոպական թոփ ակումբներում, ես դրան չեմ հավատում, միանգամից չի կարող այդպես ստացվել, տեսականորեն, իհարկե, կարող է լինել, բայց, թե ինչպես երիտասարդ ֆուտբոլիստը հսկայական քայլ առաջ կանի՝ դա մեծ հարց է: Ես կցանկանայի, որ Տիկնիզյանը, Սպերցյանը ինչ-որ թոփ առաջնությունում հանդես գալուց առաջ՝ ոչ թոփ ակումբում հանդես գան, օրինակ՝ ինչպես հիմա Ռանոսի մոտ եղավ, նա տեղափոխվեց «Բորուսիա Մյոնխենգլադբախ», դա շատ լավ տարբերակ է կայանալու համար, հետո այնտեղ իրեն կդրսևորի և կգնա առաջ: Մեր այս ֆուտբոլիստները որքան արագ տեղափոխվեն Եվրոպա, այնքան լավ: Այո, հույս ունեմ, որ Հայաստանի հավաքականի մի քանի ֆուտբոլիստ այս ամառ կտեղափոխվի եվրոպական առաջնություն»:

Անդրադառնալով «Հանրապետական» մարզադաշտի լեփ-լեցուն լինելուն՝ Քալանթարյանը նշեց. «Մեզ մոտ ձևավորվեց մշակույթ, որ կապ չունի՝ ինչպես է խաղացել հավաքականը նախորդ խաղում, կոնկրետ այս խաղում պետք է գալ և աջակցել, որովհետև թիմը միշտ այդ աջակցության կարիքն ունի: Պետրակովը ճիշտ է ասում, որ նաև երկրպագուները ստիպեցին ֆուտբոլիստներին մինչև վերջ գրոհել և այդ մեկ գրոհը մեզ բերեց հաղթանակ ու 3 միավոր, դրա համար երկրպագուների ներկայությունը միշտ կարևոր է: Երկրպագուների հայտերը մի քանի անգամ ավելի շատ են եղել, քան Թուրքիայի խաղից առաջ, իսկ դա նշանակում է, որ երկրպագուները սկսեցին հավատալ, որ կգան մարզադաշտ և ոչ թե հիասթափված կգնան, այլ, եթե գոնե հաղթանակ էլ չտեսնեն, լավ ֆուտբոլ ու նվիրում կտեսնեն ֆուտբոլիստների կողմից: «Հանրապետական» մարզադաշտը փոքր է, եթե մի ամբողջ ազգից 14 հազար մարդ էլ չի գալու ստադիոն, ուրեմն եկեք ավարտենք այն խոսակցությունները, որ մենք ֆուտբոլային երկիր ենք և հավակնում ենք շատ բաների: Գոնե պետք է ստաբիլություն լինի, «Հանրապետականը» բոլոր խաղերին պետք է լեցուն լինի, որ մենք հասկանանք, որ քայլ է պետք կատարել առաջ և ունենալ ավելի մեծ մարզադաշտ»:

Թե հնարավոր է մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականով ավարտել մրցելույթները՝ Էդուարդ Քալանթարյանն ասաց. «Ամեն ինչ հնարավոր է, մի բան, որ պետք չէ հիմա շատ ակնկալել՝ դա եզրափակիչ փուլ դուրս գալն է, եկեք չկրկնենք անցյալի բազմաթիվ սխալները, մենք ունեցել ենք հաջող ընտրական մրցաշարեր, բայց վերջում մենք միևնույնն է եղել ենք այն հորիզոնականում, որը չի տալիս հնարավորություն դուրս գալու Եվրոպայի կամ Աշխարհի առաջնություն: Աշխարհի առաջնության վերջին ընտրական փուլը վառ օրինակ՝ 3 հաղթանակով սկսեցինք, հետո՝ ինչ եղավ, բոլորս տեսանք: Մենք դեռ այն հավաքականը չենք, որը պետք է մտածի դրա մասին, մենք դեռ մի քանի անգամ պետք է զբաղեցնենք օրինակ՝ երրորդ հորիզոնական, որ հասկանանք, որ այստեղ կայունություն կա, հասունացել ենք և մեկ քայլ առաջ կարող ենք անել: Պատահաբար հայտնվել առաջին կամ երկրորդ տեղում հնարավոր չէ, այո, շատ լավ հատված ստացվեց, մենք երկու խաղում հաղթեցինք, բայց մենք դեռ չենք խաղացել Թուրքիայի հետ դրսում, մենք դեռ ընդհանրապես չենք խաղացել խմբի գլխավոր ֆավորիտի՝ Խորվաթիայի հետ, և այս պինդ Լատվիայի հետ մենք դեռ դրսում ենք խաղալու: Եկեք հիմա էյֆորիայի մեջ չլինենք, ամեն հաղթանակ թող լինի ձեռքբերում մեր հավաքականի համար, ինչ-որ տեղում ամրապնդվենք, կայունանանք, հետո նոր առաջ գնանք»:

Աննա Բզնունի