Ղեկավարը սեռ չունի, նա ունի ասելիք ու գործ. ինչպիսինն է Գլխավոր դատախազն աշխատանքից դուրս և ինչ կնվիրեր Մարտի 8-ին կանանց Zarkerak - Ղեկավարը սեռ չունի, նա ունի ասելիք ու գործ. ինչպիսինն է Գլխավոր դատախազն աշխատանքից դուրս և ինչ կնվիրեր Մարտի 8-ին կանանց
Zarkerak Zarkerak - Ղեկավարը սեռ չունի, նա ունի ասելիք ու գործ. ինչպիսինն է Գլխավոր դատախազն աշխատանքից դուրս և ինչ կնվիրեր Մարտի 8-ին կանանց
Ղեկավարը սեռ չունի, նա ունի ասելիք ու գործ. ինչպիսինն է Գլխավոր դատախազն աշխատանքից դուրս և ինչ կնվիրեր Մարտի 8-ին կանանց

Ղեկավարը սեռ չունի, նա ունի ասելիք ու գործ. ինչպիսինն է Գլխավոր դատախազն աշխատանքից դուրս և ինչ կնվիրեր Մարտի 8-ին կանանց

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Zarkerak.am-ը պատասխանատու պաշտոն զբաղեցնելու, կանանց հիմնական խնդրիների, հայ հասարակությունում կնոջ կերպարի, Մարտի 8-ի և այլնի շուրջ զրուցել է Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հետ։

-Որո՞նք եք համարում հայ հասարակությունում կանանց հիմնական խնդիրները, որքանո՞վ եք Ձեզ ֆեմինիստ համարում։

-Հայ հասարակությունում կնոջ հիմնական խնդիրը կարծրատիպն է: Կարծրատիպ, որը ձևավորվել է նրա կերպարին ու առաքելությանը ոչ համապատասխան և տարիների ընթացքում հանգեցրել հասարակության մեջ ու ընտանիքում կնոջ ստվերային դերի:

Հայ կնոջ ուժեղ ելակետը հասարակության կողմից նրան ներկայացվող խիստ պահանջներն են, որոնք կոփում են կամային հատկանիշներ: Ճիշտ է, շատ դեպքերում հայ կինը պետք է կրկնակի ջանք գործադրի՝ իր մասնագիտական ունակություններն ապացուցելու և հասարակությունում ղեկավար դիրք զբաղեցնելու համար, սակայն այդ ջանքի շնորհիվ կնոջ մոտ ձևավորվում են այնպիսի որակներ, ինչպիսիք են զսպվածությունը, ստրատեգիական մտածողությունը, համբերությունը և ապրումակցման կարողությունը։ Այս հատկանիշները ժամանակակից աշխարհում ղեկավարի համար հիմնարար նշանակությունն ունեն:

Տարբեր հարցազրույցներում նույն հարցի կապակցությամբ նշել եմ, որ «իզմ»-ով ավարտվող որևէ տեսության կողմնակից չեմ: Բացասաբար եմ վերաբերվում սեռով պայմանավորված դրական խտրականությանը, կարևոր եմ համարում հմտությունների, որակների և արարքների արդար գնահատականը՝ անկախ սեռից։ Աշխատանքում ինձ համար չկան սեռով պայմանավորված կարծրատիպեր:

-Հաճախ գլխավոր դատախազի կերպարն ասոցացվում է տղամարդու հետ, հե՞շտ է կոտրել այս կարծրատիպը և ինչպե՞ս եք համատեղում մի կողմից կանացիությունը, մյուս կողմից բարդ ու պատասխանատու ոլորտ ղեկավարելը։

-Կարծրատիպերը փոխվում են արարքներով և ոչ թե բառերով։ Կարծրատիպերը «փլվում» են, երբ բախվում են մասնագիտական որակներին, սկզբունքայնությանը և հետևողական աշխատանքով կերտված արդյունքներին: Ղեկավարը սեռ չունի, նա ունի ասելիք ու գործ: Ղեկավարը կարող է լինել կանացի, կանացիությունը չի հակասում կամային որակներին: Կամային որակները բարձր ձայնի ու բռունցքով հարթ մակերեսին հարվածելու մասին չեն, կամային որակները մարդկանց քո տեսլականի հետևից տանելու տաղանդի մասին են:

-Ուսադիրներ կրելը որքանո՞վ է երազանք եղել Ձեզ համար, աշխատանքի ավարտից հետո հե՞շտ եք կարողանում «ազատվել» համազգեստից։

-Իմ երազանքները երբեք կապված չեն եղել պաշտոնի, կոչման կամ ուսադրի հետ: Գլխավոր դատախազի պաշտոնը պատասխանատվություն է առաջին հերթին ինքս իմ ու հայրենիքիս առաջ, ապա՝ ընտանիքիս ու նախնիներիս առաջ, ապա՝ հասարակության և հատկապես ինձանից հետո այս պաշտոնին հավակնող բոլոր կանանց առաջ: Իսկ համազգեստ կրելը պատիվ է:

Իմ հրամանով դատախազներին հանձնարարված է պաշտոնեական պարտականություններն իրականացնելիս մշտապես լինել համապատասխան հագնվածքով, իսկ դատական նիստերին ներկայանալ բացառապես դատախազի համազգեստով: Դատախազի՝ մշտապես պատշաճ հագնվածքով, իսկ պաշտոնեական պարտականություններն իրականացնելիս համազգեստով ներկայանալը, ի թիվս այլնի, Դատախազության հեղինակության վրա ազդող, դատախազի վերաբերյալ հանրային ընկալումը դեպի դրականը փոխող գործոն է:

-Ոլորտում կա կանանց ներգրավվածության խնդիր, ի՞նչ քայլեր են արվում դատախազների և այլ պաշտոններում կանանց շրջանում մասնագիտության հանդեպ հետարքրքությունն ավելացնելու համար: Կարծում եք հայ կնոջ կարծրացած կերպարը խանգարո՞ւմ է այս ոլորտներում առաջխաղացմանը։

-Դատախազության համակարգում կանանց ներգրավվածությունը տարեցտարի մեծանում է: Այս հարցի կապակցությամբ իմ մոտեցումը հետևյալն է՝ կանայք առաջխաղացում են ստանում իրենց մասնագիտական ու մարդկային որակների և ոչ թե սեռով պայմանավորված խտրականության հիմքով: Դատախազությունում բոլորը գիտեն, որ առաջխաղացման հնարավորություն տրված է պրոֆեսիոնալ, աշխատասեր, բարեվարք, սրտացավ, իր առաքելությանը նվիրված յուրաքանչյուր մասնագետի՝ անկախ սեռից: Գլխավոր դատախազի տեղակալներից մեկը կին է, Գլխավոր դատախազության վարչություններից երկուսը կին են ղեկավարում: Դատախազության կողմից հայտարարվող մրցույթներին կանայք ավելի շատ են դիմում և հաղթահարում պաշտոնի նշանակման համար անհրաժեշտ շեմը:

-Ինչպե՞ս կարելի է տեսնել Աննա Վարդապետյանին աշխատանքից դուրս՝ խոհանոցում, սպորտում, ի՞նչ հետաքրքրություններ ունեք։

-Աշխատանքից դուրս ինձ տեսնել գրեթե անհնար է և դա իմ գիտակցված ընտրությունն է: Հետաքրքրություններն ու նախասիրություններն իմ օրակարգի չնչին մասն են կազմում: Ազատ րոպեները նվիրվում են ընտանիքին, ընթերցանությանն ու Հայաստանի որևէ անկյունում զբոսանքին, որպես կանոն՝ հասարակության համար աննկատ զբոսանքին:

-Ամենամեծ խոչընդոտը, որ եղել է Ձեր մասնագիտական գործունեության ընթացքում, ավելի շատ խանգարել են տղամարդի՞կ, թե՞ կանայք և արդյոք զգացել եք ընտանիքի աջակցությունը, թե ստիպված եք եղել ընտանիքում էլ պայքարել կարիերայի համար։

-Բոլոր խոչընդոտները մեր գլխում են: Ես բնավորության մի գիծ ունեմ, որը հաճախ քննադատվում է՝ ես համառ եմ: Ու այդ հատկանիշը դրսևորվում է այն պահին, երբ ինձ առանց որևէ փաստարկի կամ ողջամիտ հիմնավորման ասում են «չի ստացվի»:

Խոչընդոտում են վախից ու այն պահին, երբ ես դա հասկացա, հերթական խոչընդոտը հաղթահարելը դարձավ մասնագիտական մարտահրավեր: Իսկ ընտանիքիս աջակցությունը միշտ եմ զգացել և զգում. առանց դրա՝ հաջողել հնարավոր չէ։

-Կա՞ն սկզբունքներ, որոնք անկախ մասնագիտությունից երբեք չեք խախտի, որո՞նք են դրանք։

-Ուրիշի հանդեպ այսօր չանել այն, ինչը ինձ է թևաթափ արել նախկինում:

-Կնոջ կերպար, ում միշտ ձգտել եք նմանվել կամ ոգեշնչման աղբյուր է եղել։

-Իմ հիացմունքն այն կանանց է ուղղված, ովքեր ներդաշնակ երկխոսություն ունեն իրենց գլխում «բնակվող» բոլոր հույզերի ու մտքերի հետ, ովքեր ամեն օր կերտում են իրենց հոգին՝ համբերատար անցնելով իրենց կյանքի ճանապարհին հանդիպող բոլոր փորձությունների միջով, ովքեր իրենց ցավն իմաստնություն ու խոհեմություն են դարձնում և ունակ են ապրումակցել:

-Եթե հնարավորություն ունենայիք Մարտի 8-ին հայ կանանց նվիրել մեկ բան՝ դա ինչը կլիներ, ի՞նչը կփոխեիք կանանց մտածելակերպում։

-Եթե հրաշքով հնարավոր լիներ նման նվեր անել, ապա ես ոչ միայն հայ, այլ բոլոր կանանց վախերից ազատ մտածողություն կնվիրեի:

-Կարևորո՞ւմ եք Մարտի 8-ին նվեր ստանալը, եղել է, որ ստացել եք հենց Ձեր ակնկալածը և ինչպե՞ս եք նշում տոնը։

-Սիրում եմ նվիրել, իսկ այսօր ինձ համար աշխատանքային օր է:

 

Աննա Բզնունի

 

08 Մարտ, 2025 12:00
Վեր