Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Հայաստանում աղջիկ/տղա նորածինների համամասնությունը վերջին տարիներին հետևյալն է ՝ 2015-ին՝ 100/112.7, 2020-ին՝ 100/110, 2024-ին՝ 100/109,9: Այս մասին ի պատասխան Zarkerak.am-ի հարցման հայտնեցին Առողջապահության նախարարությունից:

«Աշխարհում սեռերի հարաբերակցության լավագույն ցուցանիշն է` 105 ծնված աղջկա համամասնությամբ 100 ծնվող տղան: ՀՀ-ում բավական շեղումներ ունենք՝ տարբեր տարիներին տարբեր դրսևորումներով: 1990-ականներից սկսած ցուցանիշի էական շեղում ենք ունեցել 100 ծնվող աղջիկը 120 ծնվող տղայի հարաբերակցությամբ: Մինչդեռ 2020-2021թթ-ին լավագույն ցուցանիշներ ենք ունեցել՝ 100 ծնվող աղջկա հարաբերակցությամբ 108 ծնվող տղա: Ցավոք, 2023-ից սկսած էլի սկսել ենք բացասական շեղում նկատել»,- մեզ հետ զրույցում ասաց ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գենդերային ծրագրերի ղեկավար Թագուհի Հարությունյանը:

Թագուհի Հարությունյան
«Նորածինների սեռերի համամասնության քանակական պատկերով ունենք բացասական դինամիկա: Քանակական և որակական վերլուծությունները փաստում են՝ Երևանում և մարզերում բացասական դինամիկա է գրանցվել կապված սեռերի հավասար նախապատվության հետ: Որոշ մարզերում առավել նախապատվությունը տալիս են տղաներին, մեկ այլ մարզում՝ աղջիկներին, ինչն իրականում ևս շեղում է համարվում՝ հավասար վերաբերմունքի առկայության ընդհանուր չափորոշչից:» :
Մեր զրուցակցի խոսքով, թեման շարունակում է մնալ մտահոգիչ.«Ընդ որում ծնվող առաջին երեխայի պարագայում մեր ցուցանիշները գրեթե մոտ են իդեալականին բայց արդեն 3-րդ և 4-րդ երեխայի պարագայում բնականոն չափորոշիչներից առկա շեղումները ակնհայտ դրսևորվում են»:
Հայաստանում սելեկտիվ աբորտների վերաբերյալ վերջին հետազոտությունն արվել է 2022թ-ին ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից և ՕքսԵՋեն հիմնադրամի աջակցությամբ: Հարությունյանի խոսքով՝ դեռ չկա հետազոտություն, թե ինչու է 2023-ից սկսած նորածինների սեռերի անհամամասնությունն աճել, իհարկե կարելի է վարկածներ առաջ քաշել, չի բացառում՝ գուցե 2020-ի 44-օրյա պատերազմն էլ այս հարցում իր դերն ունեցել է:
«Շարունակում են առկա լինել կարծրատիպային, մշակութային մոտեցումներ՝ սեռի վերաբերյալ նախապատվության դրսևորումներով: Շատերը հակված են տղա ունենալ անվտանգային, սոցիալ-տնտեսական պատճառներով: Առկա է նաև զարգացած տեխնոլոգիաների գործոնը, որը հնարավորություն է տալիս բավական վաղ փուլում որոշակիացնել երեխայի սեռը՝ դրանից բխող հետևանքներով:
Մեկ այլ ուսումնասիրությամբ էլ՝ այն անհամամասնությունը, որ առկա է երեխաների ծնվելու պահին, շեղվում է հակառակ ուղղությամբ վերարտադրողական տարիքումմ երբ անվտանգային, սոցիալ-տնտեսական պատճառները նպաստում են երկրից տղամարդկանց միգրացիոն հոսքին»:
2021-ի Գենդերային խզման գլոբալ զեկույցի համաձայն սեռերի անհամամասնությամբ աչքի են ընկնում առավելապես Մերձավոր Արևելքի, Հյուսիսային Աֆրիկայի երկրները, իսկ ամենացածր անհամամասնությամբ՝ Արևմտյան Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի երկրները: Համաձայն նույն զեկույցի, սեռով պայմանավորված հղիության ընդհատումների ցուցանիշով ՀՀ-ն 153 երկրների շարքում 98-րդ տեղում է, Վրաստանն ու Ադրբեջանը՝ 74-րդ ու 94-րդ:

Հարությունյանը համոզմունք հայտնեց, որ վերջին տարիներին այս թեմայի լայնածավալ բարձրաձայնումը որոշակի փոփոխություններ է մտցրել հանրային մտածելակերպում, թեև այս պահին մեծամասշտաբ ծրագրեր չեն արվում.«Փորձել ենք խնդրին անդրադառնալ և իրավական դաշտը կատարելագործելով, և կրթական բլոկում բավականաչափ հիմնարար առաջարկություններ և գործողություններ անելով: Վերապատրաստման ծրագրեր են իրականացվել բուժաշխատողների, սոցիալական, մեդիա ոլորտի աշխատողների հետ, խնդրին անդրադառնալով իրազեկման արշավներով՝ կարծատիպերը և պատկերացումները փոխելու տեսանկյունից: Այս գործոնների միաժամանակյա կիրառումը որոշակի դրական դինամիկա է ապահովել: Դրական ցուցանիշը պահելու համար պետք է շարունակել նույն տեմպով աշխատանքներ իրականացնել»:
Հայաստանի Հանրապետությունում գործող օրենսդրությունն արձանագրում է, որ հղիության ընդհատումը թույլատրելի է մինչև հղիության 12-րդ շաբաթը՝ կնոջ գրավոր դիմումի համաձայն, իսկ 12-ից 22-րդ շաբաթներում արհեստական ընդհատումը թույլատրելի է միայն ըստ բժշկական ցուցումների, որոնց ցանկը սահմանված է կառավարության համապատասխան որոշմամբ, նաև չի թույլատրվում հայտնել երեխայի սեռը մինչև 12-րդ շաբաթականը:
Արդյոք օրենքը խախտելու ձևեր քաղաքացիներն ու բժիշկները չեն գտնում, կա՞ այս առումով արված որևէ հետազոտություն.
«Համարժեք հետազոտություն չունենք, որ կարողանանք հստակ փաստել: Մի բան է ունենալ լավ կարգավորումներ, մեկ այլ բան՝ ունենալ վերահսկողության մեխանիզմ կամ բարձր իրավագիտակցություն դրանք պահպանելու համար: Գործող օրենսդրական կարգավորումներն այնպիսին են, որ ունեն սահմանված նորմեր և դրանց վերահսկող մեխանիզմներ, բայց թե պրակտիկայում ինչ չափով են պահվում,այլ հարց է»:

Այս հարցն ուղղեցինք նաև Առողջապահության նախարարությանը, մեզ հորդորեցին դիմել Առողջապահության և աշխատանքի տեսչական մարմին(Zarkerak.am-ը հարցում է ուղարկել տեսչական մարմին, արդյունքների մասին՝ քիչ ուշ):
Տեղեկացրեցին, որ ՀՀ քեական օրենսգրքով սահմանվում է, որ համապատասխան բժշկական բարձրագույն կրթություն ունեցող անձի կողմից հղիության ապօրինի արհեստական ընդհատում կատարելը պատժվում է տուգանքով` առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով` ութսունից հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով:
Թեև նախարարությունից չմեկնաբանեցին, թե սելեկտիվ աբորտների առումով իրավիճակը որքանով է մտահոգիչ, բայց և նշեցին՝ ծրագրեր արվել և արվում են.«Իրականացվել է «Պտղի սեռի խտրական ընտրության կանխարգելման 2020-2023 թվականների ծրագիրը և ծրագրի իրականացման միջոցառումների ցանկը», որի շրջանակներում Առողջապահության ազգային ինստիտուտի փորձագիտական խմբի կողմից մշակվել է «Պտղի սեռով պայմանավորված խտրական ընտրության կանխարգելումը՝ բուժաշխատողների վերաբերմունքի փոփոխության և խորհրդատվական հմտությունների բարելավման միջոցով» ուսումնական ձեռնարկը, որը դասավանդվել է Երևանում և 4 մարզերում: 2024-ին նույնպես, որպես նախորդ տարիներին պտղի սեռի խտրական ընտրության կանխարգելման մեծածավալ աշխատանքների շարունակություն, իրականացվել են հանրային իրազեկման աշխատանքներ, որոնք կշարունակվեն նաև 2025 թվականի ընթացքում»:
Սեռով պայմանավորված հղիությունը կնոջ ազատ կամքի իրացու՞մ, թե՞ մեկ այլ կնոջ կյանքի իրավունքի ոտնահարում
«Նման միտում կա՝ ես պատրաստ եմ երեխա ունենալ, բայց ոչ աղջիկ. կինը խտրականության է բախվում դեռ չծնված» ,- Zarkerak.am-ի հետ զրույցում այս մասին ասաց լրագրող, բլոգեր Զառա Ղազարյանը:
_1741256658.jpg)
Զառա Ղազարյան
«Սեռը պարզելու հետևանքով աշխարհում վերջին 50 տարում 23 միլիոն աղջիկ չի ծնվել: Ըստ իս, սահմանված ժամկետից շուտ ուլտարաձայնային հետազոտությամբ սեռն ասելու երևույթը դեռ կա մեր իրականության մեջ, ՀՀ-ում ունենք վիճակագրություն, որ 2012-2022-ին 4591 աղջիկ չի ծնվել: Բավական տխուր թեմա է, երբ ընտանիքն ասում է՝ մենք ամեն առումով պատրաստ ենք երեխա ունենալ, բայց չենք ուզում աղջիկ երեխա ունենալ: Այստեղ խոսքը բնավ կնոջ իրավունքն իրացնելու մասին չէ»:
Եվ թեև հաճախ ենք լսում, որ աղջիկ երեխաներին հայրիկները հատուկ են վերաբերվում, ըստ Զառայի «գենդեր փարթիներին» որոշ հայրիկների դեմքի արտահայտությունը հուշում է՝ նախապատվություն են տալիս տղաներին.«Բայց եթե աղջիկ չլինի ինչպե՞ս է ազգը շարունակվելու»:


