Քրդերը մոտ կես դար տևած զինված պայքարից հետո ընտրեցին խաղաղությունը, որոշեցին զենքերը վայր դնել և խոսել ոխերիմ թշնամիների՝ թուրքերի հետ։
Ավելի քան տասը միլիոնանոց քրդերը, որոնք տասնամյակներ շարունակ արյունոտ պայքար էին մղում թուրքերի դեմ, որոշեցին երկխոսության ճանապարհով հարթել այն կնճիռները, որոնք առկա են իրենց և թուրքերի միջև։
Քրդերը, ի տարբերություն այն հայերի, որոնք դեռ 21-րդ դարում շարունակում են գոռալ «մահ, կամ ազատություն», կարողացան ճիշտ ընկալել ժամանակը և աշխարհում իրենց տեղը որոշեցին գտնել ոչ թե զինված պայքարով, այլ խոսքով։
Ի տարբերություն ավելի քան 10 միլիոնանոց քրդերի, հայերը, մասնավորապես դաշնակցական էլիտան և սփյուռքի որոշ կառույցներ, շարունակում են Թուրքիայի դեմ սուր ճոճել։ Ընդորում, սուր ճոճելու, «նեմեսիս» անելու հրաման տվողները կամ նստած են Հայաստանի տաքուկ սրճարաններում, կամ Եվրոպայի և Ամերիկայի ապահով վայրերում։ Հենց այդ ապահով անկյուններից էլ մեր ժամանակների «հայդուկները» հրամայում են, որպեսզի մոտ 3 միլիոն բնակչություն ունեցող Հայաստանը, որն ավելի քան 200 տարի թուրքական սպառնալիքի տակ է ապրել և ամենաշատն է իր մաշկի վրա զգացել թուրքական սպառնալիքը, շարունակի մատ թափ տալ 70 մլն բնակչություն ունեցող Թուրքիայի դեմքին։
Ստամբուլը «արյան ծով» դարձնելու մասին խոսում են ուժեր, որոնք հարկ եղած դեպքում կամ կծլկեն, կամ առվազն հեռվից կհետևեն հերթական արյունահեղությանը։
Այդ ուժերը սեփական հայրնեիքի խաղաղ գոյատևումը ստորադասում են արյունոտ պայքարին։ Նրանք գերադասում են խաղաղ ապրել այլ երկրներում, բայց սեփական հայրենիքը միշտ պահել «կրակի» մեջ։
Այսօր աշխարհը թեպետ պատերազմների մեջ է, սակայն միևնույն ժամանակ, հատկապես փոքր պետություններն ու ժողովուրդները ձգտում են խաղաղության։ Ձգտում են, որովհետեև հասկանում են, որ, երբ խոշորները կռվում են՝ տուժում են միշտ փոքրերը։ Հատկապես այն փոքրերը, որոնք 21-րդ դարում դեռ «Նեմեսիսի» պատրանքով են ապրում։
Մկրտիչ Իսրայելյան
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։