Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Ներկա պահին նման հարցի քննարկում ՀՀ կառավարությունում և ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում չկա։ Ընդհանուր առմամբ, խաղամոլության խնդիրը տեսնում ենք այն առումով, որ դրա մեջ ներգրավված են լինում սոցիալապես անապահով և բավարար եկամուտներ չունեցող անձինք»,- Zarkerak.am-ի հետ զրույցում անդրադառնալով ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի առաջարկած նախագծին, որով պետք է բարձրացվի շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի, վիճակախաղերի ոլորտի կազմակերպությունների հարկային բեռը՝ ասաց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:
«Ըստ էության՝ մեր դիրքորոշումն այն է, որ մեր քաղաքացիները չտրվեն խաղամոլությանը, իսկ ժամանցի համար խաղան այն մարդիկ, ովքեր ունեն բավարար գումար, թափանցիկ եկամուտներ։ Նշեմ նաև, որ ՀՀ կառավարությունը վերջին շրջանում բազմաթիվ քայլեր է ձեռնարկել խաղամոլության դեմ»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ Հայկ Սարգսյանն ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստում ներկայացնելով նախագիծը՝ նշել է. «Եթե 2010թ-ին ինտերնետ շահումով խաղերում կատարված խաղադրույքների ծավալը կազմում էր շուրջ 14 մլրդ դրամ, ապա 2023թ-ին այն ավելացել է ավելի քան 440 անգամ՝ հասնելով 6.3 տրիլիոն դրամի: Առաջարկում ենք առկա հարկերից ու տուրքերից բացի ոլորտի համար նախատեսել 10 տոկոս շրջանառության հարկ»: Սարգսյանը նաև շեշտել է, որ հնարավոր է առաջիկայում գնան ընկերությունները փակելու ճանապարհով:
Մեր այն հարցին, թե տնտեսվարողները որքանով կարող են արդարացի բողոք արտահայտել այս խնդրի վերաբերյալ՝ Գևորգ Պապոյանը նշեց. «Որոշակի ռիսկեր իհարկե կան, քանի որ հազարավոր մարդիկ են ոլորտներում աշխատում, հարկեր են վճարվում, դա է պատճառը, որ մենք ոչ թե կողմնակից ենք դրանք փակելուն, այլ ՀՀ քաղաքացիների խաղալու հնարավորությունը սահմանափակելուն»: