ՌԴ-ն չի շտապում  խաղաղության գնալ Ուկրաինայի հետ, նա ավելի է մեծացնելու ճնշումը ռազմադաշտում․ Արմեն Պետրոսյան Zarkerak - ՌԴ-ն չի շտապում խաղաղության գնալ Ուկրաինայի հետ, նա ավելի է մեծացնելու ճնշումը ռազմադաշտում․ Արմեն Պետրոսյան
Zarkerak Zarkerak - ՌԴ-ն չի շտապում խաղաղության գնալ Ուկրաինայի հետ, նա ավելի է մեծացնելու ճնշումը ռազմադաշտում․ Արմեն Պետրոսյան
ՌԴ-ն չի շտապում  խաղաղության գնալ Ուկրաինայի հետ, նա ավելի է մեծացնելու ճնշումը ռազմադաշտում․ Արմեն Պետրոսյան

ՌԴ-ն չի շտապում խաղաղության գնալ Ուկրաինայի հետ, նա ավելի է մեծացնելու ճնշումը ռազմադաշտում․ Արմեն Պետրոսյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Ուկրաինական վերջին շատ հաջողված հատուկ գործողությունն արդյունք էր Ուկրաինա-Արևմուտք նաև ռազմական ոլորտում համագործակցության շարունակականության։ Ռուսական կողմը որոշակի առումով կարծես թե ավելի թուլացրել է զգոնությունը՝ կարծելով թե փաստացի ԱՄՆ-ի տարբերվող դիրքորոշումն Ուկրաինայի մյուս դաշնակիցներից կարող է ազդել Ուկրաինայի դիմադրողականության վրա, սրա հետևանքն էր տեղի ունեցած բավականին հաջող գործողությունը»,- Zarkerak.am-ի հետ զրույցում անդրադառնալով վերջին օրերին ուկրաինական կողմի Ռուսաստանի մի քանի ռազմական օդանավակայանների վրա հարձակմանը՝ ասաց արևելագետ Արմեն Պետրոսյանը։

Խոսելով Ստամբուլում կայացած ռուս-ուկրաինական բանակցությունների մասին՝ Պետրոսյանը նշեց․«Բնականաբար, նաև այս հարձակումը կարող էր ազդել բանակցությունների վրա, ինչին և ականատես եղանք, այսինքն՝ կողմերը մեծ հաշվով որևէ կարևոր, սկզբունքային պայմանավորվածությունների չհանգեցին։ Ակնհայտ է՝ ՌԴ-ն չի շտապում  խաղաղության գնալ Ուկրաինայի հետ՝ ունենալով այն հաշվարկները, թե ԱՄՆ-ի դիրքորոշման պատճառով հնարավոր է Ուկրաինայի դիմադրողականության նվազում, որը, բնականաբար, բացասաբար է ազդելու նաև Ուկրաինայի բանակցային դիրքերի վրա։ Մյուս կողմից տեսնում ենք, որ Ուկրաինան ևս այս պահին եղած իրողությունների պայմաններում չի շտապում գնալ խաղաղության վերջնական պայմանավորվածության, որովհետև դա մեծ հաշվով որևէ կերպ չի բխում Ուկրաինայի շահերից, բայց հատկապես Զելենսկիի վարչակազմի շահերից։ Ըստ էության, ի սկզբանե այս պատերազմի մեջ մտնելիս նրա հաշվարկները եղել են բոլորովին այլ, ուկրաինական կողմը հաշվարկել է  առնվազն գոնե կորցրած տարածքների վերադարձ, եթե ոչ Ղրիմի, այլ գոնե Դոնեցկի և Լուգանսկի հետ կապված, բայց ականատես ենք, որ ոչ միայն այդ ակնկալած տարածքները չեն կարողանում վերադարձնել, այլ նաև լուրջ տարածքային զիջումներ են ունենում»։

Ըստ Արմեն Պետրոսյանի՝ պարզ էր, որ բանակցություններն այսպիսի արդյունք պետք է ունենային․ «Այս պահին կողմերից յուրաքանչյուրը ձգտում է ցուցաբերել բավարար կառուցողականություն։ Կողմերը խորքային որևէ պայմանավորվածության չեն հանգել, բայց զուտ բանակցային գործընթացի հետ կապված որոշակի արդյունավետություն ցույց տալու նպատակով գոնե հումանիտար հարցում՝ գերիների հարցում, որոշակի տեղաշարժ եղել է»։

Անցկացված բանակցությունները Թուրքիայի նախագահ Էրդողանը նշանակալի է որակել, Պետրոսյանի խոսքով՝ այդ հայտարարությունը դիվանագիտական մեսիջ ունի․ «Թուրքիան առանցքային միջնորդն է այս պահին Ուկրաինա-Ռուսաստան բանակցային գործընթացում։ Չնայած բանակցությունների նվազագույն արդյունավետությանը՝ նրանք պետք է որպես միջոնդ, փորձեն դրական ֆոնն ապահովել։ Սա Թուրքիայի համար շատ կարևոր իմիջային նշանակություն ունի»։ 

Անդրադառնալով նաև ԱՄՆ-ի կողմից հնարավոր ճնշումներին՝ արևելագետն ընդգծեց․«Չեմ կարծում, որ ԱՄՆ-ն կարող է ՌԴ-ին ճնշել, պարզապես այս պահին Ռուսաստանի շահից է բխում ԱՄՆ-ի նման դիրքորոշման պահպանումը, այսինքն՝ որպես միջնորդ դիրքավորումը, որովհետև հակառակ պարագայում մենք ունենալու ենք այն պատկերը, որը կար Բայդենի վարչակազմի ժամանակ, այսինքն՝ միակողմանի աջակցություն Ուկրաինային։ Այս պայմաններում ՌԴ-ի շահերից է բխում, որպեսզի ԱՄՆ-ն շարունակի մնալ չեզոք, նա փորձելու է զարգացնել այս դիրքորոշումը։ Ռուսաստանը չի ցանկանում մարտադաշտում վերջին զարգացումների, այսինքն՝ նման ձախողման ֆոնին՝ գնալ հրադադարի։ Ռուսաստանն ավելի է մեծացնելու ճնշումը ռազմադաշտում՝ փորձելով վրեժխնդիր լինել տեղի ունեցած գործողության համար»։

 

Աննա Բզնունի

 

03 Հունիս, 2025 17:08
Վեր