Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Դենիել Քիզի «Ծաղիկներ էլջերնոնի համար», Ռիչարդ Բախի «Ջոնաթան Լիվինգսթո ճայը», Ջորջ Օրուելի «1984», «Անասնաֆերմա», Մարկ Լևիի «Պարոն Դալդրիի տարօրինակ ճամփորդությունը» և «Ինչքան բան ունեինք իրար ասելու»»,- Zarkerak.am-ի հետ զրույցում «Անտարես» հրատարակչության գլխավոր խմբագիր, գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը թվարկում է վերջին շրջանում ամենամեծ պահանջարկ ունեցող արտասահմանյան գրքերը:
_1739953148.jpg)
Փետրվարի 19-ը՝ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը գիրք նվիրելու օրն է:
Արքմենիկ Նիկողոսյանի դիտարկմամբ` անկախ թրենդներից այսօր գրատների դարակաշարերից նվերի լավ տարբերակ կդառնան մեծ պահանջարկ ունեցող՝ Էլիֆ Շաֆաքի «Ստաբուլի բիճը», «Սիրո 40 կանոնները », Ջեյն Օսթինի «Հպարտություն և նախապաշարմունքը», Միլան Կունդերայի «Կեցության անտանելի թեթևությունը», Օրհան Փամուկի «Իմ անունը կարմիր է»-ն, Խավիեր Մարիասի «Այնքան սպիտակ սիրտը»: Պատանեկան գրքերից էլ՝ Ռոալդ Դալի «Չարլին և շոկոլադի գործարանը», «Մեծ բարի հսկան», Մարկ Տվենի «Թոմ Սոյերի արկածները», «Ռոբին Հուդ»-ը :
«Հատկանշական է, որ Հայաստանում վերջին 10 տարիներին շատ վաճառվում է «Ալքիմիկոսը» և ամեն տարի առաջատարների թվում է»,- նշում է մեր զրուցակիցը:
Արքմենիկ Նիկողոսյանը, վերլուծելով ներկա միտումները, նշում է, որ ՀՀ-ում շատ լավ են վաճառվում գրքերը, որոնք լավ գովազդվում են և առաջխաղացվում՝ մարքեթինգային գործիքներով.«Շատ բան վաճառվում է նաև մեր ընթերցողների չպատրաստվածության հաշվին: Ցավոք, տարիների ընթացքում դեռ չենք ձևավորել շատ գիտակից ընթերցողական դաշտ, որը գրքերը կընտրի՝ հաշվի առնելով կարևոր բազմաթիվ կոմպոնենտներ՝ այլ ոչ միայն «մոդան»: Հայաստանում գեղարվեստակաան գրականությունից բացի, շատ լավ վաճառվում են մոտիվացիոն գրքերը, դրանց շատ վաճառքն, իմ կարծիքով, ավելի շատ արդյունք է՝ ոչ թե հանճարեղության կամ լավը լինելու, այլ՝ մեր հասարակության զգալի մասի ձգտումների՝ լինել կայացած մասնագետ, և թվում է թե 1-2 նման գիրք կարդալով կարող են դառնալ այդպիսին»:

Արքմենիկ Նիկողոսյան
«Կուզեենայի, որ ընթերցողը գնար ոչ միայն դեպի անուններ, դեպի գովազդներ, այլ հստակ փորձեր տարբերակել լավ ու վատ գրքերը: Այսօրվա երիտասարդները շատ քիչ են սեփական ուժերով ընտրում գիրքը, ավելի շատ առաջնորդվում է խորհուդներով և շատ հաճախ էլ հիասթափվում են, երբեմն շատ գովազդվող, իրենց հետևից շատ մարդկանց տանող գրքերը, որպես կանոն, այդքան էլ լավը չեն լինում և հատկապես գրքի հետ առաջին անգամ հարաբերվողները կարող են հիասթափվել»:
Ինչ վերաբերում է ընթերցանության հանդեպ հանրային հետաքրքրությանը՝ Նիկողոսյանը նշում է.«Հինգ տարի առաջ երիտասարդների՝ կարդալու մասին հարցն այլևս ակտուալ չէր, որովհետև հենց երիտասարդներն էին կարդում, տասը տարի առաջ մի քիչ ակտուալ էր, որովհետև նոր-նոր էին սկսել կարդալ: Այս պահի դրությամբ երիտասարդ համարվողները իմ կարծիքով զիջում են հինգ տարի առաջվա երիտասարդներին իրենց ընթերցանության մակարդակով, ընդ որում՝ նաև դպրոցականներ են զիջում, որովհետև մի քիչ ուրիշ իրավիճակ ու պայմաններ են: Հիմա երբ շատ բաներ դարձել են սովորական, մեզ գուցե չբավարարի այսօրվա ընթերցանության մակարդակը»:

«Հայաստանում միջին վաճառվով գրքի տպաքանակը դեռս 1000-ի չի հասնում, թեև ունենք որոշ գրքեր, որոնց տարեկան վաճառքը հասնում է 4-5 հազարի», - ասում է Արքմենիկ Նիկողոսյանը, նկատում է, որ այս պարագայում մեծ հրատարակչությունների համար ոլորտի շահութաբեր լինելը պարզապես լեգենդ է.«Ես շատ կուզեի, որ գար ժամանակ, երբ հայ ժամանակակից գրողների գրքերը վաճառվեին որպես բեսթսելեր՝ 3-5 հազար օրինակով»:
Բայց և ուրախությամբ նկատում է, որ տարեց տարի լավ վաճառքներ են արձանագրում ժամանակակից հայ գրողների գրքերի մասով.«Պատանեկան գրքերի շրջանակում ունենք բացառիկ առաջատար՝ Արտավազդ Եղիազարյանի «Վիշապաքարի գաղտնիքը» վեպը: Ունենք նաև ավանդական բեսթսելերներ՝ Գրիգի «Հիսուսի կատուն», Հովիկ Աֆյանի բոլոր գրքերը, հատկապես՝ «Կարմիրը», անցած տարի լավագույն վաճառքներն է ունեցել Աշոտ Ստեփանյանի «Քաղաքը քեզ կսպասի» գիրքը, պոեզիայի գրքերից էլ ՝ Հուսիկ Արայի «Եվ սերն ասաց» ու «Երբ սիրում եմ քեզ» գրքերը»»:
_1739953720.jpg)
Իհարկե ըստ նրա՝ հայ ժամանակակից գրողների հանդեպ կարելի է ավելի մեծ ուշադրություն ակնկալել.«Շատ մեծ աշխատանք է տարվում այդ ուղղությամբ, ի տարբերություն նախորդ շրջանների, երբ կար տպագրման խնդիր, փորձում ենք այնպես անել, որ հայ գրողի ոչ մի լավ գիրք չմնա «գզրոցներում»: Ես չեմ պնդի, թե շատ գոհ եմ այսօրվա պրոցեսներից, բայց հաշվի առնելով առկա շարժերը, հետաքրքրությունը, կարծում եմ՝ լավագույնը դեռ առջևում է», - եզրափակեց Արքմենիկ Նիկողոսյանը:

Zarkerak.am-ի հետ զրույցում նշեց «Զանգակ» գրատան մարքեթինգի և հանրային կապերի բաժնի ղեկավար Աստղիկ Օհանյանը նշեց, որ գրքերի վաճառքների տվյալները թույլ են տալիս ենթադրել, որ վերջին հինգ տարիները անկախության շրջանի լավագույն շրջանն են գրավաճառության համար: «Մեր օրինակով կարող ենք ասել, որ տպագրվող գրքերի թիվն ամեն տարի աճում է, աճում է նաև ինչպես հավատարիմ, այնպես էլ նոր հաճախորդների թիվը»։

Աստղիկ Օհանյան
Ըստ նրա՝ կարդացողների հստակ տարիքային խումբ դժվար է առանձնացնել ու տարիքային սահմանափակում դնելն այնքան էլ ճիշտ չէ: Բայց և նշում է՝ կան գրքեր, որ անկախ ընթերցողի տարիքից սիրելի են դարձել անցած տարվա ընթացքում.«Գեղարվեստական գրականությունը միշտ ամենամեծ պահանջարկն ունի, վերջին մեկ տարում ամենաշատ վաճառված գրքերից է Մյուրիել Բարբերիի «Ոզնու նրբագեղությունը» և Էլիզաբեթ Գիլբերթի «Ուտել, աղոթել, սիրել» գրքերը»: Դետեկտիվներն էլ ամենավաճառվածներից են՝ հատկապես Ագաթա Քրիստիի գրքերը, Շերլոք Հոլմսի մասին պատմող գրքերը: 2025-ի լավագույն վաճառքներում է նաև Պաոլո Սորենտինոյի «Բոլորն իրավացի են» գիրքը՝ ինչը պայմանավորում են հատկապես հեղինակի հայտնիության հետ: Լավ վաճառքներ ունեն նաև բիզնեսի, մենեջմենթի, մոտիվացիոն տարրեր պարունակող, նոն-ֆիքշն գրքերը»:
_1739953934.jpg)
«Հատկապես վերջին 3-4 տարիների ընթացքում հատուկ ուշադրություն է ձևավորվել հայ ժամանակակաից գրականության հանդեպ: Իրականում, շատ ուզում ենք, որ հատկապես հայ գրականությունը լավ վաճառվի, քանի որ մեր գրականությունը էլ որտեղ պետք է վաճառվի, եթե ոչ Հայաստանում: Ունենք հեղինակ հայ գրականությունից ՝ Ռուբեն Եսայան, որի երկու գրքերը վերջին երկու տարվա ընթացքում բացարձակ բեսթսելեր են, ոչ միայն հայ գրականության շրջանակում, այլ նաև ընդհանրապես այդ շրջանում վաճառված գրքերի ցանկում»:
Աստղիկ Օհանյանը նկատում է, որ գիրք գնելիս, նաև նվեր ընտրելիս հաճախորդները մի քանի սկզբունքներով են առաջնորդվում՝ ժանրեր, սյուժեի ուղղվածություն.«Ունենք հաճախորդներ, որոնք հատուկ նախընտրություններով են գալիս, դրա վրա ազդում է գովազդը, գրքի մասին շատ խոսելը, մարքեթինգային արշավները: Նաև նկատել եմ, որ նվեր գնողների մեծամասնությունը վստահում է խորհրդատուի ճաշակին»:
Մեր զրուցակցի խոսքով այսօր բավական լայն տարածում են գրքի հետ շփվելու այլընտրանքային տարբերակները.«Երբ խոսում ենք ընթերցանության մասին, ձևն այնքան էլ էական չէ՝ կլինի ֆիզիկական գրքով, աուդիոգիրք լսելով, թե էլեկտրոնային՝ դրանից ընթերցանությունը չի տուժում: Իհարկե, նկատում ենք մեծ պահանջարկ այս եղանակների հանդեպ, որը հայկական դաշտում ամբողջովին բավարարել դեռ չի ստացվում» :

Ըստ նրա, միևնույն է, կան մարդիկ, որոնց համար հրատարակված գիրքը շոշափելու զգացողությունն առաջնային է.«Կարող ենք նկատել, որ ամեն մի ձևն ունի իր առանձնահատկությունը՝ ըստ նախընտրության կարող ես վայելել այդ ձևի մեջ, լսելն էլ իր յուրահատկությունն ունի: Վստահ եմ ՝ աուդիոգրքերի, էլեկտրոնային գրքերի տարածումը ոչ միայն չի խանգարելու հրատարակված թղթային տարբերակի վաճառքին, այլ նաև նպաստելու է, որ ավելի շատ մարդիկ կարդան գրքեր, և ինչու՝ ոչ թղթային տարբերակով: Փորձը ցույց է տալիս, որ շատ մարդիկ կան, որ այդ տարբերակներից հետո ցանկություն են հայտնում գիրքը ֆիզիկապես ձեռք բերել» :
_1739953408.jpg)
_1739953958.jpg)


